Hollywood Non-Stop ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՎՍ ՄԻ ԾՐԱԳԻՐ Մ. Հ. Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 15-ին եւ 16-ին տեղի կունենա Hollywood Non-Stop համերգային ծրագիրը, որի մեկնարկը տրվել է դեռեւս 2012թ. եւ արդեն հասցրել է հաջողություններ ունենալ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Hollywood Non-Stop-ը բավական հետաքրքրական նախագիծ է. «Ներկա եմ եղել նախագծի համերգներին Վանաձորում ու Երեւանում, որի ընթացքում հնչում են հոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի լավագույն մեղեդիները Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ»: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ Hollywood Non-Stop-ն առաջին հերթին ապացուցում է, որ երիտասարդները սիրում են դասական երաժշտություն. «Այս նախագիծը երիտասարդության եւ երաժշտության սինթեզն է»: Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն» եւ այլ կինոնկարների մեղեդիներ: Նշենք, որ Hollywood Non-Stop ծրագիրը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի կատարմամբ ներկայացվել է երեւանյան 8 բուհերում, որտեղ ավելի քան 6000 ուսանողներ ունկնդրել են հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը: Իսկ արդեն 2013 թվականին նախագիծը ներկակացվել է նաեւ հանրապետության մարզերում` Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում, իսկ առաջիկայում նախատեսվում է նաեւ Արցախում: Ընդգծենք, որ ՀՊԵՆ-ն բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն ուղղված է քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: Համերգները տեղի են ունենում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ: |