«ՊԱՂՏԱՍԱՐ ԱՂԲԱՐ» ՕՊԵՐԵՏԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԱՅՍՕՐ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հակոբ Պարոնյան «Պաղտասար աղբար» ստեղծագործության օպերետի պրեմիերան տեղի կունենա այսօր` մայիսի 22-ին, նվիրված Հակոբ Պարոնյանի ծննդյան 170-ամյակին: Օպերետի կոմպոզիտորն ու բեմադրիչը Հրանտ Աղաջանյանն է: Հայկական բեմում առաջին անգամ է ցուցադրվելու «Պաղտասար աղբար» ստեղծագործությունը` որպես օպերետ, որի բեմականացումն լինելու է դասական մոտիվներով: Օպերետի մասին կոմպոզիտորն ու բեմադրիչը` Հրանտ Աղաջանյանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Պաղտասար աղբար»-ը իրավունք չունի իր մեջ պարունակել էլմենտներ, որոնք ժամանակի ընթացքում դուրս գան ու հնանան: Դասականը պետք է մնա դասական, որը երբեք չի հնանում»: Պաղտասարի դերը կմարմնավորի Վանիկ Մկրտչյանը, որը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իր կերպարը ներկայացնելու է այնպես, ինչպես ստեղծել է Պարոնյանը` պահպանելով բոլոր այն զգացողությունն ու կյանքը, որը կար հենց այդ ստեղծագործության մեջ: Բեմադրության հեղինակը ասաց նաեւ, որ օպերետում խաղալու համար մարդ պետք է երկկողմանի տաղանդավոր լինի` ունենալով դերասանական վարպետություն,. ինչպես նաեւ ձայնային լավ տվյալներ. «Դասական օպերետն իր մեջ քաղաքային կամ ժողովրդական երաժշտություն չի պարունակում»: Հրանտ Աղաջանյանն ուրախությամբ ընդգծեց նաեւ, որ օպերետը հյուրախաղերով կներկայացնեն նաեւ արտերկրում, քանի որ սփյուռքահայությունը երգի եւ երաժշտության մեծ սիրահար է. «Պետք է հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ օպերետը արեւմտահայերեն է, որը մեծ հետաքրքրություն կառաջացնի մեր հայրենակիցների շրջանում»: Ըստ դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանի, կարողացել են իր տեսակի մեջ յուրօրինակ դասական օպերետ ստեղծել: Ներկայացման մեջ խաղալու են նաեւ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Մխիթար Մելքոնյանը, «Մհեր Մկրտչյան» թատրոնի դերասան Արթուր Հակոբյանը, դերասաններ Նարեկ Ներսիսյանը, Արտաշես եւ Հրանտ Աբրահամյանները եւ այլք: |