ՍԻՐԻԱԿԱՆ, ԻՐԱՆԱԿԱՆ, ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ Վ. Պ. Վեստմինստերյան աբբայությունում անհայտ զինվորի հուշարձանին եւ հայ ժողովրդի բարեկամ, 19-րդ դարի բրիտանական ականավոր պետական գործիչ, ՄԹ նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնի շիրիմին ու նրա հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ մայիսի 20-ին մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագարավորություն: Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ: Ըստ ԱԳՆ հաղորդագրության, Ուիլյամ Հեյգը նշել է, որ երկու տարում, Հայաստանի ԱԳ նախարարի նախորդ այցից ի վեր, երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվելՙ հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, ակտիվացել են գործարարների կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման համար: Էդվարդ Նալբանդյանն ու Ուիլյամ Հեյգը հանգամանալից քննարկել են քաղաքական երկխոսության խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Նախարարներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: Հայաստանի եւ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի բանակցային գործընթացի վերաբերյալ: Զրուցակիցները մանրամասն քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը, ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի եւ կառուցողականության դրսեւորման պարագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում: Այս ենթատեքստում Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղարը իր երկրի աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հայաստանի արտգործնախարարի լոնդոնյան օրակարգը ներառում էր նաեւ հանդիպումներ Միացյալ Թագավորության խորհրդարանում: Նալբանդանը հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Ֆրանսես դ՛Սուզայի հետ` Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի մասնակցությամբ: Բրիտանական խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցությունների ներկայացնող, Հայաստանի հետ բարեկամական խմբին անդամակցող խորհրդարանի մի շարք անդամների հետ: Եվրոխորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին եւ ծրագրերի քննարկմանն է նվիրված եղել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոբերթ Ուոլթերսի հետ: |