ԹՈՂԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ... ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ի՞նչ ապրանքային տեսք ունի արդյունաբերության 15,8 տոկոս աճը Այս տարվա առաջին 3 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 15,8 տոկոսով: Սա, անշուշտ, նշանակալի ցուցանիշ է, բայց հասարակության համար այս ցուցանիշը որոշակի պատկերացում չի տալիս, թե արդյունաբերական ո՞ր արտադրանքը ինչքա՞ն է արտադրվել, ի՞նչ չափով է փոխվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մեր արդյունաբերության կառուցվածքում ամենամեծ տեղը զբաղեցնում են հանքարդյունաբերությունն ու մետաղագործությունը: Գրեթե բոլոր մետաղների արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մարտ ամիսներին աճել են` ֆերոմոլիբդենը` 31 տոկոսով, մոլիբդենի խտանյութը` 21 տոկոսով, կոնվենտորային պղինձը` 24 տոկոսով, պղնձի խտանյութը` 22 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղը` 14 տոկոսով, պողպատե ձուլվածքը` 5 տոկոսով, սկսվել է արտադրվել նաեւ ալյումինե գլանվածք: Նվազել է միայն ցինկի խտանյութի արտադրությունը` մոտ 19 տոկոսով: Ապրանքների այս խմբում հատկապես ուրախալի է վերջնական արտադրանք համարվող ալյումինե փայաթիթեղի եւ մշակման բարձր փուլ հանդիսացող ֆերոմոլիբդենի արտադրության ծավալների աճը: Ծավալներով երկրորդը սննդարդյունաբերությունն է` ներառյալ խմիչնքերի եւ ծխախոտի արտադրությունները: Այստեղ արտադրատեսակներ կան, որ հունվար-մարտին աճել են անգամներով` 3,3 անգամՙ պաղպաղակի արտադրությունը, 3,8 անգամ` բուսական յուղինը, 3-ական անգամ` լիկյորինը եւ շամպայն գինիներինը, 3,2 անգամ` ծխախոտինը: Հատկապես հարկ է առանձանցնել ծխախոտի արտադրության նման ծավաների աճը, որը նաեւ ավելացրել է Հայաստանից այս ապրանքի արտահանման ծավալները: Բացի վերոնշյալներիցՙ սննդարդյունաբերության մեջ զգալիորեն ավելացել են նաեւ կենդանական յուղի` 97 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքների` 75 տոկոսով, էթիլային սպիրտի` 68 տոկոսի, կետչուպի` 65 տոկոսով, մակարոնեղենի` 61 տոկոսով, մրգի պահածոների` 42 տոկոսով արտադրությունները: 10- 20 տոկոսի սահմաններում աճել են մածունի, թթվասերի, հրուշակեղենի, մսի եւ բանջարեղենի պահածոների, գինիների, աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Փոքր` մինչեւ 5 տոկոսի չափով աճել են մսամթերքի` ներառյալ երշիկեղենի, կաթի, յոգուրտի արտադրության ծավալները: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի մնացած արտադրատեսակների գերակշիռ մասը կամ պահպանել է նույն ծավալները, կամ ունեցել է 5 տոկոսի չափով նվազում եւ շատ քիչ դեպքերում` մինչեւ 10 տոկոսի նվազում: Սննդարդյունաբերության այս ցուցանիշներին ծանոթանալով կարելի է եզրակացնել, որ այստեղ հիմնականում շարունակվում է կայուն տեմպերով աճը, իսկ առանձին արտադրատեսակների առումով այն ավելի կտրուկ է եղել: Հարկ է նշել, որ սննդարդյունաբերության ճյուղերն ընդգրկված են կառավարության մշակած եւ իրագործման փուլում գտնվող արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության զարգացման ռազմավարական ծրագրում: Արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության աջակցության պետական ծրագրում ընդգրկված մյուս ճյուղը ճարտարագիտությունն է կամ ճշգրիտ սարքաշինությունը: Հիշեցնենք, որ Խորհրդային Հայաստանի տնտեսության ամենահզոր ճյուղը հենց այս ոլորտն էր` մեքենաշինական, հաստոցաշինական, սարքաշինական ավելի քան 150 ձեռնարկություններով: Այս ճյուղը ներկայացնող ձեռնարկությունների որոշ մասում նույնպես աճի ցուցանիշներ են արձանագրվել: Օրինակ` միջին հզորության էլեկտրաշարժիչների արտադրությունն աճել է 3,3 անգամ, պոմպերինը` 4,2 անգամ, սառնարանային ցուցափեղկերինը` 3,6 անգամ, ռելեների արտադրությունն աճել է 30 տոկոսով, կենցաղային ժամացույցներինը` 32 տոկոսով, խողովակային ամրաններինը` 24 տոկոսով, էլեկտրական այլ սարքավորումներինը` 33 տոկոսով: Սակայն մյուս կողմից էլ կտրուկ` 63 տոկոսով նվազել են օպտիկա-մեխանիկական սարքերի, 50 տոկոսով` ավտոգենային սարքավորումների, 41 տոկոսով` էլեկտրական հաշվիչների, մոտ 18 տոկոսով` համակարգիչների արտադրությունները: Քիմիական արդյունաբերության արտադրանքից նկատելիորեն ավելացել է սինթետիկ կորունդի արտադրությունը` 70 տոկոսով, փայտե եւ թղթի արտադրատեսակներից` 2,3 անգամ ստվարաթղթի արկղերի եւ 37 տոկոսով ստվարաթղթի արտադրությունները, ոչ մետաղական հանքանյութերից` գրանիտի սալիկների արտադրությունը` 90 տոկոսով, բազալտինը` 72 տոկոսով, ապա ցեմենտի արտադրությունը` 55 տոկոսով, ապակյա տարաներինը` 33 տոկոսով, ալյումինե եւ մետաղապլաստե դռներինը` 24 տոկոսով, օճառինը` 94 տոկոսով: Թեթեւ արդյունաբերությունից հիշատակման արժանի է գուլպեղենի արտադրության ծավալների 2,4 անգամ, տրիկոտաժեղենի 71 տոկոսով, գորգերի` 36 տոկոսով ավելացումը, բայց բամբակյա գործվածքների 77 տոկոսով նվազումը: Տեղեկացնենք, որ թեթեւ արդյունաբերությունը նույնպես արդյունաբերության զարգացման պետական աջակցության ծրագրում ընդգրկված 11 ճյուղերի թվում է: Եվ վերջապես, այդ նույն ռազմավարության մեջ ընդգրկված մեկ այլ` հեռանկարային եւ զարգացման լուրջ ռեսուրսներ ու ավանդույթներ ունեցող ճյուղում արձանագրված արտադրության կտրուկ աճի մասին: Ադամանդների մշակումն այս տարվա առաջին 3 ամիսներին ավելացել է 2,1 անգամ, իսկ ոսկերչական արտադարանքի թողարկումը` 23 տոկոսով: Հիշեցնենք, որ 2000-ականների սկզբներին ադամանդագործությունը մեր արդյունաբերության մեջ ամենաբարձր զարգացման ցուցանիշներ ունեցող եւ հազարավոր աշխատատեղեր ապահովող ճյուղն էր, որի աճը, սակայն, ընդհատվեց, նախ, այս թանկարժեք ապրանքի միջազգային գների նվազման, ապա ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով: Արդյունաբերության արտադրության վերոնշյալ ցուցանիշները դեռեւս չեն արտացոլվում բնակչության լայն շերտերի վրա, բայց երկրորդ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ կառավարության կողմից արդյունաբերության աջակցության ծրագրերն այլընտրանք չունեն, քանի որ տեսանելի հեռանկարում հենց այս ճյուղն է ապահովելու երկրի տնտեսական ընդհանուր զարգացումը եւ դրա ազդեցությունը բնակչության բոլոր խավերի վրա: |