ՀՈԼԻՎՈՒԴԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՎ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Այն, ինչ երկու օր առաջ հայտնվեց Սյունիքի մարզպետարանի կայքում, ցնցեց հայ հասարակությանը: Հատկապես այն փաստը, որ իրավապահ մարմիններն այնքան խղճուկ էին, որ դիմել էին Սյունիքի մարզպետարանին, որպեսզի նա ներկայացներ, թե ինչ է կատարվել հունիսի 1-ի գիշերը: Դա օրենքի խախտում է, որովհետեւ նախաքննության փուլում որեւէ նյութ չի հրապարակվում: Եթե իրավապահ մարմինների ներկայացուցիչները առգրավել են տեսաձայնագրող բոլոր սարքերը, որտեղի՞ց դրանք հայտնվեցին մարզպետարանի աշխատակազմի մոտ: Սակայն երբ տեսնում ես, որ զինդադատախազը հանցագործ մարզպետի փաստաբանն է դարձել, ապա ենթադրելի է, որ մնացած համակարգերում էլ նույն փնթի ու թայֆայական մտածելակերպը պետք է լինի: Բացի հայ հասարակությունիցՙ ցնցված են նաեւ միջազգային կինոարտադրող ընկերությունները: Հատկապես էքշըն ժանրի սիրահարներին ուղղակի ցնցել է Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների հետեւյալ նկարագրությունը. «Մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանն ու անմիջապես կրակ բացում: Հավաքվածները դեսուդեն են փախչում: Լորետա Բարսեղյանը մոտենում է Արտակ Բուդաղյանին եւ բռնում զենքից, փորձում խլել կամ խանգարել կրակելուն: Երեք կրակոց հաջողվում է փոխել: Լորետա Բարսեղյանը եւ Արտակ Բուդաղյանը շարունակում են իրար քաշքշել, բայց գնդապետին հաջողվում է առաջ շարժվել: Նրան է մոտենում Ավետիքն ու փորձում կանգնեցնել եղբորը: Այդ պահին երկու եղբայրը վայր են ընկնում կողքի ավազաթմբի վրա: Քիչ անց վեր է կենում Ավետիքը, քայլվածքից երեւում է, որ նա արդեն վիրավոր է: Հետեւից նրան է մոտենում եւ թիկունքից բռնում Նիկոլայ Աբրահամյանը եւ Ավետիքի զենքը խլում: Վերջինս մի նոր զենքով է կրակում Նիկոլայի վրա, ով վայր է ընկնում եւ մնում տեղում: Ավետիքը փորձում է առաջ շարժվել դեպի բակի կողմը, բայց դիմացից կրակում են. կրակողները չեն երեւմ տեսապատկերում: Հետ է քաշվում, մեկ անգամ եւս կրակում դարպասի ուղղությամբ ու ընկնում գետնին: Մինչ այդ պահը գնդապետը շարունակում էր մնալ ավազաթմբի վրա ընկած: Տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է: Նա մոտենում է գետնին ընկած Ավետիքին եւ ձեռքի շարժումներ անում: Կրկին տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է: Նա մոտենում է ավազաթմբին ընկած գնդապետին, նախ ոտքով խփում-հրում է կողքին ընկած զենքը, այնուհետեւ ձեռքը մեկնում է Արտակինՙ բարձրացնելու փորձ անում, բայց վայր է ընկնում ավազաթմբի վրա, բարձրանում ու նորից քայլում դեպի Ավետիքը»: Հոլիվուդում խոստովանել են, որ վաղուց նման բարձր եւ վառ երեւակայությամբ սցենար չէին կարդացել-գրել: Սյունեցիների մտքի վառ երեւակայություն ու էքշըն ժանրում նրանց պրոֆեսիոնալ պատկերացումները հատկապես գրավել են Paramount Pictures-ի տնօրենությանը: «Ազգ»-ի հումորի եւ սարկազմի բաժնի հավաստի աղբյուրների հաղորդմամբՙ Paramount Pictures-ում համոզված են, որ հատկապես վերոնշյալ էպիզոդի էկրանավորումը նոր կերպարով կներկայացնի հայ կնոջը: Մասնավորապես, թե ինչպես է կինը փորձում փրկել մինչեւ ականջները կեղտի ու հանցագործության մեջ թաթախված ամուսնուն ու որդուն, որդու եւ թիկնապահների ներկայությամբ վազում ու սկսում կռվել երկու տղամարդու դեմ: «21 Century Fox»-ից տեղեկացանք, որ իրենց ընդհանուր առմամբ հետաքրքրել են Սյունիքի մարզպետի կերպարն ու վերջին օրերի իր «քաջագործություններն» ու հրաժարականը: Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական ավանդույթը, «21 Century Fox»-ը նոր թրիլլեր կնկարահանի «Լիսկայի վերադարձը կամ I will be back» վերնագրով: Այս ֆիլմի ռեժիսորները ոգեշնչվել են նաեւ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հատկապես վերջին 3 տարվա կենսագրությունից: Ֆիլմն ավարտվում է նրանով, որ հրաժարական ներկայացրած մարզպետը, ով քրեական անցյալ ունի, կարողանում է իր գործերն այնպես դասավորել, որ առաջադրվում է նախագահի թեկնածու եւ լավ շանսեր ունի հաղթելու: «Universal» ընկերությունն էլ միլիոնավոր դոլարներ է առաջարկել, որպեսզի մարզպետարանի աշխատակիցների ներկայացրած ամբողջական սցենարը վերցնի: Մարզպետարանում մտավախություն են հայտնել, չէ՞ որ սկզբնական գաղափարն այնքան էլ իրենցը չէր, այլ կերպ ասած, իրենց էդ փառքի ճանապարհին կանգնեցրել է, ոչ ավել, ոչ պակաս, զինվորական դատախազը, հետեւաբար նա էլ պետք է մեկնի Հոլիվուդ: Սակայն զինդատախազը, ով արդեն իր բաժին սեւ գործն արել էր, ներկայացել էր որպես փաստաբան ու նաեւ նշմար տվել, որ Լիսկայենք հայտարարեն, որ մարդասպանությունը ինքնապաշտպանություն է, հասկացել է արդեն, որ իրավիճակը սահմաններից դուրս է գալիս. մասնավորապես, նա չէր ենթադրում, որ Սյունիքի մարզպետարանում նման վառ երեւակայությամբ մարդիկ են աշխատում եւ կկարողանան նման մեծ աղմուկ հանել: Արդեն վրա հասած խայտառակությունից խուսափելու համար զինդատախազը հայտարարել է, որ չի ցանկանում հոլիվուդյան վեստեռն ֆիլմերի սցենարիստ լինել, եւ մտահոգիչ է համարել: Զինդատախազը դեռ շարունակում է պաշտոնավարել, մարզպետըՙ ոչ... մարզպետարանի աշխատակազմն էլ խուճապի մեջ է. նրանք չէին ենթադրում, որ իրենց նման փառք ու ճանաչում վրա կհասնի ու հիմա չգիտեն ինչ անեն. ոչ զինդատախազն է մի բան ասում, ոչ էլ մարզպետը: |