«ԱՍՊԵՏ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ» ՏԻՏՂՈՍ ԵՎ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆ` ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ ՆԱԶԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արեւելյան թեմ կատարած հայրապետական այցի ընթացքում` մայիսի 10-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ներկա գտնվեց ԱՄՆ հայոց արեւելյան թեմի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած` ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար տիար Նազար Նազարյանի մեծարման հանդիսությանը: Հանդիսության ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը բերեց տիար Նազարյանին եւ նրան շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս եւ հայրապետական շքանշան: Տիար Նազար Նազարյանն իր սրտաբուխ նվիրատվություններով շարունակ նպաստել է Սփյուռքի համայնքային, կրթական-սոցիալական ծրագրերին, միշտ եղել է հայապահպանության ջատագովն ու քարոզիչը: 1962 թ. ի վեր Լիբանանում գործում է Նազարյան դպրոցը, կառուցվել են սրահներ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնի, Կալիֆոռնիայի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի, Նյու Յորքի «Նուբար» ճամբարի համար: Նազարյան ընտանիքը կարեւոր իր նպաստն է բերել Նյու Ջերսիի Սբ Թովմաս եկեղեցու կառուցմանը, հաստատել է հատուկ հիմնադրամ, որը կրթաթոշակներ է ապահովում բարձրագույն ուսում ստացող հայ ուսանողների համար, աջակցել է Սփյուռքի տարբեր ազգապահպան ծրագրերի իրագործմանը: 1988 թ. սոսկալի երկրաշարժի օրերից սկսյալ Նազարյան ընտանիքը սատար կանգնեց նաեւ Հայրենիքին` հատկապես ՀԲԸՄ կողմից իրագործվող բազմաթիվ ծրագրերի միջոցով զորակցելով նորանկախ Հայաստանի առաջընթացին, շինությանն ու պայծառությանը: Կարեւոր իրագործումներից էր Լիբանանում ՀՀ դեսպանատան համար շենքի կառուցումը եւ ընծայումը Հայրենիքին, Ջեֆերսոնի անվան գերձայնային հետազոտությունների եւ կրթության ինստիտուտի հետ համատեղ ստեղծված գերձայնային հետազոտությունների կենտրոնի եւ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման եւ բուժման ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լեւոն եւ Կլաուդիա Նազարյան» ռադիոլոգիայի կենտրոնի հիմնումը: Նազարյան բարերարների հովանավորությամբ Երեւանում այժմ կառուցվում է ՀԲԸՄ հայաստանյան նոր գրասենյակը: Ազգասեր ու եկեղեցաշեն բարերարները մշտապես սատարել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ Հայոց եկեղեցուն: Նազար եւ Արտեմիս Նազարյանների ազնիվ բարերարությամբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով կառուցվեց Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու Ս. Տրդատ մատուռը: Նազարյան ընտանիքի առատաձեռն ընծայաբերումներով Մայր աթոռում 2002 թ. հիմնանորոգվեցին Ղազարապատի սարկավագների թաղը եւ միաբանական սեղանատունը, իսկ 2008 թ. կառուցվեց դիվանատան շենքը: Հավատավոր Նազարյան ամուսիններն այսօր էլ շարունակում են զորավիգ լինել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Մայր աթոռ Ս. Էջմիածնի կրթական, սոցիալական ու հայապահպան առաքելությանը: |