RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Գործնական սատարում

Տեղադրվել է` 2013-05-22 23:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1876, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻՆ

ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու

Մեկդարյա ուրվագիծՙ Առաջին աշխարհամարտից մինչեւ Արցախյան ազատամարտ

Առաջին աշխարհամարտի (1914-1918 թթ.) ընթացքում ու դրան հաջորդող տարիներին առավելապես առաջին սերնդի ամերիկահայերի համար հայրենի ժողովրդի սատարմանն ուղղված ջանքերը եղել են գործնական ու ծանրակշիռՙ կրելով թե՛ քաղաքական ու դիվանագիտական եւ թե՛ հասարակական, տնտեսական ու ռազմական բնույթ: Վերջինս արտահայտվել է ռազմամթերքի, դրամական միջոցների, ինչպես նաեւ մարդկային ուժիՙ կամավորների առաքումով, որն իրականացվել է գլխավորապես հայ քաղաքական տարբեր կուսակցությունների ու կազմակերպությունների կողմից:

Պատերազմի հենց սկզբից ամերիկահայ մի խումբ ազգայինների ջանքերով հնարավոր է դարձել համախմբել տեղի հայ քաղաքական տարբեր ուղղությունները, որոնք ժողովրդի ու հայրենի երկրի համար ճակատագրական այդ պահին, որոշ բացառությամբ, հանդես են բերել միասնաբար գործելու պատրաստակամություն: Նման առաջին քայլն իրականացվել է ամերիկահայոց առաջնորդ Մուշեղ արք. Սերոբյանի ջանքերով, որը գաղութի ներսում կազմակերպված ու հավաքական շարժում սկզբնավորելու, ինչպես նաեւ կովկասահայության շրջանում ծագած ինքնապաշտպանական շարժմանն արձագանքելու նպատակով իր բնակարանում հրավիրել է ժողովՙ չորս կուսակցությունների (Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցական, Վերակազմյալ հնչակյան, Հայ սահմանադրական ռամկավար) մասնակցությամբ: Յուրաքանչյուր կուսակցությունից ընտրված երկուական ներկայացուցիչներից բաղկացած միջկուսակցական մարմինը 1914 թ. նոյեմբերին Բոստոնում հրավիրել է Միջկուսակցական խորհրդաժողով, որն ընդունել է ազգային չորս կուսակցությունների համատեղ գործունեության ծրագիր: Խորհրդաժողովի նպատակն էրՙ «աջակցել հայ ազատագրութեան համար ներկայ պատերազմին առթիւ ըլլալիք համազգային ջանքերուն, օգնել այժմ իսկ երկրի մէջ կռուող խումբերու, զինեալ շարժում յառաջ բերել, երբ կարելի ըլլայ Դաշնակից պետութեանց հաւանութիւնը եւ օժանդակութիւնը ստանալ, դիվանագիտական հետապնդումներ կատարել»: Խորհրդաժողովին հաջողվել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ համատեղ ջանքերով Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի միջոցով ստանալ ցարական կառավարության համաձայնությունն ու հովանավորությունըՙ Կովկասում ռուսական բանակի կազմում կռվելու պատրաստ ամերիկահայ երիտասարդ կամավորներ առաքելու եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ: Որոշվել էր կովկասահայ կռվող խմբերին հատկացնել հանձնախմբի տրամադրության տակ եղած ողջ դրամական միջոցների 25%-ը:

1914 թ. դեկտեմբերին խորհրդաժողովին ամերիկահայոց առաջնորդարանից երկուական ներկայացուցիչների մասնակցությունը համազգային բնույթ է հաղորդել հիշյալ միջկուսակցական մարմնինՙ այն վերանվանելով Ազգային պաշտպանության ամերիկահայ հանձնախումբ (ԱՊԱՀ):

Միաժամանակ, ՀՅԴ կուսակցության գործիչները կարողացել էին ստանալ ռուսական կառավարության պաշտոնական հավաստումը արեւմտահայության ազատագրման վերաբերյալ, ինչպես նաեւ հասնել կամավորական շարժումը կազմակերպելու նպատակով Կովկասում (Թիֆլիս) Ազգային բյուրոյի ստեղծմանը: Դա է պատճառը, որ հանձնախմբում Դաշնակցության ներկայացուցիչները պահանջում էին կամավորական շարժմանն աջակցելու նպատակով ԱՄՆ-ում հանգանակվող գումարի կեսն առաքել Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից վավերացված Թիֆլիսի Ազգային բյուրոյին, իսկ մյուս կեսը տրամադրել ինչպես ամերիկահայ կամավորների կարիքների, նույնպես եւ հայրենի երկրի տարբեր շրջաններում հեղափոխական շարժումներ առաջ բերելու համար: Այս առաջարկությունը չի ընդունվել հանձնախմբի կողմից, այլ որոշվել է հանգանակվող գումարի զգալի մասը հատկացնել Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորության ներքո Սբ Էջմիածնում կազմավորված Խառը հանձնախմբին, իսկ 25%-ը ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի միջոցով փոխանցել Կովկասՙ «միմիայն երկիր մեկնած կամ մեկնելիք հայ կամաւորներուն անխտիր»: Արդյունքում տարբեր քաղաքական ուղղությունների միջեւ պահպանվող համերաշխ գործակցությունը խախտվել է, եւ ՀՅԴ-ն հեռացվել է հանձնախմբի կազմից:

Կովկասում հայ կամավորական շարժմանը սատարելու նպատակով հանգանակվել էր 160.000 դոլար, ընդ որում, ԱՊԱՀ-ըՙ 60.000, իսկ առանձին ՀՅԴ-նՙ 100.000 դոլար: Դաշնակցությունը ընդամենը երկու ամիսների ընթացքում Կովկաս է առաքել 800 կամավոր:

Անտանտի տերությունների առջեւ Հայ դատը ներկայացնելու նպատակով 1912 թ. Փարիզում հիմնված Ազգային պատվիրակության նախագահ, Ամենայն հայոց կաթողիկոսի դիվանագիտական ներկայացուցիչ Պողոս Նուբարի եւ Կահիրեում գործող ՀԲԸՄ ջանքերով, Եգիպտոսի օրինակով, մի խումբ ամերիկահայերի կողմից (դոկտոր Ս. Մ. Գաբրիելյան, Մ. Սվազլը, պատվ. Խ. Կ. Պեննեյան եւ այլք) ԱՄՆ-ում եւս ստեղծվել էր Ազգային շահերի պաշտպանության միությունը (ԱՇՊՄ): Բաղկացած էր հայ քաղաքական չորս կուսակցություններից, Հայ առաքելական եւ Հայ ավետարանական եկեղեցիներից ու ՀԲԸՄ-ից ընտրված ներկայացուցիչներից: ՀՅԴ-ն հրաժարվել է ենթարկվել Ազգային պատվիրակության եւ անձամբ Պ. Նուբարի հսկողությանը եւ գործել է անկախ ընդհուպ 1917 թ. սկիզբը:

Պ. Նուբարի ջանքերով Ազգային պաշտպանության ամերիկահայ հանձնախումբն ու Ազգային շահերի պաշտպանության միությունը համագործակցված զգալի օգնություն են առաքել Սբ Էջմիածինՙ ի նպաստ հայ գաղթականների, Կովկասում ապաստանած փախստականների ու կամավորների: Ծրագրված էր նաեւ բոլոր միջոցներով սատարել Փարիզի Ազգային պատվիրակությանըՙ Կիլիկիայի ազատագրման ու Եվրոպայում եւ Ամերիկայում Հայ դատի պաշտպանությունը հետամտող նրա քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական բնույթի ջանքերին:

1915 թ. սեպտեմբերին ազգային վերոհիշյալ երկու կազմակերպությունները (ԱՊԱՀ եւ ԱՇՊՄ) միավորվել են որպես Ազգային պաշտպանության Ամերիկայի միություն (ԱՊԱՄ)ՙ աջակցելու Փարիզի Ազգային պատվիրակությանը: Միությունը բաղկացած էր ազգային վեց կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներից (ՍԴՀ, ՎՀ, ՀՍՌ կուսակցություններ, ՀԲԸՄ, Հայ առաքելական եւ Հայ ավետարանական եկեղեցիներ): Նոր միության կազմում էին Մ. Սվազլըն (ատենապետ), Ա. Նազարեթյանը (ատենադպիր), Բաբկեն եպս. Կյուլեսերյանը եւ այլք:

Ազգային պաշտպանության Ամերիկայի միության ջանքերով կազմակերպվել են հայրենանպաստ հանգանակություններ, որոնց արդյունքը բաժանվել է հետեւյալ սկզբունքով. գումարի 100% բաժնի 25%-ը Հայոց կաթողիկոսի միջոցովՙ Կովկասի հայ կամավորներին, 25%-ը կրկին կաթողիկոսի կամ Պ. Նուբարի միջոցովՙ Կովկասում ապաստանած հայ կարոտյալներին, իսկ մնացած 50%-ը ուղարկվել է Փարիզի Ազգային պատվիրակությանը: Հետագայում, Պ. Նուբարի կարգադրությամբ, որոշվել է հանգանակությունների արդյունքները լիովին առաքել անձամբ կաթողիկոսինՙ գումարի կես բաժինը հատկացնելու Կովկասի կամավորներին, իսկ կեսըՙ փախստականներին: Միությունն իր գոյության ընթացքում նյութական ու բարոյական զգալի օգնություն է տրամադրել նաեւ Կիլիկիո կաթողիկոսին, Կ. Պոլսի հայոց պատրիարքին, Թիֆլիսում Հայաստանի վերաշինության հանձնախմբին, ինչպես նաեւ Ամերիկյան նպաստամատույց ընկերությանը, Ռուս-ամերիկյան նպաստից ընկերությանը եւ այլոց: Միությունը բժշկական օգնություն, սնունդ, հագուստեղեն է առաքել Կովկասում ապաստանած հայ փախստականներին, մշտապես կապ պահպանել ԱՄՆ-ի պետական շրջանների ու հայասեր ամերիկացիների հետ, ջանքեր գործադրել վերականգնելու ՀՅԴ-ի հետ համագործակցությունը:

Առաջին աշխարհամարտի հետեւանքով Օսմանյան կայսրությունում արեւմտահայության կյանքի ու գույքի անձեռնմխելիության պահպանման համար ստեղծված անբարենպաստ ու օրեցօր վատթարացող պայմանները պատճառ էին դարձել օսմանցիների դեմ Կովկասում կռվող ռուսական ցարական զորքերին սատարելու նպատակով այդտեղ հայրենասեր հայերից բաղկացած ջոկատների կազմակերպմանը: Կարճ ժամանակում սրանք համալրվել են ոչ միայն Կովկասից եւ Ռուսաստանի մյուս շրջաններից, այլ նաեւ աշխարհի տարբեր կողմերից (Բուլղարիա, Ռումինիա, Եգիպտոս), ինչպես նաեւ հեռավոր ԱՄՆ-ից ժամանած վրեժով ու ատելությամբ, բայց եւ ազատատենչ ոգով տոգորված հայազգի անձնուրաց երիտասարդներով: Կամավորական շարժման նշանաբանն էրՙ «Ինքնավարութիւն վեց վիլայէթներու եւ անոնց անբաժան մասը կազմող Կիլիկիայիՙ Ռուսաստանի հզօր հովանաւորութեան տակ»:

Ամերիկահայերն իրենց գործուն մասնակցությունն են ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին եւ հետո Կովկասում, ապաՙ Կիլիկիայում կազմակերպված կամավորական շարժումներինՙ սկսած 1915 թ. Վանի ինքնապաշտպանական կռիվներից մինչեւ 1918 թ. Արարայի ճակատամարտըՙ Անտանտի տերությունների, ցարական Ռուսաստանի եւ Ֆրանսիայի զորամիավորումների հետ կողք կողքի քաջաբար մարտնչելով գերմանա-թուրքական ուժերի դեմ:

Արդեն 1915 թ. ԱՄՆ-ումՙ Բոստոնում, հիմնվել է Հայ ազգային զինյալ խումբը (ՀԱԶԽ) (Armenian National Military Society-ANMS), որը կազմակերպվել է «Հրայր» զինյալ խումբըՙ նպատակ ունենալով ամերիկահայ երիտասարդներին մարզել միանալու բնօրրանում ծավալվող ազատագրական շարժումներին: ԱՄՆ դրոշի կողքին ամերիկահայ կամավորներն ունեին նաեւ կարմիր-սպիտակ-կանաչ գույներով իրենց եռագույն դրոշը, որին ի պատիվ նույն թվականին ՀԱԶԽ-ը նույնիսկ թողարկել է «Յարգանք Դրօշակին» խորագրով փոստային բացիկՙ դրանով իսկ նպատակ ունենալով ԱՄՆ-ում հայ կամավորական շարժմանն ընդգրկուն եւ կազմակերպված բնույթ հաղորդել: 1915 թ. մայիսի 31-ին հավաքագրվել է ամերիկահայ հնչակյան կամավորների Ավշարյան Ա խումբը, որի մասին է փաստում նաեւ պահպանված նույնպիսի եռագույն դրոշըՙ համապատասխան գրությամբ: Արդեն 1917 թ. Նյու Յորքի հայկական եկեղեցու գավիթում հավաքագրվել է ամերիկահայ կամավորների թվով յոթերորդ խումբը: Ամերիկայից եկած կամաւորները գրեթէ բոլորն էլ գալիս են իրենց սեփական ծախսով եւ միաժամանակ իրենց հետ բերում են մեծ քանակութեամբ ընտիր զէնքեր:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից տարբեր ճանապարհներով հայրենի երկրի ազատագրմանը մասնակցելու նպատակով Կովկասյան ռազմաճակատ է մեկնել շուրջ 3.000 հայ:

Ամերիկահայությունը Կովկաս կամավորներ տրամադրելուց բացի զգալի նյութական նպաստ է հատկացրել վերոհիշյալ շարժմանը: Այսպես, միայն ԱՄՆ-ի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն 1915-1917 թթ. Թիֆլիսի Ազգային բյուրոյին էր ուղարկել 328.047 ռուբլի գումար, իսկ ընդհանուր առմամբ, ողջ ամերիկահայությունը կովկասյան կամավորական շարժմանը տրամադրել է շուրջ 342.000 դոլար:

1915 թ. դեկտեմբերին ռուսական գերագույն հրամանատարության որոշմամբ կովկասյան հայ կամավորական խմբերի լուծարումը համընդհանուր լքման պատճառ է դարձել. հեռացել են կամավորների զգալի մասըՙ արեւմտահայերն ու ամերիկահայերը: Միաժամանակ, առաջ են եկել նաեւ հարակից դժվարություններՙ կապված նպաստի, բժշկության, հաշմանդամության, հետդարձի եւ այլ նյութական ծախսերի հետ: Բյուրոն Բոստոնի կենտրոնական կոմիտեի միջոցով վճարել է ամերիկահայ միայն 430 կամավորների վերադարձի ճանապարհածախսըՙ ընդհանուր 60.600 ռուբլի արժեքով, ինչպես նաեւ նվիրատվություններից ու կազմակերպված տարբեր վաճառահանումներից ստացված գումարով սահմանել նպաստ զոհված կամավորների ընտանիքներին եւ այլն:

Վերջը` հաջորդ համարում

Նկար 1. Ամերիկահայ կամավորներին մարզող «Հրայր» խումբը, Բոստոն

Նկար 2. Ամերիկահայ ազգային միության շնորհակալագիրը կամավորներին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ