RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-06-06 23:46:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1209, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 44

Ի՞ՆՉ «ԿՏԱ» ԲՐՅՈՒՍԵԼԸ ԱԼԻԵՎԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան «Կասպյան նավթը եւ գազը» թեմայով միջազգային 20-րդ խորհրդաժողովում, որը տեղի է ունեցել Բաքվում հունիսի 5-6-ին, հայտարարել է, որ Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի «հրավերով հունիսի 3-րդ տասնօրյակին Բրյուսել կայցելի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը» (տես` http://haqqin.az/comics/6362): Ըստ ԵՄ հանձնակատարի, «այդ հանդիպումը կողմերին առաջ կմղի հարավային գազային միջանցքի հարցում, ըստ ունեցած տեղեկությունների, որոշում ընդունելու գործընթաց սկսվել է, եւ 2019-ի տարեսկզբին մենք (ԵՄ-ն- Վ. Ա.) կստանանք առաջին գազը» (նույն տեղում):

Ռոլան Կոբիան նաեւ տեղեկացրել է, որ մոտակա շաբաթների ընթացքում պարզ կդառնա ադրբեջանական գազի տարանցման երթուղին, իսկ այս տարվա հոկտեմբերին «վերջնականապես կորոշվի հարավային գազային միջանցքի ներդրումների հարցը»: ԵՄ հանձնակատարի սույն հայտարարության առթիվ «Թուրան» գործակալության վերլուծական բաժինը ենթադրել է, որ «պաշտոնական Բաքուն ամենայն հավանականությամբ «Շահ-Դենիզ» կոնսորցիումի կողմից ադրբեջանական գազի դեպի Եվրոպա տարանցման երթուղի ընտրելու մասին հանդիսավոր պայմաններում կհայտարարի հենց Բրյուսելում»:

Ասվածից պետք է հասկանալ, որ հունիսի 3-րդ տասնօրյակին Իլհամ Ալիեւը Բրյուսել է ուղեւորվելու, որպեսզի Եվրոհանձնաժողովի նախագահի հետ բանակցությունների ավարտին պաշտոնապես հայտարարի դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տարանցման երթուղու վերջնական ընտրության մասին: Ավելի վաղ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հույս էր հայտնել, որ Ադրբեջանը երթուղու ընտրության հարցը կլուծի Եվրոմիության հետ համագործակցությամբ, ինչի համար «Միացյալ Նահանգները չափազանց ուրախ կլիներ»:

Եվրոմիության հանձնակատարը չի շրջանցել նաեւ հավանական բարդությունների հարցը: Ճիշտ է, այդ մասին նա խոսել է դիվանագիտորեն չափակշռված ձեւակերպումներով, սակայն նույնիսկ այդ համատեքստում է հասկանալի, որ միայն ադրբեջանական գազի տարանցումը չի բավարարում ԵՄ հավակնությունները: Մասնավորապես, Ռոլան Կոբիան դիտել է տվել, որ Եվրոմիությունն ակնկալում է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը «կլինի բազմափուլային, եւ այդ խողվակաշարով (ԵՄ երկրներ) մուտք կգործի նաեւ թուրքմենական եւ հյուսիսիրանական գազը» (նույն տեղում):

Մեկ անգամ չէ, որ միջազգային վերլուծաբանները նկատել են տվել Ադրբեջանի կողմից զուտ տնտեսական նշանակության ծրագրերի քաղաքականացման միտումը: Դա իրոք այդպես է եւ վկայվում է նաեւ վրաց-ադրբեջանական հարաբերությունների վերջին բացասական միտումներով: Կասկածից դուրս է, որ պաշտոնական Բաքուն, ձգտելով գազի եվրոպական շուկայում դառնալ Ռուսաստանի մրցակիցը, տնտեսականից զատ հետապնդում է նաեւ աշխարհաքաղաքական շահեր:

Այս իմաստով հատկապես կարեւորվելու է Ալիեւ-Բարոզո բանակցությունների քաղաքական բաղադրիչը: Իլհամ Ալիեւն ակնհայտորեն ձգտելու է, որ Եվրոմիությունը Լեռնային Ղարաբաղի հարցում «հստակ դիրքորոշում արտահայտի» այն դեպքում, երբ Ադրբեջանը ԵՄ Արեւեւլյան գործընկերության ծրագրով ստանձնած որեւէ պարտավորություն չի կատարել եւ փաստացի հրաժարվում է գնալ քաղաքական համակարգի բարեփոխումների:

Նման իրավիճակում ի՞նչ «կտա» Բրյուսելն Իլհամ Ալիեւին: Ըստ երեւույթին` առարկայորեն ոչինչ: Եվրոմիությունն ունի իր խնդիրները, Ադրբեջանում իշխող վարչախումբը` սեփական շահը: Այդուհանդերձ, պաշտոնական Բաքվի հավակնությունները կարծես սկսում են անցնել Ադրբեջանի նման երկրի համար թույլատրելի բոլոր սահմանները: Իսկ այդպիսի դեպքերում «պատիժը» չի ուշանում: Լինի դա «արաբական գարնան», թե «Թաքսիմի հրապարակի» տեսքով: Թուրք ցուցարարներն, ի դեպ, Անկարայում երեկ կրկին պարզել են «Ալիեւ, հերթը քոնն է» բովանդակությամբ ցուցապաստառ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #94, 07-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ