ՊԻԵՏՐՈ ԳԵԴԻՆ. «ՄԵՆՔ ԶԲՈՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ» Հունիսի 5-ին Երեւան ժամանած Մալթայի ազգային հավաքականը երեկ առավոտյան մարզվեց «Հանրապետական» մարզադաշտում, իսկ մինչ այդ մալթացիների գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինը հանդիպեց լրագրողների հետ: Նա նշեց, որ հավաքականը շատ լրջորեն է նախապատրաստվել Հայաստանի հետ ընտրական խաղին, քանի որ մրցակիցը շատ ուժեղ է: Թեեւ Մալթայի հավաքականի կազմում կբացակայեն 4 լեգեոնականները, սակայն նրանց համապատասխան փոխարինողներ կգտնվեն: Գեդինը նշեց, որ հավաքականի ֆուտբոլիստները բնավ էլ զբոսնելու համար չեն ժամանել Երեւան ու ամեն ինչ կանեն մեկ միավոր վաստակելու համար: Հավաքականի առջեւ խնդիր է դրվում յուրաքանչյուր խաղում լավ հանդես գալ, պայքարել մինչեւ վերջ: Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչը հետեւել է Հայաստանի հավաքականի ելույթներին եւ ծանոթ է ֆուտբոլիստներին, որոնք եվրոպական երկրների թիմերում են հանդես գալիս: Թեեւ Հայաստանի հավաքականն ընտրական այս փուլում այնքան էլ հաջող հանդես չի գալիս, սակայն Գեդինի համար մեր ընտրանին մնում է ուժեղագույններից մեկն ընտրական խմբում: |