ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ... ՍՊԱՆԵ՞Լ ԵՆ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Առաջիկա ամիսներին Ադրբեջանում կարծես սենսացիաների պակաս չի լինի: Մեկնարկը տվել է Մեհրիբան Ալիեւան, որը Միլլի մեջլիսում հայտարարել է, թե «ժամանակին Հեյդար Ալիեւի դեմ պայքարող մարդիկ հիմա նստած են այս դահլիճում»: Իշխող կուսակցությունում դրանից հետո «վհուկների որս» է սկսվել: «Ենի Ազարբայջան»-ի հիմնադիր անդամներից Մաքսիմ Մուսաեւը մեղադրանքներ է ներկայացրել կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովի եւ վերջինիս տեղակալ Մուբարիզ Գուրբանլիի դեմ` ասելով, որ նրանք «նախկինում այլ քաղաքական ուժերի շարքերում պայքարել են, որ Հեյդար Ալիեւը չվերադառնա իշխանության»: Վերոհիշյալը, սակայն, «անմեղ կատակ» է թվում այն տեղեկատվության համեմատ, որ azpolitika.az-ի միջոցով տարածել է Նախիջեւանի ԻՀ Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնում Հեյդար Ալիեւի իրավական հարցերով խորհրդատու Էմին Ջալիլովը: Ըստ haqqin.az-ի, Ջալիլովը azpolitika.az-ին ասել է, որ «Հեյդար Ալիեւը բնական մահով չի մահացել, նրա սպանությունը պետք է հետաքննվի, մեղավորները` պատժվեն» (տես` http://haqqin.az/news/5947): Ջալիլովն ասել է, որ այդ թեմայով հատուկ գիրք է հրապարակել: Նրա վարկածով Հեյդար Ալիեւի «սրտի խթանիչը, որ տեղադրվել է վիրահատության միջոցով, կառավարվել է դրսից» (նույն տեղում): «Դուրս» ասելով նա նկատի է ունեցել արտերկիրը եւ հիմնավորել, որ «իշխանության մեջ սեփական դիրքերն ամրապնդելուց հետո Հեյդար Ալիեւը գործել է Արեւմուտքի հետաքրքրություններից դուրս» (նույն տեղում): Այդ եզրահանգման համար Ջալիովն առաջ է քաշել վարկած, ըստ որի Հեյդար Ալիեւը «նավթային պայմանագրերի եւ ԼՂ հարցում իրեն զգացել է Արեւմուտքի կողմից խաբված եւ ձգտել, որ սխալն ուղղվի, իսկ դա հարուցել է Արեւմուտքի դժգոհությունը»: (նույն տեղում) Ջալիլովի համոզմամբ, Հեյդար Ալիեւի հետ պատահածը, երբ նա հրապարակային ելույթի ժամանակ ամբիոնի մոտ վայր է ընկել, «հետեւանք է սրտի խթանիչի վրա ազդեցության»: Այլ կերպ ասած, Ջալիլովը կարծում է, որ Հեյդար Ալիեւի սրտի աշխատանքը կանգ է առել, երբ տեղադրված խթանիչի վրա «արտերկրից ազդեցություն է եղել»: Ինչպես հայտնի է, Հեյդար Ալիեւը սրտի վիրահատության ենթարկվել է ԱՄՆ Քլիվլենդի կլինիկայում, հետեւաբար սրտի աշխատանքի խթանիչն էլ տեղադրել են ամերիկյան բժիշկները: Եվ միայն նրանք կարող էին «հեռակառավարել» Ադրբեջանի էքս-նախագահի սրտի աշխատանքը կամ այդ գաղտնիքը փոխանցել ամերիկյան կամ որեւէ այլ երկրի հատուկ ծառայություններին: Ջալիլովի հայտարարության մեջ առկա է մի նրբերանգ: Նա ասում է, որ «վերջին ժամանակներս մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել Թուրգութ Օզալի սպանությանը Հեյդար Ալիեւի իբր թե մասնակցության մասին, թեեւ դա սկզբունքորեն անհնար է» (նույն տեղում): Այս հանգամանքը լրացուցիչ սրություն է հաղորդում Հեյդար Ալիեւի «սպանության» մասին Էմին Ջալիլովի առաջադրած վարկածին: Հայտնի է, որ Հեյդար Ալիեւը նախավիրահատական բուժզննում է անցել Թուրքիայում` «Գյուլհանե» ռազմաբժշկական կենտրոնում: Այս հաստատությունն է նաեւ ընդունել «սրտի անբավարարությամբ» Թուրքիա հասցված Հեյդար Ալիեւին` ամբիոնի մոտ նրա վայր ընկնելուց մի քանի ժամ անց: Եվ այստեղից է նա տեղափոխվել ԱՄՆ, դարձյալ` Քլիվլենդի մասնագիտացված կլինիկա: Եթե Թուրքիայի էքս-նախագահ Օզալի սպանությանը Հեյդար Ալիեւի մասնակցության վերաբերյալ արտասահմանյան մամուլի տեղեկությունների վերաբերյալ Ջալիլովի ասածը «լեզվի թռիչք» չէ, ապա չի՞ ենթադրվում, որ նա ինչ-որ թափանցիկ ակնարկ է անում նաեւ «վրեժխնդրության տարբերակի» մասին: Իսկ դա խոսում է Հեյդար Ալիեւի «սպանության մեջ նաեւ թուրքական հետքի» մասին: Ջալիլովն ասել է, որ իր հեղինակած գիրքը կից նամակով ուղարկել է Իլհամ Ալիեւին: Նա կարծում է, որ Հեյդար Ալիեւի «սպանության»` իր առաջ քաշած վարկածը պետք է դառնա «հետաքննության առարկա»: Բայց այստեղ կարող են լրջագույն խնդիրներ ծագել: Բանն այն է, որ պաշտոնական վարկածի համաձայն Հեյդար Ալիեւի մահը վրա է հասել Քլիվլենդի մասնագիտական կլինիկայում: Մինչ այդ նա «հասցրել է» Իլհամ Ալիեւին նշանակել վարչապետ: Ջալիլովի վարկածով, մինչդեռ, ստացվում է, որ Հեյդար Ալիեւի սրտի խթանիչը դադարել է գործել, երբ նա ամբիոնի մոտ վայր է ընկել: Այսինքն, հենց այդ պահին էլ Հեյդար Ալիեւը մահացել է: Այդ դեպքում ո՞վ է ստորագրել Իլհամ Ալիեւին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը: Սա Ադրբեջանի ներքաղաքական կյանքի մեծագույն գաղտնիքն է, որի նկատառմամբ կարելի է վստահաբար ենթադրել, որ Իլհամ Ալիեւը չի արձագանքի Էմին Ջալիլովի խնդրանքին: |