ԲԱԶՄԵՐԱՆԳ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆԸ Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Բոստոնի եւ Քեմբրիջի սահմանակից Ուոթերթաունը բազմերանգ քաղաք է, որը զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ ոստիկանությունն այնտեղ հայտնաբերեց Բոստոնի մարաթոնյան վազքի ժամանակ տեղի ունեցած պայթյունների կասկածյալներինՙ 26-ամյա Թամերլան Ցարնաեւին եւ եղբորըՙ 19-ամյա Ջոհարին: Կրակահերթի ժամանակ առաջինը սպանվեց, իսկ երկրորդը փախավ, բայց նույն օրը երեկոյան ձերբակալվեց: Ուոթերթաունի մասին հետաքրքրական ակնարկ է գրել «Բոստոն գլոբի» մայիսի 5-ի համարում թերթի թղթակցուհի Ժակլին Ռայսը : Ստորեւՙ թարգմանաբար քաղվածքներ այդ հոդվածից: Ոմանք «քնկոտ» քաղաք են անվանում: Ուրիշները նկարագրում են Ուոթերթաունը որպես երկու հարեւան խոշոր քաղաքներում (Բոստոն եւ Քեմբրիջ) աշխատող մարդկանց «իջեւանատուն»ՙ գիշերելու վայր: Մեծ Բոստոնի բնակիչները օգտվում են քաղաքի «Տարգետ» եւ «Բեստ բայ» մեծածախ խանութներից կամ ավտոմեքենաների գրանցման գրասենյակից: Բայց մշտական բնակիչների համար Ուոթերթաունը շատ ավելին է, քան այդ բոլորը: 32 հազարի հասնող համախմբված համայնք է ապրում այնտեղ չորս քառ. մղոն տարածության վրա, որտեղից անցնում է Չարլզ գետը: Ունի բանվորական թաղամասեր եւ խանութների, ռեստորանների եւ մշակութային կենտրոնների լայն ցանց: Մարդիկ հպարտ են իրենց քաղաքով: Միջոցառումների ժամանակ հաճախ կարելի է լսել «ես արդեն 40 (կամ 50) տարի այստեղ եմ ապրում» արտահայտությունը: Քաղաքի իշխանությունները հետաքննում են, թե ինչու Ցարնաեւ եղբայրները հատկապես Ուոթերթաունում էին ապաստանել Բոստոնում եւ Քեմբրիջում հայտնվելուց հետո: Բայց Ուոթերթաունի այս դեպքը առաջինը չէր քաղաքի պատմության մեջ: 2010-ի մայիսին քաղաքի իշխանությունները ձերբակալել էին երկու պակիստանցիների, որոնց կասկածում էին Նյու Յորքի «Թայմս սքուեր» հրապարակում ինքնաշարժի ձախողված պայթյուն կազմակերպելու մեջ: Բայց երկուսին էլ հետո բաց էին թողել հանցակազմի բացակայության պատճառով: Ինչպես Նյու Ինգլենդի շատ այլ քաղաքներում, Ուոթերթաունը մի ժամանակ մշակող արդյունաբերության «Մեքքան» էր, այժմՙ գերազանցապես գրասենյակային աշխատողների կենտրոն: Պաշտոնական տվյալներովՙ բնակիչներից 18.600-ը աշխատում է քաղաքում կամ այլուր: Բնակարանաշինությունը մեծ թափ է ստացել վերջին տարիներին: Ըստ վիճակագրական տվյալներիՙ քաղաքում ապրում են տարբեր էթնիկական խմբերՙ իտալացիներ, ֆրանսիացիներ, իռլանդացիներ, անգլիացիներ, գերմանացիներ, հույներ, ռուսներ, լեհեր եւ արաբներ: Բայց նրանց մեջ ամենաաչքի ընկնողը հայերն են, որոնց թիվը պաշտոնական տվյալներով 1.700-3.000 է, սակայն, ըստ տեղացի հայերի, շատ ավելի, քան այդ թիվը: Գործում են մի քանի հայկական եկեղեցիներ: Այնտեղ է նաեւ ԱԼՄԱ-նՙ Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանը: Հայերից շատերը 20-րդ դարի սկզբին են գաղթել այստեղ եւ հաստատվել, որովհետեւ կարողացել են աշխատանք գտնել քաղաքի արեւելյան մասում 1896-ին հիմնված «Հուդ Ռաբըր» գործարանում, որտեղ մինչեւ 10 հազար բանվոր է աշխատել: «Քուլիջ» հրապարակի տարածքը ճանաչված է որպես «փոքրիկ Հայաստան»: Այնտեղ են տեղակայված հայկական ռեստորաններն ու խանութները: Քաղաքի տարբեր մասերում գործում են հայկական թերթերի խմբագրություններ: «Քաղաքը փոքր է եւ ապահով: Մարդիկ սիրում են ոտքով ման գալ, եկեղեցի հաճախել եւ լսել իրենց մայրենի լեզուն», նշում է ԱԼՄԱ-ի կուրատոր Գարի Լինդ-Սինանյանը: Իսկ նույն գրադարան-թանգարանի նորանշանակ գործադիր տնօրեն Սյուզան Փաթին, որն ընդամենը 6 ամիս է այնտեղ, արդեն մերվել է տեղացի հայերի հետ եւ հասկանում է նրանց նվիրվածությունը քաղաքին: «Շատ հուզիչ է տեսնել, թե ինչպես տարբեր սերունդների ներկայացուցիչներ կապված են քաղաքին: Նրանք Ամերիկայի քաղաքացիներ են, բայց շարունակում են պահպանել իրենց ժառանգությունըՙ ստեղծելով այս ամերիկահայ մշակույթը», ասում է նա: |