RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013



Տեղադրվել է` 2013-05-14 23:16:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1736, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ՓՈՔՐԻԿ ՏՈՆ ՉԻՆԱՐԻՈՒՄ

«Ազգ»

«Ազգ» օրաթերթի լրագրող Հասմիկ Հարությունյանը մարտ ամսին «Երեք օր սահմանում» խորագրով երեք հոդված գրեց Տավուշի մարզի սահմանամերձ երեք գյուղերիՙ Չինարիի, Այգեպարի ու Ներքին Կարմիրաղբյուրի մասին:

«Չինարի. Պատերազմը դեռ չի ավարտվել, ես տեսնում եմ այդ պատերազմը» հոդվածից 10 օր անց ԱՄՆ-ում բնակվող, «Ազգ»-ի մշտական ընթերցող Հասմիկ Ավագյանը ծանրոց ուղարկեցՙ գրությամբ. «Խնդրում եմ փոխանցել Չինարիի մանկապարտեզի փոքրիկներին»: Այս նախաձեռնությանը միացան բազմաթիվ անհատներ, լրագրողներ:

«Եթե ցանկանում ես հրաշք տեսնել, եղիր այդ հրաշքն ու ապացուցիր, որ հրաշքներ լինում են» կարգախոսով որոշեցինք հավաքել հագուստ եւ խաղալիք չինարեցիների համար, նաեւ գումարՙ Չինարիի փոքրիկներին գրենական պիտույքներ ու գրքեր գնելու համար:

Մեր նախաձեռնության մասին տեղեկացավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու տրամադրեց մեքենաներՙ Չինարի հասնելու համար եւ քաղցրավենիքի 160 փաթեթ, գյուղի մինչեւ 15 տարեկան բոլոր մանուկների համար:

Մայիսի 11-ին այդ փաթեթները տեղափոխվեցին սահմանամերձ Չինարի, ու սովորական շաբաթ օրը վերածվեց փոքրիկ տոնի: Մինչ գյուղ հասնելըՙ Իջեւանում խմբին դիմավորեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանըՙ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար:

Չինարիում փոքրիկները դիմավորեցին «ուռա»-ներով, այնուհետեւ շուրջ 150 երեխա բռունցքները վեր բարձրացրին ու միասին երգեցին Հայաստանի օրհներգը:

Ինչպես նախապես որոշվել էր, գրենական պիտույքներն ու քաղցրավենիքը փոխանցվեցին փոքրիկներին հենց տեղում, իսկ հագուստները, գրքերն ու խաղալիքները տրամադրվեցին գյուղապետին, դպրոցին եւ մանկապարտեզին: Գյուղապետ Սամվել Սաղոյանը հավաստիացրեց, որ օգնությունն առաջին հերթին կտրամադրվի գյուղի չքավոր ընտանիքներին, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն:

Մեր փոքրիկ նախաձեռնությանը միացան բազմաթիվ գործընկերներ: Նրանք ոչ միայն աջակցեցին նվերներ տրամադրելով, այլեւ անդրադարձան մեր բարեգործական միջոցառմանը: Հանրային ռադիոյի «ԼյունՍե» երիտասարդական ծրագիրը «Նվիրենք գույներ» ռեպորտաժով կոչ արեց մեր քաղաքացիներին` մասնակցել բարեգործական ակցիային, «Արմենպրես» լրատվական գործակալությունն ու «Հայնյուզ» էլեկտրոնային կայքն էլ ամփոփեցին մեկամսյա նախաձեռնության ավարտը:

«Չինարիի փոքրիկների ոգեւորությունն անսահման էր, երախտիքը բառերով չեն արտահայտել, այլ ամեն օր թշնամու գնդակի թիրախում գտնվող փոքրիկ գյուղի հանդարտությունը խախտած խրոխտ «Մեր հայրենիք»-ով: Նրանք երգում էին բռունցքները բարձրացրածՙ լի երախտագիտությամբ եւ աչքերում սեփական հողին նույնպիսի հոգածությամբ եւ նվիրումով, տեր կանգնելու անխախտ պատրաստակամությամբ», գրում է «Արմենպրեսը»:

Սա փոքրիկ նախաձեռնություն էր, եւ անշուշտ, էականն այստեղ ոչ թե նյութականն էր, այլ այն մթնոլորտը, ջերմ վերաբերմունքն ու զգացողությունը, որ փոխանցվեցին սահմանամերձ գյուղերի բնակիչներին, եւ հավաստիացումը, որ քաղաքում իրենց չեն մոռացել: Մեր այցելությունից մոտ երկու ժամ առաջ Չինարիում կրկին կրակոցներ էին հնչել, սակայն, ինչպես գյուղապետ Սամվել Սաղոյանն էր հավաստիացնում, մայրաքաղաքից եկած հյուրերն ու փոքրիկ նվերները մոռանալ տվեցին թշնամու կրակոցները: Հույս ունենանք, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական, եւ քաղաքական գործիչներն ու բիզնեսմեններն էլ Հովիկ Աբրահամյանի օրինակով կօժանդակեն նման միջոցառումներին, գույներ ու փոքրիկ տոն կպարգեւեն սահմանի բնակիչներին: Նրանք դրա կարիքը շատ ունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ