ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու եւս մի փորձ է ձեռնարկել պաշտոնական Բաքուն: Այս անգամ հատուկ բանագնացի դեր վերապահված էր Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեին, որի Թեհրան կատարած այցը նշանավորվեց ադրբեջանցի երկու կալանավորի ազատ արձակման պայմանավորվածությամբ: Անկասկած, ադրբեջանցի աշխարհիկ որեւէ պաշտոնյայի հանդեպ իրանական կողմը նման մեծահոգություն չէր ցուցաբերի. ձերբակալված Խալիդա Խալիդը եւ նրա օգնականը մեղադրվում էին Իրանի դեմ «թշնամանք սերմանելու» մեջ, եւ նրանց սպասում էր երկարատեւ կալանք: Հանուն Փաշազադեի հեղինակության արված զիջումն, անկասկած, իրանական դիվանագիտության ձեռքբերումն է: Խնդիրն անձը կարեւորելը չէ, այլ` կրոնական առաջնորդին: Պատահական չէ, որ նույն օրերին, երբ Փաշազադեն գտնվում էր Իրանում, Ադրբեջանի իսլամական կուսակցությունը եւս մեկ անգամ հիշեցրեց իր քաղաքական հավականությունների մասին: Կուսակցությունը, որն Ադրբեջանում պետական գրանցում չունի, ստորագրահավաք է նախաձեռնել` անազատության մեջ գտնվող առաջնորդին` հաջի Մովսում Սամադովին հոկտեմբերին կայանալիք ընտրություններին նախագահի թեկնածու առաջադրելու համար: Ինչպես հաղորդում է fakxeber.az-ը, մեկ օրվա ընթացքում Բաքվի Նիզամիի եւ Խաթայիի շրջաններում Մովսում Սամադովի թեկնածությունը պաշտպանող հանրագիրը ստորագրել է 13 հազ. մարդ: Իսկ Ադրբեջանի գյուղական բնակավայրերում իսլամական կուսակցության առաջնորդին թեկնածությունն առաջադրելու խնդրանքով նամակին միացել է 54 հազ. մարդ: Իսլամական կուսակցությունն այդ առթիվ տարածել է հայտարարություն, որով կոչ է անում Ադրբեջանում «անցկացնել արդարացի ընտրություններ»: Իսլամականները կարծում են, որ արդարացի ընտրություններ անցկացնելու դեպքում իրենց թեկնածուի հաղթանակն անառարկելի կդառնա, քանի որ «մարդիկ լավ գիտեն հաջի Մովսում Սամադովի անձնական բարձր հատկանիշները»: Հաջի Մովսում Սամադովը 2011թ. դատապարտվել է 12 տարվա ազատազրկման եւ ներկայումս պատիժը կրում է թ.11 քրեակատարողական հիմնարկում: Տարեսկզբին տեղեկություններ էին տարածվել, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, որի պատճառով բանտից տեղափոխվել է քրեակատարողական ծառայության հատուկ բուժհաստատություն: Այնուհետեւ քրեակատարողական ծառայությունից մամուլին տեղեկացել էին, որ Մովսում Սամադովը վերստին տեղափոխվել է բանտ, «սակայն որոշակի ժամանակահատված պետք է գտնվի հսկողության տակ»: Ադրբեջանի իսլամական կուսակցության երեկ տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ հաջի Մովսում Սամադովը «բողոքում է աջ ոտքի երակների լայնացումից, ինչպես նաեւ սրտի եւ լյարդի շրջանում ցավերից» (http://salamnews.org/ru/news/read/57742/predsedatel-ipa-movsum-samedov): Կուսակցությունը հավատում է, որ «ադրբեջանական ժողովուրդը կունենա ազատ կամքի արտահայտություն եւ կոռումպացված իշխանություններին կհեռացնի»: Ադրբեջանի իսլամական կուսակցությունն ավելի վաղ հանդես էր եկել Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների դեմ: Նա ավանդաբար համարվում է «Ադրբեջանում իրանական հինգերորդ զորասյուն»: Վերջերս, սակայն, կուսակցությունը ողջունել էր դավանանքի ազատության մասին ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում Ադրբեջանի հասցեին քննադատությունը եւ հույս հայտնել, որ իշխանությունները դրանից հետեւություններ կանեն: Իսլամականների տարածած հայտարարության մեջ հատուկ ընդգծված է, որ Ադրբեջանի «սահմանադրությունը քաղաքացիներին տալիս է ազատություններ, բայց դրանք օրենքներով խլվում են»: Հատկապես ընդգծված է կրթության օրենքով հիջաբ կրելու արգելքը` որպես խղճի ազատության սահմանափակում: Հաջի Մովսում Սամադովը ձերբակալվել էր հիջաբի համար զանգվածային բողոքի ցույցերից մեկի ժամանակ` կրթության նախարարության շենքի մոտ: Հետաքննությունը, սակայն, նրան ներկայացրել է «պետական դավաճանության» մեղադրանք: Անկախությունից ի վեր առաջին անգամ է, որ Ադրբեջանում իսլամական կուսակցությունը նախագահի պաշտոնի համար պայքարի հայտ է ներկայացնում եւ արժանանում զանգվածային աջակցության: Իսլամն Ադրբեջանում դառնում է քաղաքական գործոն: Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւն սկսել է մզկիթներ կառուցել եւ ներկայանալ դրանց բացմանը: Խնդիրն այն է, թե որքանո՞վ են մարդիկ հավատում նրա «բարեպաշտությանը»: Իսկ իսլամական կուսակցությունն արդեն իսկ տասնյակհազարավոր համակիրներ է հավաքագրել: Արդյոք «իսլամական հեղափոխությա՞ն» նպատակով, թե՞ դա էլ իշխանությունների նախագիծն է: |