ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈՊԿՈ. «ՄԽԻԹԱՐՅԱՆԸ «ԲՈՐՈՒՍԻԱՅՈՒՄ» ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ԳՅՈՏՑԵԻՆ» Դոնեցկի «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստ, թիմի կազմում 1983-ի ԽՍՀՄ գավաթակիր Ալեքսանդր Սոպկոն Sport.segodnya.ua-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության շուրջը ստեղծված իրավիճակի մասին: Հարցազրույցի այդ հատվածը ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին: - Վերջին շրջանում շատ է խոսվում Մխիթարյանի մասին, որի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական առաջատար ակումբները: Մասնավորապես նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական մի քանի ակումբներ: - Ինչպես հայտնի է, առանց կրակի ծուխ չի լինում: Մանավանդ որ Հենրիխն էլ դա չի հերքում: Բացի այդ էլ, վերջերս նա պայմանագիր է կնքել հայտնի գործակալներից մեկի հետ: Կարծում եմ, որ դա հենց այնպես չի արվել: Այսօր Հենրիխի խաղաոճով ֆուտբոլիստների քանակը մեծ չէ: Մխիթարյանը խելահեղ աշխատասիրություն ունի, յուրաքանչյուր խաղում նա 12 կմ-ից ավելի է վազում, ընդ որում մեծ ծավալի աշխատանք է կատարում բարձր արագության պայմաններում: Խլելով գնդակը, նա այնպիսի արագություն է հավաքում, որ ոչ մի ճնշմամբ հնարավոր չէ նրան կանգնեցնել: Նա վատ չի իրեն դրսեւորում գնդակը խլելիս, կարողանում է ճշգրիտ փոխանցումներ կատարել, տիրապետում է լավ հարվածների: Բոլորն էլ ցանկանում են իրենց կազմում ունենալ ադամանդ: Եվ Մխիթարյանի պես ֆուտբոլիստները չեն կարող չհայտնվել սելեկցիոներների ուշադրության կենտրոնում: - Իսկ ինչո՞ւ Մխիթարյանը չեմպիոնների լիգայում նույնպիսի վառ ու արդյունավետ խաղ չի կարողանում ցուցադրել, ինչպիսին դրսեւորում է Ուկրաինայի առաջնությունում: - Ուկրաինայում համարյա թե չկան պաշտպաններ, որոնք ունակ լինեն Հենրիխի հետ մրցել արագությամբ, միաժամանակ տիրապետեն գնդակը խլելու հմտությանը: Ուստի նրանք Հենրիխի հետ պայքարում կամ խախտում են կանոնները, կամ էլ թողնում են, որ նա իրենց շրջանցի: Իսկ ահա եվրոպական առաջատար ակումբներում բարձրակարգ պաշտպանների թիվը զգալիորեն մեծ է: Ունենալով ավելի բարձր ֆուտբոլային վարպետություն, նրանք ոչ թե վազում են ֆուտբոլիստի հետեւից, այլ կարողանում են կռահել նրա հետագա գործողությունների ընթացքը: Իսկ Հենրիխն այդ առումով բավականին կանխատեսելի է: Նա ամեն ինչ կատարում է մեծ արագությամբ, սակայն ոչ խորամանկորեն, ուստի դժվար չէ կռահել նրա ցանկությունը: Հաճախ արագ ու սուր գործելու Հենրիխի ցանկությունը նրան խանգարում է: Երբեմն լինում է, որ ուժերը չեն բավականացնում եզրափակիչ հարվածի համար: Սրանք այն թերություններն են, որ բխում են նրա արժանիքներից: Եթե Հենրիխին հաջողվի արագաշարժ գործողությունների հետ նաեւ կատարելագործել տեխնիկական զինանոցը, այն ավելի բազմազան դարձնել, ապա նա ավելի վտանգավոր ֆուտբոլիստ կդառնա: - Ի վերջո ամռանը Հենրիխը կհեռանա՞ «Շախտյորից»: - Հույս ունեմ, որ ոչ այս ամռանը: Կասկածում եմ, որ Հենրիխին Անգլիայի առաջնությունն է հարմար: Այնտեղ առաջին հերթին ատլետիկ ֆուտբոլ են ցուցադրում, խաղում են ուժի հաշվին: Եվ եթե Մխիթարյանն Անգլիայում էլ գործի այնպես, ինչպես «Շախտյորում», ապա պաշտպաններն ինչ-որ պահի կարող են նրան «կոտրել»: Քանի որ Հենրիխը սովոր է ազնիվ խաղալ, չխորամանկել: Բացի այդ էլ, անգլիական ակումբներում շատ մեծ է մրցակցությունը: Կկարողանա՞ Մխիթարյանը վաստակել մարզիչների այն վստահությունը, որը նա ունի Լուչեսկուի մոտ: Ասում են, որ ամենամեծ հետաքրքրությունը Հենրիխի հանդեպ ցուցաբերում է «Լիվերպուլը»: Սակայն, իմ կարծիքով, քանի դեռ Սուարեսը «Լիվերպուլում» է, Հենրիխն այդ թիմում ոչինչ չունի անելու: Մխիթարյանը «Լիվերպուլում» պարզապես կկորչի: Միակ արտասահմանյան թիմը, որում տեսնում եմ Մխիթարյանին, դա Դորտմունդի «Բորուսիան» է: - Անսպասելի էր: - Դա այդպես է: Ներկայիս «Բորուսիան» կարծես ստեղծված է հենց Մխիթարյանի համար: Այնտեղ նա իր տարերքում կհայտնվի: Մանավանդ, որ Յուրգեն Կլոպը սիրում է երիտասարդների հետ աշխատելՙ թիմում ընտանեկան մթնոլորտ ստեղծելով: Իմ կարծիքով, «Բորուսիայում» Մխիթարյանը կարող է հեշտությամբ փոխարինել ամռանը թիմից հեռացող Գյոտցեին: Ուստի, եթե Հենրիխին «Բորուսիա» հրավիրեին, նրա համար հանգիստ կլինեի: Սակայն այստեղ ամեն ինչ գումարի հետ է կապված: «Բորուսիան» չի վճարի տրանսֆերային այն գումարը, որը նշված է հայ ֆուտբոլիստի պայմանագրում: Այնպես որ գուցե Մխիթարյանին հարկ չկա շտապելու այլ թիմ տեղափոխվել: Նա դեռ մեկ-երկու մրցաշրջան կարող է խաղալ «Շախտյորում», ավելի կկատարելագործի իր տաղանդը կամ էլ նոր հմտություններ ձեռք կբերի: «Շախտյորում» նրա համար հարմարավետ պայմաններ են ստեղծված: Հենց այդ թիմը նպաստեց նրա ֆուտբոլային տաղանդի բացահայտմանը: Չպետք է մոռանալ նաեւ մարզչի դերի մասին: Լուչեսկուն նրան անվերապահորեն վստահում է ու տեսնում է կոնկրետ դիրքում: Իսկ այլ թիմ տեղափոխվելով, Հենրիխը կարող է չհարմարվել մթնոլորտին, գործող կանոններին: Տեսեք, թե ինչպիսի դժվարությամբ է Վիլիանը հարմարվում «Անժիում»: Բայց չէ՞ որ նա անհատապես ավելի ուժեղ ֆուտբոլիստ է: Սա մեկ անգամ եւս հաստատում է, որ ֆուտբոլիստի համար շատ կարեւոր է իրեն հարմար թիմում հայտնվելը: - Գուցե Մխիթարյանին այլ թիմ տեղափոխվել են դրդում նրան մոտ կանգնած մարդի՞կ, գործակա՞լը: - Անշուշտ, նրան շրջապատողները ցանկանում են գումար վաստակել այլ թիմ տեղափոխության ժամանակ: Բայց դա չի նշանակում, որ Հենրիխը դրանից կշահի: Մեկ անգամ եւս կրկնում եմ, որ Հենրիխի համար շատ կարեւոր է իրեն հարմար թիմում հայտնվելը: Դրանով պայմանավորված, նա կարող է շատ լավ խաղալ, կամ էլՙ կորչել: Ուստի, եթե ես լինեի Մխիթարյանի փոխարեն, չէի գերագնահատի իրավիճակը, որում գտնվում եմ: Որովհետեւ շատ մեծ է սխալվելու վտանգը: |