RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013



Տեղադրվել է` 2013-05-21 23:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2074, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 71

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՀԱՅԵՐԸՙ ՆՈՐ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Թարգմ. Հ. Ծ.

«Ռամկավար մամուլ» շրջաբերականի հերթական հոդվածը ճանաչված լրագրող Արթուր Հակոբյանի գրչին է պատկանում: Թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածի համառոտ տարբերակը:

Ավստրալիայի հայերի համար 2013 թվականը, կարելի է ասել, դարձավ այդ երկրում իրենց մոտ 100-ամյա գոյության ամենահետաքրքրական տարին: Հանգստացած, որ մայաների կանխատեսած աշխարհի վերջի առասպելը չիրականացավ, նրանք նորանոր ակնկալիքներով դիմավորեցին Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանինՙ թեմի նոր առաջնորդին, որը հունվարի 1-ից ստանձնեց իր պարտականություններըՙ փոխարինելով նորոք հանգուցյալ Աղան արքեպիսկոպոս Բալիոզյանին: Թեմի ղեկավարումը մի հոգեւոր հովվից մյուսին անցումը բավական հարթ ընթացավ շնորհիվ նախորդներիՙ Բալիոզյանի եւ նրանից առաջ Գարեգին արք. Գազանճյանի ամրակուռ կառավարման եւ ըմբռնողական մթնոլորտի ստեղծման:

Կացությունը Ավստրալիայում այժմ անհամեմատ տարբեր է մեկ դար առաջվա կացությունից, երբ առաջին հայ գաղթականները հաստատվեցին այնտեղ: Հայերի առաջին խմբերը ժամանել են «դաուն անդր» (երկրագնդի ներքեւի մասում գտնվող) կոչված այդ երկրամասը 19-րդ դ. կեսերին, երբ այնտեղ հայտնաբերվեցին ոսկու հանքեր: Կարգուրլիի «ոսկու տենդը» շատ այլ ազգերի ներկայացուցիչների եւս բերեց այդ մայրցամաքը: Սակայն մինչեւ 20-րդ դարի սկիզբը ձեւավորված հայկական համայնք չկար Ավստրալիայում: Մեծ թվով հայեր գաղթել են Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո: Հատկապես մեծ է եղել հոսքը Հեռավոր եւ Մերձավոր Արեւելքի երկրներից 60-ական թվերին: Նրանք մեծ մասամբ հաստատվել են Սիդնեյում եւ Մելբուռնում: Առաջին հոգեւորականը հայր Ասողիկ Ղազարյանը Ավստրալիա է ժամանել 1954-ին Սիդնեյում առաջին թեմական խորհրդի կազմավորումից հետո:

Ավստրալիան հայերին ձգել է նախ որպես ապահով ապաստան, այնուհետեւ որպես հնարավորությունների դրսեւորման երկիրը, որտեղ գնահատվում են ժողովրդավարական արժեքները: Նրանց թիվն այժմ անցնում է 50 հազարից: Նրանք աշխատասեր են եւ հավատարիմ քաղաքացիներ: Շատերն են հասել լավ դիրքերի: Գլադիս Պերեճիկյանը նոր հարավային Ուելսի տրանսպորտի նախարարն է, իսկ Ջո Հոքինՙ դաշնային ընդդիմության առաջնորդի տեղակալը: Արդյունաբերության ասպարեզում աչքի են ընկնում Սողոմոնյաններն ու Հովակիմյանները:

«Հայերը պետք է երախտապարտ զգան իրենց: Նրանք վայելում են կայուն, ժողովրդավարական կառավարության աջակցությունը բոլորՙ տնտեսական, առողջապահական, կրթական եւ այլ ոլորտներում: Ունեն հնարավորություն դրսեւորելու իրենց ընդունակությունները», հաստատում է համայնքի ղեկավարներից մեկը:

Հայկական համայնքում գործում են դպրոցներ, եկեղեցիներ եւ քաղաքական կուսակցություններ, որոնք թերթեր են հրատարակում եւ միջոցառումներ կազմակերպում տարբեր առիթներով:

Առիթներից մեկը ճանաչված ու սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի այցելությունն էր: «Դարլինգ Հարբրի» Տումբալոնգ այգում 15 հազարից ավելի երգարվեստի սիրահարների առաջ տված նրա համերգը մեծ ոգեւորություն առաջացրեց եւ աննախադեպ հաջողություն արձանագրեց: Երկրի տարբեր քաղաքներից երիտասարդներ ու մեծահասակներ հատուկ ժամանել էինՙ լսելու նրա ինչպես սիրային, այնպես էլ հայրենասիրական երգերը:

Հիշատակության արժանի են նաեւ «Ավստրալիայի օրվա» տոնակատարությունները: Հայկական համայնքում ակտիվ գործունեություն են ծավալում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, ինչպես նաեւ երիտասարդական եկեղեցական եւ թատերական կազմակերպությունները: Սակայն մեծահասակների մեջ հատկապես նկատելի են անցած, հին օրերի նկատմամբ կարոտախտի նշույլներ:

«Իմ ապրած թաղամասում ոչ մեկն իմ օտար հարեւաններից դուռս չի թակում», բողոքում է տարեց մի հայուհի, որն արդեն 20 տարի Ավստրալիայում է բնակվում: «Եթե Բուրջ Համուդում (Բեյրութ) կամ հին քաղաքում (Երուսաղեմ) լինեինք, ամբողջ թաղը կթնդար հայկական երգ ու երաժշտությամբ, նարդու թխկոցներով ու քաբաբի հոտն էլ կտարածվեր չորս բոլորը: Շատ եմ սիրում ամեն ինչը այստեղ, բայց չեմ կարողանում հարմարվել տեղացիների «անտարբերությանը», այս «օտարությանը», եզրակացնում է նա:

Սփյուռքում ապրող հայի ճակատագիր:

Սիդնեյ, Ավստրալիա

Նկար 1. Հայկազուն եպս. Նաջարյան

Նկար 2. Աղան արք. Բալիոզյան

Նկար 3. Գարեգին արք. Գազանճյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 22-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ