RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15 > #080, 2013-05-16 > #081, 2013-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2013-05-14 23:16:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1232, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ԿԵՂԾԻՔԸ ԳՈՎԵՐԳԵԼԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵՂՔ Է

ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ, ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական LARES տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ

«Ազգ» թերթի 25.02.2013-ի համարում տպագրված Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» գրքի վերաբերյալ մեր զայրույթի նամակում (ստորագրված նաեւ «Օրիոն» ծրագրի առաջատար մասնագետների կողմից) ահազանգել էինք, որ այդ գիրքը, որը ըստ ծանոթագրության նվիրված է «վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող իրադարձությունների բացահայտումներին», «բացարձակ իրական դեպքերին», «Գրիգոր Գուրզադյանի հայտնագործություններին», իրականում կատարյալ կեղծիք է:

Նկարագրվում է, թե ինչպես Բրեժնեւը քաղբյուրոյում մտահոգ է հայ գիտնականի անվտանգությամբ` նախատելով Քոչինյանին, Սուսլովին, ինչպես հայ գիտնականին հոտնկայս դիմավորում են Կրեմլում որպես խորհրդային տիեզերագնացության փրկչի, նման բազմաթիվ զառանցանք-տեսարաններ: Ծաղրանկարային կերպարներով ներկայացված են հայազգի եւ օտարազգի խոշորագույն գիտնականները` Կորոլյովը, Կելդիշը, ռազմական գործիչները` մարշալներ Ուստինովը, Սոկոլովը եւ այլք, որոնց կենսագրականները բերվում են գրքի վերջումՙ ստեղծելով պատրանք փաստերի իրականության: Անթույլատրելի վարկաբեկիչ է ներկայացված Վիկտոր Համբարձումյանի կերպարը. իրականում վերջինիս հուժկու աջակցությամբ է հնարավոր եղել Գուրզադյանի այդ գործունեությունը:

Ավելորդ է ասել, որ խորհրդային տիեզերագնացությունը հիմնված է եղել միանգամայն այլ սկզբունքների վրա, իսկ ծաղրածու-հերոսները կապ չունեն իրականության հետ:

Այդ գիրքը գրվել է մեզնից` մասնագետներից գաղտնի, ինչը հակասում է նման «բացահայտումների» ժանրին, ստեղծելով վտանգավոր նախադեպ, երբ կարելի է իրական դեմքերի վերաբերյալ ստեղծել կեղծիք եւ այն վաճառել անտեղյակ հասարակությանը` շահարկելով այդ դեմքերի անունը: Նման իրավիճակ բացառվում էր թե՛ խորհրդային շրջանում, թե՛ այսօր արեւմուտքում, որտեղ նման ցնորքը անմիջապես կխոտանվի մասնագետ-գրախոսների կողմից:

Ովքեր են այսօր հրճված խորհրդային տիեզերագնացության այս կեղծիքով. մեր մոլորեցված բանասերները` այդ բնագավառի մասին տարրական պատկերացում չունեցող:

Կարելի է, արդյոք, սա դիտել որպես սոսկ գեղարվեստական-մտացածին վեպ: Իհարկե, ոչ, եթե այն վերագրվում է իրական դեպքերին. դեպքեր, որ ոչ միայն չեն պատահել, այլեւ չէին կարող պատահել սկզբունքորեն: Այլապես, դա դառնում է կեղծիք:

Պատկերացրեք, վեպ այն մասին, թե իբր Տիգրան Մեծը գրավել է Հռոմը եւ Հռոմեական սենատը աղաչում է նրան դառնալ իրենց տիրակալը եւ նման ցնորային պատկերներ` իրական պատմական դեմքերով: Մեր այդ բանասերները, վստահաբար, շնորհանդեսում կգովերգեին այդ գիրքը, մինչեւ պատմաբանների սաստելը:

Իրականում, կեղծիքի գովաբանման վտանգները ակնհայտ են: Դա ստվերում է մեր իրական արժեքները, մոլորեցնում անտեղյակ ընթերցողին, ավելին, օտարազգի լրատվամիջոցներին հասու լինելու դեպքում պետական, գիտության գործիչների այդ վարկաբեկիչ ներկայացումը, ապա գրքի գովերգումը կարող է շահարկվել ի վնաս մեր մշակույթի, գիտության:

Աշխարհին պետք է ներկայանալ ոչ թե կեղծիքով, այլ մեր իրական արժեքների իրական պատկերներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #79, 15-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ