«ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ» Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար Մայիսը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ, հաղթական ամիսներից մեկն է: 451 թվականի մայիս ամսին են հայերը ճակատամարտ մղել Ավարայրում, 1918 թվականի մայիսի 22-29-ին հաղթել են Սարդարապատում եւ Ապարանում, 1945 թվականի մայիսին խորհրդային զորքերի կազմում հաղթանակ են տարել ֆաշիստական Գերմանիայի դեմ, 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրել են Արցախի միջնաբերդ Շուշին: Մայիսյան հաղթանակների առթիվ ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ցուցասրահում բացվել է «Մայիսյան հաղթանակներ» գրքային ցուցահանդեսը: Այստեղ ցուցադրության են դրված Հմայակ Հարությունյանի «Ավարայրի ճակատամարտը» (1966 թ.), Հարություն Թուրշյանի «Սարդարապատի հերոսամարտը» (1965 թ.), Տիգրան Հայազնի «Ապարանի հերոսամարտը» (2005 թ.) գրքերը: 1918 թվականի հերոսամարտերին են նվիրված պատմական գիտությունների դոկտոր Համլետ Գեւորգյանի «Դրո», «Սեդրակ Ջալալյան», «Սեբաստացի Մուրադ», պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանիՙ Վանաձորի ճակատամարտում Գարեգին Նժդեհի մասնակցության մասին պատմող գրքերը: Առանձին շարքով ներկայացված են Արմո Մալխասյանի «Սովետական բանակի հայ գործիչները» գիրքը, մարշալ Հովհաննես Բաղրամյանի գրքերը, ավիացիայի մարշալ Արմենակ Խաներյանցի, Խորհրդային Միության ծովակալ (մարշալ) Հովհաննես Իսակովի, ավիացիայի գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի մասին պատմող գրքերը: Արցախյան ազատամարտի թեմային նվիրված գրականությունը ամենահարուստն է: Այստեղ ցուցադրրության են դրված «Ղարաբաղի ազատագրական պատերազմը. 1988-1994» հանրագիտարանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն», պատմական գիտությունների թեկնածու, Արցախի «Կաճառ» ակադեմիայի ղեկավար Մհեր Հարությունյանի «Արցախյան պատերազմի սկիզբը եւ Շուշիի ազատագրումը» (Ստեփանակերտ), Բենիկ Սիսյանի «Գետաշեն», Մովսես Ղազարյանի «Շահումյան-Գետաշեն. մաքառումների հազար օր», պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Արշակյանի «Մահ չիմացյալՙ մահ, մահ իմացյալՙ անմահություն», «Արցախյան գոյապայքար» եւ բազմաթիվ այլ գրքեր: Մայիսյան հաղթանակներին նվիրված ցուցադրությունը խիստ ուսուցողական է եւ ուսանողներին ու դասախոսներին ներկայացնում է թեմայի վերաբերյալ գրադարանում եղած գրականությունը: Գրադարանի ցուցասրահում առանձնակի տեղ է զբաղեցնում լուսանկարների ցուցադրությունը: Հայաստանի եւ Արցախի պետական ու զինվորական բարձրագույն կոչումների, զոհված հերոսների եւ հաղթանակի գեներալների լուսանկարների կողքին իրենց մեծաթիվությամբ աչքի են ընկնում տարբեր հերոսամարտերին մասնակցած Մանկավարժական համալսարանի շուրջ 160 շրջանավարտների լուսանկարները: |