ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՈՏԱՆ ՀԷԿ-Ը ՉԻ ՎԱՃԱՌՎԻ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայաստանի էներգետիկ ոլորտի մասին հարցերին պատասխանեցին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի կառավարությունը գազի սակագնի սուբսիդավորման նպատակով չի պատրաստվում վաճառել Որոտանի ՀԷԿ-ը: Այս մասին լրագրողներին երեկ հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը : Նա մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի ունեցած «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով համաժողովին: Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունը դեռ շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ, որոնց ավարտից հետո պարզ կդառնա, թե ինչ միջոցներով է իրականացվելու գազի գնի սուբսիդավորումը: «Մինչեւ բանակցությունների ավարտը գազի գինը Հայաստանի համար կլինի 180 դոլար», նշեց նա: Հարցին, թե ճի՞շտ է, որ Ռուսաստանի ճնշման ներքո է հայ-իրանական 40 կմ երկարությամբ գազատարը հաձնվել «Հայռուսգազարդին», Արմեն Մովսիսյանը բացասական պատասխանեց, ասելով, որ գազատարը շահագործելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ: Մինչդեռ 40 կմ-ի համար նման ստորաբաժանում ստեղծելն ուղղակի անիմաստ է: Վրաստանում ավելի գազի գնի մասին խոսելովՙ էներգետիկայի նախարարն ասաց, որ Վրաստանով անցնում է Ադրբեջանից դեպի Թուրքիա անցնող գազատարը, եւ Վրաստանը տարանցելու համար ստանում է համապատասխան վճար եւ էժան գազ: Նա նաեւ նշեց, որ Իրանի գազի գինն ավելի թանկ է, քան Ռուսաստանի առաջարկվող գինը: Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանից ստացվող գազի բարձր գնի մասին հարց ուղղվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Նա հաստատեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կան, ավելացնելով, որ քանի դեռ Իրանը ցույց չի տվել, որ միջուկային ծրագրերի առումով իր պարտավորությունները հարգում է, չի աշխատում միջուկային զենքի մշակման ուղղությամբ, պատժամիջոցները կպահպանվեն: «Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, հարգում է այդ պատժամիջոցները, եւ մենք ողջունում ենք Հայաստանի այդ քայլը», ասաց դեսպանը: Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ էլ Ջոն Հեֆերնը փաստեց, որ բանակցությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ են, եւ իր երկիրը այդ հարցում ներգրավված չէ: «Սակայն դա հասարակական հնչեղություն ունեցող հարց է, եւ մենք հորդորում ենք, որ այդ աշխատանքները կատարվեն առավելագույն թափանցիկության ապահովմամբ», ասաց նա: Վառելիքի տեսակներից մեկի գնի տատանումների դեպքում էլեկտրաէներգիայի գնի տատանումներ չլինելու համար էլ Հայաստանում ԱՄՆ դեսպանը կարեւորեց էներգետիկայի դիվերսիֆիկացումը եւ վերականգնվող էներգիան: Ջոն Հեֆերնը որպես էներգիայի այլընտրանքային աղբյուրներ նշեց քամին, արեւը եւ ջուրը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱՄՆ երկրաբանական ծառայության աշխատակիցներն անցած տարի Հայաստանում թերթաքարի որոնման աշխատանքներ են տարել: Նրանք այժմ զբաղվում են այդ տվյալները վերլուծելով, եւ արդյունքները, լինելուն պես, կներկայացվեն Հայաստանի կառավարությանը: |