RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013



Տեղադրվել է` 2013-05-14 23:16:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1945, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 60

«ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՆՁԻՑ ԴՐԴՎԱԾ»

Ի. Պ.

Տեր Ղազար քահանա Պետրոսյանը գտնում է, որ այսօր Հայ առաքելական եկեղեցին անարդարացիորեն է ենթարկվում հասարակության քննադատությանը: Առողջ քննադատությանը քահանան դեմ չէ, առողջ քննադատություն կա եկեղեցու ներսում, եւ իր մեջ եկեղեցին միշտ դա ունեցել է` ներսում որոշ անձանց կարգի հրավիրելու համար: Սակայն առողջ քննադատությունից բացի, ըստ տեր Ղազարի, Հայ առաքելական եկեղեցին անտեղի ու հատուկ թշնամանքով ենթարկվում է քարկոծման, եւ դա ձեռնտու է ուժերին, որոնք ուզում են քանդել Առաքելական եկեղեցին: Երեկ «Ուրբաթ» ակումբում տեր Ղազարը կոչ ուղղեց զավակներին հայ եկեղեցու, որ վերջիններս եկեղեցին քննադատելուց առաջ «իմանան` ու՞մ ջրաղացին են ջուր լցնում»:

Իսկ եթե քննադատվում են այն հոգեւորականները, որոնք իրենց կերպարներով հավատացյալին հեռացնում են եկեղեցուց, եւ կան հոգեւորականներ, որոնք քաղաքականացված են ու կանգնում են գործարարների, օլիգարխների կողքին, եւ այս հոգեւորականները ի՞նչ օրինակ կարող են ծառայել հայ եկեղեցու հետեւորդ քաղաքացիներին... Տեր Ղազար քահանան պատասխանում է, որ հայ եկեղեցին բարձրաստիճան այրերի հետ անշուշտ պետք է շփվի, եւ ըստ նրա` եկեղեցին միշտ փայփայել է մեր պետությունը: Հոգեւորականի կերպարի մասին հարցին պատասխանելուց քահանան շարունակ խուսափում էր, հետ ու առաջ գնալով պատմության մեջ, Տեր հայրը կրկին վերադառնում էր նույն կետին` ասելովՙ մեր եկեղեցին միշտ կանգնել է իր պետության կողքին, եւ նրա կարծիքով` թանկարժեք մեքենա քշող հոգեւորականին մարդիկ կարող են փնովել միայն նախանձից դրդված, քանի որ փնովող մարդիկ իրենց ամբողջ կյանքում երազել են նման մեքենա ունենալ, սակայն այսօր չունեն, իսկ քահանան ունի: Այսպիսի տրամաբանությամբ է տեր Ղազարը պատճառաբանում թանկարժեք մեքենաներ քշող հոգեւորականների կեցվածքի քննադատությունները: Հետո էլ հարցնում է լրագրողներին` վա՞տ է, եթե մարդը վերցնում է թանկարժեք մի նվեր, վաճառում դա ու գումարը բաժանում աղքատներին: Քահանայի ասածը, սակայն, կապ չունի այն հոգեւորականների հետ, որոնք ամենեւին էլ չեն վաճառում իրենց նվերները, պահում են իրենց համար ու շրջում այդ մեքենաներով` կարծես հատուկ աչք ծակելով ու հավատացյալների զայրույթը դրդելով, բայց չէ՞որ խոնարհություն ու համեստություն քարոզող հոգեւորականը չպետք է այնպես անի, որ մարդիկ իրեն նախաձեն ունեցվածքի համար: Անընդհատ կարծես արդարացնելով հոգեւորականներին` տեր Ղազարը եկավ եզրահանգման. «Եթե կարծում եքՙ կա մարդ, որն անթերի է ու զերծ քննադատությունից, սխալվում եք: Իսկ ես եկել եմ ասուլիսի, որպեսզի ներկայացնեմ, թե ինչ պատերազմ է մղվում եկեղեցու դեմ»: Քահանայի հորդորն էր լրագրողներինՙ լրատվությամբ չաջակցել այդ պատերազմին: Սակայն բանախոսն այդպես էլ չպատասխանեց, թե ինչպիսի՞ օրինակ են ծառայում որոշ հոգեւորականներ իրենց հետեւող ժողովրդի համար, ու որքա՞ն են նրանք հեռացել հոգեւորականի կերպարից, փոխարենն ասաց, որ Հիսուս Քրիստոսն էլ մի անգամ մարդկանց ներկայությամբ շուռ է տվել սեղանը. «Իսկ եթե այսօր քահանան նման բան աներ, ի՞նչ կմտածեիք նրա մասին»:

Բոլոր քննադատությունների համար տեր Ղազարն ուներ պատասխան, բայց դրանցից որեւէ մեկը համոզիչ չէ Հայ առաքելական եկեղեցում մկրտված, սակայն եկեղեցուց հեռացած ու հոգեւորականներից հիասթափված շատ մարդկանց համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ