ՕՐԻՆԱԳԾԵՐ, ՈՐՈՆՔ ԴԵՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Առողջ հասարակության բարձրագույն արժեքն ընտանիքն է: Խարխլելով ընտանիքի մոդելը` խարխլում են նաեւ հասարակության կառուցվածքը: Մասնավորապես միասեռականների ամուսնություններն ուղղված են հենց քրիստոնեական ընտանիքի կառուցվածքը քանդելուն, հետեւաբար եւ առողջ հասարակությունը վերացնելուն: Մարդկության զանգվածային փոփոխության ծրագիրը Հայաստանում նույնպես սկսել է հանդես գալ օրենքի նախագծերի ու օրինագծերի տեսքով: Խտրականության դեմ պայքարի օրինագիծը, որը դեռ վերջնական տեսքի չի վերածվել ու դեռ չի մտել Ազգային Ժողով, եւ կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների մասին օրինագիծը, որը ԱԺ-ում 3-րդ ընթերցումն արդեն անցել է ու սպասում է հանրապետության նախագահի ստորագրությանը, հենց ապացույցն են, որ կա համակարգային մի ճնշում ի վնաս նորմալ, առողջ ընտանիքների: «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միության ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանը երեկ «Իրատես դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ խտրականության դեմ պայքարի օրինագծի կապակցությամբ հանդիպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին ու վերջինից բառացիորեն ստացել հետեւյալ պատասխանը. «Այո, Եվրոպան մեզ պարտադրում է»: Այսինքն` Եվրոպա ինտեգրվելու մի նախապայմանն էլ միասեռականներին օրենքի ուժով ազատություն տալն է: Խաչիկ Ստամբոլցյանը շեշտում է, որ Հոլանդիայում նույնիսկ ուզում են օրինականացնել մանկապղծության ու արյունապղծության մասին նախագծերը, եւ Եվրոմիության մեջ մտնելու գինը դառնում են ոչ միայն միասեռականներին ընդունող, այլեւ մանկապղծությունն ու արյունապղծությունն ընդունող օրենքները: Ըստ Խաչիկ Ստամբոլցյանի` Հոլանդիայում նույնիսկ գոյություն ունի մանկապիղծների կուսակցություն: Հայաստանում մտավախությունը, ինչպես նշեցինք, առայժմ երկու նախագծերի հետ է կապված: Խտրականության դեմ պայքարի օրինագիծը մշակել է մարդու իրավունքների պաշտպանը, կամ, ինչպես Խաչիկ Ստամբոլցյանն է ասում, նրան օրինագիծը պարզապես թելադրել են, ոչ թե ինքն է մշակել: Օմբուդսմենը առայժմ չի ստորագրել, բայց պետք է ստորագրի սեպտեմբերին, հիմա նախագիծն անցնում է միջազգային փորձագիտություն Վենետիկի հանձնաժողովում: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ` նախագիծը կներկայացվի՞ ԱԺ, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է միասեռականների ամուսնություններին, ապա դրան կհաջորդի նրանց կողմից երեխաներ որդեգրելը: Ըստ պարոն Ստամբոլցյանի` Եվրոպայում մի երեխա որդեգրելու համար ծախսվում է 20-28 հազար եվրո: Միասեռական ընտանիքների դեպքում կծախսվի ավելի շատ գումար, ու փաստորեն այս գումարները կպտտվեն երեխաներ որդեգրելու շուկայում, որը բավականին մեծ է: Խաչիկ Ստամբոլցյանը գտնում է, որ օրինագծերի դեմ միավորվել է հարկավոր, լինի ցույցերի, թե ստորագրահավաքների ձեւով, հարկ է կանխել դրանց օրենքի ուժ ստանալը: Աստվածաբանության պատվավոր դոկտոր, վերապատվելի Սամվել Նավոյանի կարծիքով` մեր ունեցած արժեհամակարգի կործանման ճանապարհ է բացվում, ինչը կտանի ընտանիքի նպատակային կործանման: Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի կողմից «Արցախ» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ Սամվել Նավոյանը հավելեց. «Երբ ընտրեցինք անկախության ճանապարհը, չէինք պատկերացնում, որ կանգնելու ենք արժեհամակարգի պահպանման առջեւ»: Իսկ օրինագծերը, որոնք Եվրոպան մեզ պարտադրում է, հետզհետե տանելու են դարերով ձեւավորված ընտանեկան առողջ համակարգի կործանման, ու ինչպես նշեց դոկտոր Նավոյանը, մարդկային հասարակությունը կրկին գնում է Սոդոմի ու Գոմորի ճանապարհով, սրա վկայությունը միասեռականների շքերթներն են, նրանց ամուսնությունները, որոնք Ֆրանսիայում, ԱՄՆ-ի 11 նահանգում արդեն օրինականացվել են: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանն ասում է, որ կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների մասին օրինագիծը ԱԺ-ում թեեւ ընդունվեց, սակայն պետք է կանխել նախագահի կողմից դրա ստորագրումը: Վարդան Խաչատրյանն ուսումնասիրել է օրինագիծը ու գտնում է` եթե սա օրենքի ուժ ստանա, հետեւանքները թերեւս կանխել չլինի: Իսկ մեզանում հասարակության ռեակցիան օրինագծերի հանդեպ պասիվ է, քանի որ մարդիկ մեծ հաշվով իրազեկ չեն, որ դրանք միտված են ընտանիքները քայքայելուն: Եվ վերջում քննարկմանը Վարդան Խաչատրյանը հավելեց, որ միասեռականների թիվը Հայաստանում ավելանալու միտում ունի, սա ցույց է տվել հետազոտությունը, չնայած միասեռականների կոնկրետ թիվ դեռեւս չկա, քանի որ նրանց մեծ մասը միասեռական լինելը թաքցնում է: |