RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-05-14 23:16:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1206, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ուշագրավ է նրա այցի զուգադիպությունը Ռեյհանլիի պայթյուններին

Երեկ կեսօրին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղեւորվեց Վաշինգտոն: Սպիտակ տանը նախագահ Բարաք Օբամայի հետ նա կքննարկի Իրանին, Իրաքին, «Քուրդիստանի» շրջանի ղեկավարության հետ վարչապետ Մալիքիի հակասություններին առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ Թուրքիայից հեռացող PKK-ականներիՙ Հյուսիսային Իրաքում տեղակայման հարցը:

Սակայն Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգի առաջնակարգ խնդիրը Սիրիայի քաղաքական զարգացումներն են: Նրանք իհարկե կանդրադառնան նաեւ Ռեյհանլիի ահաբեկչական զույգ պայթյուններին: Ի՞նչ ենթատեքստում: Այս հարցին պաշտոնական այցով ԱՄՆ ուղեւորվելուց ու պայթյուններից առաջ ամերիկյան NBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանել էր Էրդողանը, ասելով. «Մենք աջակցելու ենք, ԱՄՆ-ի գլխավորությամբ, Սիրիայի դեմ ցամաքային գործողությունների դիմելու եւ այդ երկրի տարածքը թռիչքազերծ գոտի հայտարարելու ամեն մի ձեռնարկման»:

Այլ կերպ, Հաթայի Ռեյհանլի գավառում իրականացված պայթյունները ծառայում են Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու համար միջազգային մթնոլորտը բարենպաստ դարձնելու, Սիրիայի դեմ պատերազմի Թուրքիայի հնարավորություններն ընդլայնելու, նախագահ Բաշար Ասադի նկատմամբ Էրդողանի կառավարության որդեգրած թշնամական դիրքորոշումը դատապարտող, ինչպես սիրիացի փախստականներին, այնպես էլ «Ազատ Սիրիայի բանակի» վարձկաններին հակադրվող սահմանակից շրջանների բնակչությանը, մասնավորապես ալավիներին, սաստելու նպատակին:

Հատկանշական է, որ Ռեյհանլիի պայթյունների նախօրեին Թուրքիայում սկսել էին նշան անել ալավիների տները, ընդ որում սպառնալից այս արարքը տեղի է ունենում PKK-ի հետ հաշտեցման եւ երկրում քրդական հարցի կարգավորման փուլում: Եթե Թուրքիայում քրդերն էթնիկ խմբավորում են, ապա ալավիներըՙ կրոնական: Քանի որ կրոնական խմբավորմանը սպառնալիքի տակ առնելը կասկածի տակ է դնում էթնիկ խմբավորման հետ հաշտվելու անկեղծությունն ու հակասում հաշտեցման տրամաբանությանը, ապա ակամա հարց է ծագումՙ արդյոք PKK-ականները չեն հեռանում Թուրքիայից, որպեսզի Հյուսիսային Իրաքից հյուսիսարեւելյան Սիրիա անցնեն եւ տեղի քրդերի հետ կռվեն նախագահ Ասադի վարչակարգի դեմ: Եթե այդպես է, ապա PKK-ի հետ հաշտեցման գործընթացի նախաձեռնողը պետք է լինի Արեւմուտքը, այլ ոչ թե Էրդողանի կառավարությունը:

Չպետք է, սակայն, մոռանալ անցյալ տարվա վերջերին Տարտուս ռազմանավեր ուղարկելու, իսկ օրերս Սիրիային C-300 հակաօդային համակարգեր մատակարարելու Մոսկվայի պատրաստակամությունը: Եթե ռազմանավեր ուղարկելը Սիրիային պաշտպանում էր թուրքական վերահաս ներխուժումից, ապա ռուսական համակարգերը ի չիք են դարձնում սիրիական օդային տարածքը թռիչքազերծ գոտի հայտարարելու նպատակահարմարությունը:

Համենայն դեպս, Վաշինգտոն ուղեւորվելուց մեկ օր առաջ Էրդողանը Ռեյհանլիի պայթյունները ավելի հստակ ձեւակերպումներով կրկին վերագրեց նախագահ Ասադի վարչակարգին եւ ընդգծեց, որ այդ վարչակարգը շոշափուկներ ունի Թուրքիայում: Թերեւս դրանով էլ նա բացահայտեց ալավիների տները նշան անելու եւ զույգ պայթյուններով Սիրիային սահմանակից շրջանների հատկապես արաբ բնակչությանը սաստելու նկրտումների էությունը: Դա ենթադրում է նոր օսմանիզմի հովերով տարածաշրջանում Թուրքիայի գլխավորությամբ սուննի իսլամի տիրապետությունը հաստատելու համար ի դեմս Իրանի, Ասադի վարչակարգի, «Հզբոլլահի» եւ Իրաքում վարչապետ Մալիքիի, շիաներին մարտահրավեր նետելը: Դրա նպատակը տարածաշրջանը շիա-սուննի միջդավանանքային պատերազմի մեջ ներքաշելու ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի ցանկատեսության իրականացումն է:

Ի դեպ, Վաշինգտոն ուղեւորվելուց առաջ, մինչ Էրդողանը Ռեյհանլիի պայթյունների համար մեղադրում էր Ասադի վարչակարգին, նույն օրը ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հայտարարեց, որ պայթյունների գործով ձերբակալվածների թիվը 9-ից հասել է 17-ի, բոլորն էլ գործել են սիրիական գաղտնի ծառայություններիՙ Մուխաբարաթի հրահանգով:

Եթե իսկապես պայթյունները Մուխաբարաթի միջոցով հաստատապես կազմակերպել է Ասադի վարչակարգը եւ ձերբակալվել են իրականացնողները, ինչպես Թուրքիայի վարչապետն ու ներքին գործերի նախարարն են հայտարարել, ապա ինչո՞վ բացատրել տեղեկատվության տարածման այն արգելքը, որը Հաթայի դատախազությունը դրել է լրատվամիջոցների վրա, ընդ որում ոչ միայն զույգ պայթյունների վայրում, այլեւ Ռեյհանլիի ողջ տարածքում: Հարցն ինքնին չափազանց խրթին է, մասնավոր մոտեցում է պահանջում: Պարզապես նշենք, որ լրատվամիջոցներին կտրականապես արգելվում են Ռեյհանլիում տեսագրելն ու լուսանկարելը, այդ թվումՙ տեղեկատվության համար բնակիչների հետ շփվելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ