ԼԱՎՐՈՎԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է «ԵՎՐՈՏԵՍԻԼՈՒՄ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 10 ՄԻԱՎՈՐԻ ԿՈՐՍՏԻՑ Պ. Ք. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Եվրոտեսիլում» ՌԴ ներկայացուցչուհուն տրված ձայների «կորուստը» անվանել է «զայրացուցիչ քայլ», որն անպատասխան չի մնա: Նման հայտարարությամբ նա մայիսի 21-ին հանդես է եկել իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ անցկացրած մամլո ասուլիսում: «Երբ մեր մասնակցից գողանում են 10 միավոր, դա չի ուրախացնում նախ եւ առաջ միջոցառման կազմակերպման տեսակետից», ընդգծել է Լավրովը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: Մամեդյարովը համաձայնել է, որ հարկավոր է քննել այդ «դետեկտիվ պատմությունը»: Ադրբեջանը Դինա Գարիպովային չի տվել ոչ մի միավոր, չնայած Բաքվի հանրային հեռուստատեսության ղեկավար Ջամիլ Գուլիեւի այն պնդմանը, թե հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով նա զբաղեցնում էր 2-րդ տեղը, այսինքն պետք է ստանար 10 միավոր: Նախագահ Իլհամ Ալիեւը պահանջել է պարզել միջադեպի պատճառները: Դինա Գարիպովան «Եվրոտեսիլում» գրավեց 5-րդ տեղը (174 միավոր): Նորվեգիան 4-րդ տեղում է 191 միավորով: Այսինքն 10 միավորը ոչինչ չէր փոխի: Մրցույթի հաղթող Դանիան ստացավ 281 միավոր: Ի դեպ, armnews հեռուստաալիքը ցուցադրեց, թե «Եվրոտեսիլի» եզրափակիչ փուլից առաջ ադրբեջանցիները Լիտվայում ինչպես էին 20 եվրո եւ հեռախոսի քարտ բաժանում ուսանողներին: Պետք է ենթադրել, որ նման կաշառքներ շատ են եղել, մանավանդ որ ներկայումս քվեարկության արդյունքները կիսով չափ կախված են մասնակից երկրների ժյուրիների գնահատականերից: |