7 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը շարունակում են տարբեր երկրների հավաքականներում հանդես եկող 7 հայ բռնցքամարտիկներ, որոնք այսօր կվիճարկեն եզրափակիչի ուղեգրերը: Հայաստանի միակ ներկայացուցիչն Արամ Ավագյանն է (56 կգ), որը մենամարտելու է ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ ռուսաստանցի Հովիկ Հովհաննիսյանը, որը հաղթեց վրացի Ավթանդիլ Ցուբաբրիային: Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում կմենամարտի իռլանդացի Միչել Կոնլանի հետ, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր մղել Նարեկ Աբգարյանին: Հերթական հաղթանակը տոնեց Բելառուսը ներկայացնող Վազգեն Սաֆարյանը (60 կգ), որի մրցակիցը Գերմանիայի ներկայացուցիչ Կաստրիոտ Սոպան էր: Եզրափակիչի ուղեգրի համար Վազգենը կմենամարտի հունգարացի Միկլոշ Վարգայի հետ: Մինչեւ 69 կգ քաշային կարգում էլ Արայիկ Մարությանը հաղթելով վրացի Զալ Կվաչատաձեին, կիսաեզրափակիչում կմրցի բելառուս Պավել Կաստրամինի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էին մտել ռուսաստանցիներ Դավիթ Հայրապետյանն (49 կգ) ու Արմեն Զաքարյանը (64 կգ) եւ Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանը (64 կգ): |