ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԲԵՂՄՆԱՎՈՐ ՈՒՂԻՆ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լրացավ հայ նշանավոր մտավորականներից մեկիՙ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանի 70 տարին: Յուրի Սուվարյանը քաջածանոթ անուն է Հայաստանի գիտական հասարակայնությանը, հատկապես բուհական մտավորականությանը, ինչպես եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շրջանակներին: Հիրավիՙ զարմանալի, բովանդակալից եւ արգասաբեր կյանքով է ապրում ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, կարողանում համատեղել գիտական եւ մանկավարժական լարված աշխատանքը վարչականի հետ, բեղուն գրչով կյանքի կոչում մեկը մյուսից խոր եւ արժեքավոր հետազոտություններ, նպաստում բազմաթիվ ասպիրանտների ու հայցորդների գիտական կայացմանը, խորհրդատվություն իրականացնում ինչպես ՀՀ պետական զանազան մարմինների, այնպես էլ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների համար: Յու. Մ. Սուվարյանը ծնվել է 1943 թ. Լեռնային Ղարաբաղում, 1965 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ապաՙ ասպիրանտուրան: 1970-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1983-ինՙ դոկտորական ատենախոսություն: 1987-1994 թվականներին պրոֆեսոր Սուվարյանը, որպես Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ինչպես նաեւ տնտեսագիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահի տեղակալ, ապա նաեւՙ նախագահ, մեծապես նպաստել է բուհում գիտահետազոտական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: 2006 թ. դառնալով հարազատ բուհի ռեկտորՙ Յուրի Սուվարյանը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ կրթահամակարգի բովանդակային եւ կառուցվածքային արմատական վերափոխումներիՙ համահունչ միջազգային պահանջներին: Նրա ղեկավարության շրջանում տնտեսագիտական համալսարանը անցավ հանրապետության օրինակելի բուհ-երի առաջին շարքը: 2006 թ. Յուրի Սուվարյանն ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2010-ինՙ իսկական անդամ, 2011-ինՙ ընտրվել ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար: Բարեխղճորեն կատարելով իր պարտականություններն այդ պաշտոնում, նա որոշակի ավանդ է ներդրել «Հայագիտության զարգացման հայեցակարգի» եւ «2012-2025 թթ. հայագիտության զարգացման ռազմավարության» մշակման, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինասավորող հիմնադրամի ստեղծման գործում: Յուրի Սուվարյան քաղաքացու կերպարը հասկանալու համար կարեւոր է նշել նաեւ 1991-1992 թթ. նրա աշխատանքը որպես ՀՀ վարչապետի խորհրդական (համատեղության կարգով): Երկրի տնտեսության համար օրհասական այդ պայմաններում առավելագույնս պիտանի եղան Յու. Սուվարյանի համակարգային մտածելակերպը, արագ կողմնորոշվելու եւ վճռելու փորձը, տնտեսական եւ սոցիալական հիմնախնդիրների ներքին կապն զգալու ու դրանք համադրված լուծելու կարողությունը: 1994 թվականից Յուրի Սուվարյանը ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչն է: Նրա ջանքերով ամբիոնը վերածվել է գիտամանկավարժական հզոր կենտրոնի: Պատկառելի է հենց իրՙ ակադեմիկոս Սուվարյանի գիտական հրատարակությունների ցանկը. շուրջ 240 աշխատություն, որից 33-ը մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ: Նրա գիտահետազոտական աշխատանքի կարեւորագույն արդյունքներից են արտադրության արդյունավետության եւ ամբողջական աշխատանքի արտադրողականության գնահատման ու կառավարման նոր մեթոդաբանության մշակումը, ռազմավարական կառավարման կարեւորագույն հիմնախնդիրների նոր լուծումների, հանրային կառավարման տեսության յուրօրինակ հայեցակարգի հիմնավորումը, ՀՀ վարչատարածքային նոր բաժանման եւ տեղական ինքնակառավարման երկաստիճան համակարգի մշակումը, հայ կառավարչական մտքի զարգացման ընթացքի եւ միտումների բնութագրությունը, հանրապետության տնտեսական զարգացման վրա կրթության եւ գիտության ներազդեցության գնահատումը, գիտակրթական համակարգի կառավարման նոր հայեցակարգի առաջադրումը: Յու. Սուվարյանի ղեկավարությամբ ու խմբագրմամբ լույս է տեսել «Մենեջմենթ»ՙ հայերեն բուհական առաջին դասագիրքը (1999, 2002, 2009), որը եղավ վերջին շրջանի հայ տեսական-մանկավարժական մտքի նվաճումներից մեկը: Բուհական ուսուցման համակարգի արդիականացման մեջ պրոֆեսոր Յու. Սուվարյանի եւ նրա համախոհների ծանրակշիռ ներդրումը եղան «Ձեռնարկության արդյունավետ կառավարում» եւ «Ծառայությունների ոլորտի արդյունավետ կառավարում» էլեկտրոնային համակարգչային գործարար խաղերի մշակումն ու ներդրումը: Ակադեմիկոս Յու. Մ. Սուվարյանի գիտական ղեկավարությամբ մշակվել են մի շարք գործնական ուղղվածության ծրագրեր, մասնավորապեսՙ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (1994 թ.), ՀՀ երկաթուղային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը (1998 թ.), որոնք ընդունվել են հանրապետության գործադիր իշխանությունների կողմից եւ իրագործվել: Դժվար է գերագնահատել Յու. Սուվարյանի դերը տնտեսագիտական բարձրորակ կադրերի, գիտական հերթափոխի պատրաստման ասպարեզում: Անցած տարիներին նրա ղեկավարությամբ տնտեսագիտության թեկնածուի եւ դոկտորի աստիճան են ստացել բազմաթիվ ասպիրանտներ ու հայցորդներ: Ակադեմիկոս Յու. Սուվարյանի մասնագիտական բարձր կարողությունները, գիտամանկավարժական վաստակը գնահատված են «Անանիա Շիրակացի» (2000 թ.) եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի (2011 թ.), ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» (2013 թ.) մեդալներով: Իսկ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները նրան ընդգրկել են ամենահրատապ ծրագրերի մշակման մեջ: Նա մի շարք գիտական խորհուրդների ու ընկերությունների անդամ է, ՀՊՏՀ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ: Նա «Հանրային կառավարում», «Հայաստան. ֆինանսներ եւ էկոնոմիկա», «Բանբեր հայագիտության» եւ այլ հայրենական ու միջազգային գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է, Դոնի Ռոստովի պետական տնտեսագիտական, Արցախի պետական եւ այլ համալսարանների պատվավոր պրոֆեսոր: Իր հարուստ փորձը Յուրի Սուվարյանը տրամադրել է նաեւ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնների կայացմանը: Այժմ 70-ամյա մեր գործընկերը լի է եռանդով, նոր գաղափարներով ու ծրագրերով: Մաղթում ենք քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ: |