ՇՈՒՏՈՎ ՌՈՔ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ Մ. Հ. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 16-18-ը Երեւանում կանցկացվի տարածաշրջանում միակ ռոք մրցույթ-փառատոնը, որին մասնակցելու են 12 ռոք խմբեր` Իրանից, Վրաստանից եւ Հայաստանից (Հայաստանից մասնակցում է 8 խումբ): Իսկ մրցույթին որպես հյուր հանդես կգա «Antimeter» անգլիական ռոք խումբը, որը 2011 թվականին Երեւանում համերգով հանդես էր եկել «The Beautified Project» խմբի հետ: Մասնակիցները կարող են ելույթ ունենալ ռոք երաժշտության որեւէ ժանրում: Առաջին օրը մասնակից խումբը պետք է ներկայացնի մեկ համաշխարհային հիթ, իսկ երկրորդ օրը` խմբի հեղինակային ստեղծագործությունը եւ կամ հատուկ գրված ստեղծագործություն: Առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցնողներին կտրամադրվի 150 եւ 100 հազար դրամի գումար, իսկ երրորդ տեղը զբաղեցնողը հնարավորություն կստանա ձայնագրվել Հայաստանի լավագույն ստուդիաներից մեկում: Փառատոնի ժյուրիի կազմում են` մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, երգիչ, երգահան Արմեն Գեւորգյանը, դաշնակահար Արմեն Սարգսյանը, Այդին Դավուդին: |