RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013



Տեղադրվել է` 2013-05-13 23:45:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1969, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ Է ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Հ. Հ.

Արցախյան ազատամարտի հենց սկզբից Էդվարդ Ներսիսյանը ռազմի դաշտում էր, «Տիգրան Մեծ» ջոկատի անդամներից էր: Ասում էՙ պատերազմը սկսվեց, լքեցի տունս ու միայն զինադադարի համաձայնագիրը կնքելուց հետո տուն վերադարձա: Թեպետ պատերազմը վաղուց է ավարտվել, սակայն իր հագուստը շարունակում է մնալ զինվորական բաճկոնը: Մարտի դաշտում բազմաթիվ ընկերների է կորցրել, արժանացել մեդալների ու պատվոգրերի:

«Էս մեկը պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն է տվել, էս մեկըՙ Մանվել Գրիգորյանը, սրանք ՀԱԲ-ից եմ ստացել, մյուսներն էլՙ եսիմ, չեմ ուզում էս թեմայով խոսել: Պետք էր, գնացել եմ կռվել եմ, մեդալով չի որոշվում, թե ինչ եմ արել հայրենիքի համար», հերթով մեդալներն է ներկայացնում Ներսիսյանն ու հավելում, որ իր կատարածն էլ, մեդալներն էլ այսօր ոչ մի արժեք չունեն:

«Որ մեզ մեկը մոտենում էր, ասում էր, որ Հայրենական պատերազմին է մասնակցել, մենք ջահել տղերք էինքՙ զգաստանում էինք, քարանում, հարգանք կար, պատիվ կար էդ մարդկանց հանդեպ: Հիմա ոչ մի տեսակի հարգանք չկա, էս մեդալներն էլ են սուտ», ասում է նա:

Երեկ բազմաթիվ ազատամարտիկների հետ Ներսիսյանն էլ Ազատության հրապարակում էր: Նախ նրանք երթով քայլել են դեպի կառավարության շենք, կառավարությունից եւ պաշտպանության նախարարությունից պահանջել բարելավել իրենց սոցիալական վիճակը: Ազատամարտիկների մեծ մասի թոշակը չի գերազանցում 50-60.000 դրամը: «Փաստորեն մեր կատարածը, մի քանի՞ անգամ վիրավորվելն այդ արժեքն ունեն», դժգոհում էին ազատամարտիկներըՙ պահանջելով արժանապատիվ կենսաթոշակ զինծառայողներին:

Այնուհետեւ բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, նախատեսում են մինչեւ այսօր ժամը 12-ը մնալ հրապարակում եւ սպասել պատասխանի: «Եթե պատասխան չլինի, մենք չենք հանձնվի, մարտի դաշտում չենք հանձնվել, հիմա էլ չենք հանձնվի, սա պատվի հարց է», ասում է Ներսիսյանը:

Նախաձեռնության կազմակերպիչը ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն է: Նա հավելում է, որ առաջնահերթ պետք է վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Նրա խոսքերովՙ բազմաթիվ ազատամարտիկներ կմիանային նախաձեռնությանը, սակայն անգամ տրանսպորտի գումար չունեին, հետեւաբար ճիշտ կլիներ, որ հատկապես գյուղական հեռավոր վայրերում բնակվող ազատամարտիկների համար տրանսպորտը լիներ անվճար:

Ազատամարտիկների պահանջի կետերին կառավարությունն ու պաշտպանության նախարարությունն արդեն ծանոթացել են, թեպետ նրանք որեւէ հայտարարություն այս կապակցությամբ դեռեւս չեն կատարել, սակայն ազատամարտիկները լիահույս են, որ պետությունը չի մոռացել իր հերոսներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #78, 14-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ