RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013



Տեղադրվել է` 2013-06-07 23:33:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1854, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 80

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ»

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Չի սխալվում այն կառույցը, որ ընդհանրապես չի աշխատում: Եթե կան գործողություններ, դրանք երբեւիցե իդեալական չեն կարող լինել: Սխալներ տեսնելն ու վերացնելը լուրջ եւ դրական ընթացք է: Եթե կան սխալներ ու դրանք չես ցանկանում փոխել, դա սխալ է: Ես այս երեւույթը համեմատում եմ մարտական անհաջող գործողություններից հետո զորքն անտեր թողնելու հետ: Մենք բազմաթիվ սխալներ ունենք, դրանք գալիս են նրանից, որ շատ կառույցների պես հրամանատարական ղեկավարման շղթայում այս կամ այն ընդհատումներն են տեղի ունենում: Օղակում հրամանները, ուղղորդիչ միջոցառումները կարծես թե ընդհատվում են, եւ մենք չենք կարողացել արագ գտնել ընդհատվող օղակը, դրանց աջակցել, որ գործը ավարտվի:

Բանակ-հասարակություն կապի ամրապնդումն էլ է շատ կարեւոր, եւ այս հարցին շարունակելու ենք լուրջ ուշադրություն դարձնել», երեկ Տավուշի մարզի հյուսիսարեւելյան հատվածի առաջնագծում լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ` միաժամանակ հավելելով, որ նախորդ հինգ տարիներին զինված ուժերի զարգացման համատեքստում շեշտը դրվել է որակական աշխատանքի վրա, ամենակարեւորը` մարտական պատրաստվածությունն է: Ուշադրությունը հատկապես սեւեռվել է մարդկային ռեսուրսների կառավարմանը: Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ միջանձնային հարաբերությունները:

Նախարարը հավաստիացնում է, որ հայրենիքի պաշտպան լինելը սկսվում է ոչ թե բանակից, այլՙ ընտանիքից: Այս տարվա ցուցանիշները փաստում են, որ քառասուն տոկոսով բարելավվել եւ պահպանվել են կարգապահական ցուցանիշները: Սակայն Օհանյանը փաստում է, որ վիճակագրությունը չի կարող հանգստացնել, քանի որ մեկ կորուստն էլ ցավ է:

«Միջանձնային հարաբերությունների եւ խնդիրների հիմքը սահմանված կանոնների եւ զենքի խախտման պատճառով է լինում: ՀՀ ԶՈւ 1/3-ն ամեն օր առնչվում է զենքին»: Նախարարը հավելում է, որ տղամարդկային եւ հատկապես երիտասարդներով լի կառույցներում անհնար է միջանձնային հարաբերությունների ու խնդիրների բացառում: Օհանյանը համոզված է, որ միջանձնային հարաբերություններում կտրուկ բարելավումներ կատարելն անհնար է: «Կոնֆլիկտները տղամարդկանց միջեւ անխուսափելի են նաեւ քաղաքացիական կյանքում, հետեւաբար պետք է խուսափենք դրանից նաեւ հասարակության մեջ եւ հասարակության մեջ փորձենք ներդնել, որ զենք չկիրառվի», ասաց նախարարը:

Նախարարությունը տեսական առումով ծրագրեր ու պլաններ է կազմել, որոնք ուղղված են դաստիարակչական խնդիրների բարելավմանը: Հրամանատարների մանկավարժական կուլտուրայից մինչեւ զինվորի պահվածք նախարարության ուշադրության կենտրոնում է: Այս առնչությամբ Օհանյանը բանակում արգելել է օգտագործել երկու նախադասություն` «բանակը հասարակության հայելին է» եւ «յուրաքանչյուր բանակում էլ նման բան կատարվում է»: «Այն, ինչ խնդիր է, պետք է լուծվի», ասում է նախարարը` հավաստիացնելովՙ մեղավորներն անպատիժ չեն մնում: Բազմաթիվ հրամանատարներ կամ ենթարկվել են կարգապահական տույժի, կամ հեռացվել համակարգից:

Անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած կրակոցներին, «Ազգ»-ի հարցին ի պատասխան նախարար Օհանյանն ասաց, որ այցելել է հրամանատար Արտակ Բուդաղյանին: «Հրամանատարի վիճակը կայուն է, ես իր հետ կարճ զրուցել եմ դեպքի վերաբերյալ, չեմ ծանրաբեռնել, քանի որ վիրավոր վիճակում է: Մենք դատապարտում ենք նման ելքով դեպքեր: Մենք այնքան սպառնալիքներ ունենք դրսից, որ ներսում պետք է ձգտենք միասնական լինել եւ այսպիսի վեճերը պետք է ավարտվեն միայն խոսքով: Դատապարտում ենք զինծառայողների նկատմամբ արված ոտնձգությունները»: Նախարարի խոսքերով հասարակության մեջ անվստահությունը, որ կրակոցի իրական մեղավորները չեն պատժվի, հիմնավոր չէ: «Անպատժելիության մթնոլորտը կամաց-կամաց մոտենում է նվազագույնի: Այսպիսի իրավիճակներում անձնական օրինակը, մանավանդ իշխանավորի` մեղմացնում ու համապաատասխան ուղղություն է տալիս, որ խախտումները քիչ լինեն: Անպատժելիության մթնոլորտ չկա, եւ գործը համապատասխան ելք կստանա»:

Անդրադանալով ազատամարտիկների նախաձեռնած բողոքի ակցիայինՙ Օհանյանն ասաց, ու այս հարցը միշտ եղել է իր ու նախագահի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, 2013-ին պետք է բնակարանաշինության խնդիրները կարգավորվեն եւ անօթեւանների հարցը լուծվի: Նախարարը պատմեց, որ հանդիպել է բողոքի ակցիան նախաձեռնող Վոլոդյա Ավետիսյանին: «Նրանց բարձրացրած հարցերը սոցիալական բնույթի են: Պայմանավովեցին, որ խնդիրը նորություն չէ, քանի որ մենք առաջարկություն ենք ներկայացրել տարեցտարի ավելացնել ազատամարտիկների համար նախատեսված սոցիալական վճարները: Ես խոստացա, որ կխոսեմ հանրապետության նախագահի հետ այդ հարցի առնչությամբ, սակայն մինչ ես հանդիպում էի կազմակերպում, նրանք կրկին բողոքի ցույց կազմակերպեցինՙ հիշեցնելով մեզ իրենց մասին: Ամեն դեպքում, այս հարցի առնչությամբ մենք արդեն որոշակի քայլեր կկատարենք», ասաց Օհանյանը:

Նոյեմբերյան, Տավուշի մարզ

Հ. Գ. Ի պատասխան «Ազգ»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում լրատվամիջոցների աշխատանքը, նախարար Օհանյանն ասաց. «Ես դրական եմ գնահատում լրատվամիջոցների աշխատանքը ՊՆ-ի հետ: Շատ դեպքերում կառուցողական է, հաճախ հենց ուղղորդում է, թե ինչպիսի հետեւողականությամբ եւ խորությամբ ներսում բարեփոխումներ իրականացնենք: Լինում են նաեւ չարաշահումներ, երբ ունենում ենք կորուստներ, տարբեր հարցեր են տալիս, շահարկում: Ես գտնում եմ, որ դա տեղին չէ եւ դրա անհրաժեշտությունը չկա: Հաճախ քննադատությունը վերածվում է վիրավորանքի: Հաճախ նաեւ վիրավորում են մարդու ֆիզիկական վիճակը, առանց հասկանալու, որ դա հիասթափեցնում է: Սակայն կառուցողական քննադատությունը մեզ աջակցում է հետեւողական աշխատանք տանել թերությունները վերացնելու համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 08-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ