ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Լիմայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցեցին 3 ծանրորդներ: Մրցումների վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ գերծանրքաշային Գոռ Մինասյանը, որը հայ ծանրորդներից բոլորից հաջող հանդես եկավՙ նվաճելով աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար հիմնական պայքարն ընթացավ Գոռ Մինասյանի եւ վրացի Լաշա Տալախաձեի միջեւ: Պոկում վարժությունում Գոռը հաջորդաբար բարձրացրեց 177 եւ 183 կգ, իսկ ահա 3-րդ մոտեցման ժամանակ չկարողացավ իրեն ենթարկել 187 կգ-անոց ծանրաձողը: Իսկ Տալախաձեն մրցումները սկսեց 185 կգ-ով ու ավարտեց 190 կգ-ովՙ արժանանալով ոսկե մեդալի: Գոռը դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունը հայ ծանրորդն անթերի կատարեցՙ հաջորդաբար բարձրացնելով 206, 213 եւ 220 կգ: Վրացի ծանրորդին 2 մոտեցումն էլ բավարար էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Բարձրացնելով 221 կգ, նա երկամարտի 411 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն: Իսկ Գոռ Մինասյանը երկամարտի 403 կգ (183+220) արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոնՙ արծաթե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում: Բրոնզե մրցանակակիր դարձավ Ռուսաստանը ներկայացրած Կարեն Մարտիրոսյանը, որը երկամարտում ցույց տվեց 385 կգ (180+205) արդյունք: Նա մեկ բրոնզե մեդալ էլ նվաճեց պոկում վարժությունում: Հիշեցնենք, որ Իզաբելա Յայլյանը մինչեւ 58 կգ քաշային կարգում պոկում վարժությունում բրոնզե մեդալ էր նվաճել, իսկ երկամարտի 194 կգ (87+107) արդյունքով զբաղեցրել էր 4-րդ տեղը: Մինչեւ 77 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 340 կգ (160+180) արդյունքով դարձել էր 3-րդ մրցանակակիր, արծաթե եւ բրոնզե մեդալներ էր նվաճել առանձին վարժություններում: |