ՀԱՂԹԵՑ ՄԻԱՅՆ ՏԱԹԵՎ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի առաջնության 4-րդ տուրում Վարուժան Հակոբյանն առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Ժոել Բենջամինին: Հակոբյանը 2 միավորով 10-րդ տեղում է: Նույնպիսի արդյունք ունի նաեւ Մելիքսեթ Խաչիյանը, որը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց իր հաշվինՙ հաշտություն կնքելով Գրեգորի Կայդանովի հետ: Կես միավոր վաստակեց նաեւ Սամուել Սեւյանը, որի մրցակիցը Յորգ Սամուր-Հասբունն էր: Պատանի շախմատիստը ունի 1,5 միավոր: Իր հաղթարշավը շարունակեց միանձնյա առաջատար Գատա Կամսկինՙ պարտության մատնելով Կոնրադ Հոլթին: Կամսկին 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: 3-ական միավորով նրան հետապնդում են Ալեքսանդր Օնիշչուկը, Լարի Քրիստիանսենն ու Ժոել Բենջամինը: Կանանց մրցաշարում Տաթեւ Աբրահամյանը հաղթելով Իրինա Զեյնուկին, 3,5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Նա կես միավոր է զիջում աղյուսակը միանձնյա գլխավորող Իրինա Կրաշին, որը հաղթեց Անժելինա Բելակովսկայային: |