RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013



Տեղադրվել է` 2013-05-14 23:16:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 2185, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «1,5 ՏԱՐՎԱ ՔՆԻՑ ԶԱՐԹՆԵՑ», ԲԱՅՑ ԱՐԴԵՆ Ո՞ՒՇ Է

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տասնյակ նամակներ ամենատարբեր պաշտոնյաներին, ասուլիսներ ու թեմայի վերաբերյալ հարյուրավոր հոդվածներ ու ոչ մի արդյունք: «Փակ շուկայի» պահպանության համար մղվող պայքարն այդպես էլ ոչ մի արդյունք չի տալիս. շուկայի տանիքի կեսն արդեն քանդված է, կամարների մի մասըՙ փլված: Թեպետ անցել է մեկուկես տարի, ինչ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը որոշել է շուկայի տարածքում շինարարություն իրականացնել, սակայն ոչ ճարտարապետներին, ոչ էլ մամուլին տրամադրված չէ ճարտարապետական այն նախագիծը կամ մակետըՙ համաձայն որի կատարվում է «Փակ շուկայի» շինարարությունը: Ամենայն հավանականությամբՙ այն որեւէ հանձնաժողովում հաստատված նախագիծ չունի: Պարզապես սեփականատիրոջ ցանկությունն է, որ կատարվում է, ու բոլոր գերատեսչություններն աչք են փակում, քաղաքացիներն էլ լուռումունջ հետեւում են, թե ինչպես են քաղաքի հուշարձաններից մեկը ոչնչացնում:

Սկզբնական շրջանում «Փակ շուկայի» տարածքում պետք է կառուցվեր ավտոկայանատեղի: Շինարարության համար թույլտվություն տվել էր մշակույթի նախարարությունը: Նրանք դրական եզրակացություն էին տվելՙ հավաստիացնելով, որ այն որեւէ կերպ չի վնասի հուշարձանի անվտանգությանն ու չի խաթարի արտաքին տեսքը:

Իրականում կատարվել է հակառակը: Թե՛ մշակույթի նախարարությունում, թե՛ քաղաքապետարանում ու դատախազությունում տեղյակ են, թե ինչ է կատարվում Մաշտոցի պողոտայի 5 հասցեում: Մեր զանգերին ի պատասխան Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում էին, որ իրենք շինարարության թույլտվություն տվել են միայն մշակույթի նախարարության դրական եզրակացությունը ստանալուց հետո, հետեւաբար իրենք առանձնակի պատասխանատվություն չեն կրում եւ կարող են միայն վարչական տուգանք սահմանել, ինչը արել են եւ մի քանի տասնյակ հազար դրամ գանձել սեփականատիրոջիցՙ շինարարությունը պատշաճ կերպով չիրականացնելու համար:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը խնդրով մտահոգված անձանցից է: Շաբաթական գոնե մեկ անգամ Մինասյանը բարձրացնում է շուկայի հարցը, սակայն խնդիրը լուծում չի ստանում: «Բոլոր պետական գերատեսչություններըՙ քաղաքապետարան, մշակույթի նախարարություն, դատախազություն եւ այլն, մեր ուղարկած նամակներին մի պատասխան են տալիս. «Այո, կատարվել է այդպիսի բան, հուշարձանը քանդվել է, սակայն սեփականատերն ասել է, որ շուկան կպահպանվի նախկին տեսքով: Մենք դիմել ենք բոլորին, ընդհուպ նախագահ Սարգսյանին, ու էլ չգիտենք ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Մկրտիչ Մինասյանըՙ հավելելով, որ վհատվել են ու հույս չունեն, որ որեւէ մեկը կկարողանա ստիպել Ալեքսանյանին դադարեցնել շինարարությունը: Զավեշտալի են մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գործով զբաղվող Կարո Ավագյանի հավաստիացումները: Պաշտոնյայի հաղորդմամբՙ իրենց լիազորությունների սահմանում ամեն ինչ արել են, նամակ են գրել սեփականատիրոջըՙ պահանջով դադարեցնել շինարարությունը, դիմել են քաղաքապետարանին, անգամ դատախազությանը, «սակայն անօրինական շինարարությունն անընդհատ սկսվում է, մենք անընդհատ դիմում ենք ու այսպես շարունակ»: Դատախազությունից հայտարարում են, որ «Փակ շուկայի» վերաբերյալ հանցակազմ չկա եւ չեն կարող գործ սկսել:

Երեկ անսպասելիորեն հաղորդագրություն տարածեց մշակույթի նախարարությունը: 1,5 տարվա «խոր քնից» հետո այս գերատեսչությունը փաստել է, որ «Փակ շուկայի» շինարարական աշխատանքները չեն համապատասխանում նախարարության տված նախագծային փաստաթղթղերի պահանջներին, եւ նախարարությունը դիմել է Երեւանի քաղաքապետարանՙ պահանջելով քայլեր ձեռնարկել «հուշարձան-շենքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու եւ տարածքում հսկողություն սահմանելու համար»: Պարզվել է, որ մայիսի 9-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անձամբ այցելել է շուկայի տարածք ու համոզվել նրանում, ինչի մասին խոսում ենք այսքան ժամանակ:

«Տեղեկացնում ենք, որ մինչեւ մայիսյան տոների նախօրեն Երեւանի քաղաքապետարանի կողմից շինարարական աշխատանքները դադարեցված էին եւ շենքի 0,00 նիշից բարձր որեւէ աշխատանք չի իրականացվել: Շինարարական աշխատանքների կրկնակի դադարեցումը կատարվել է մշակույթի նախարարի պահանջով մարտի 6-ի գիտամեթոդական խորհրդի մասնագիտական եզրակացության հիման վրա: Մշակույթի նախարարությունից անհրաժեշտ են համարել իրականացնել Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման ուժեղացման, ամրակայման, ինչպես նաեւ նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքներըՙ նախագծով ներկայացված եւ խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո սեփականատիրոջից պահանջվում էր մշակել շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծն ու սահմանված կարգով ներկայացնել մշակույթի նախարարություն»: Այս ամենի կատարման համար մշակույթի նախարարությունը պահանջում է քաղաքապետարանիցՙ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, տարածքում սահմանել հսկողություն:

Զարմանալին այն է, որ գերատեսչությունը պահանջում է դադարեցնել մի գործընթաց, որը շուտով կավարտվի, եւ կունենանք նոր Yerevan city: Ինչ վերաբերում է նախարարության հայտարարությանը, թե «շենքի 0,00 նիշից բարձր որեւէ աշխատանք չի իրականացվել», ապա երեկ այս հայտարարությունից հետո արված լուսանկարներն այլ բան են փաստում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ