ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Ընթերցողը երեւի հիշում է, որ տարիներ առաջ Մեթյու Բրայզան ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահն էր եւ պարբերաբար հնչեցնում էր էքսցենտրիկ գաղափարներ: Նրա վարդագույն երազանքն էր` նշանակվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ինչն այդպես էլ չիրականացավ. շուրջ մեկ տարի լինելով դեսպանի պաշտոնակատար, Բրայզան ստիպված էր հրաժեշտ տալ Բաքվին. ամերիկյան օրենսդիրներն այդպես էլ համաձայնություն չտվեցին, որ նա Ադրբեջանում ներկայացնի Միացյալ Նահանգների շահերը: Նախկին համանախագահի եւ ձախողված դիվանագետի մասին վերջին տեղեկությունները հակասական են: Մերթ ասվում է, որ նա մշտական բնակություն է հաստատել Թուրքիայում, մերթ ակնարկվում է, որ Մեթյուն, այնուամենայնիվ, տարվա մեծ մասն անցկացնում է Բաքվում` կատարելով «խորհրդատվական աշխատանք»: Հավանաբար` Ադրբեջանի ԱԳ նախարարության համար, որի դիմաց, բնականաբար, շռայլորեն վարձատրվում է ե՛ւ «Հեյդար Ալիեւ», ե՛ւ «Պետական նավթային» հիմնադրամից: Ամենայն հավանականությամբ, իշխող վարչախումբը Մեթյու Բրայզային նոր խնդիր է առաջադրել` լինել աշնանը կայանալիք նախագահական «ընտրությունների» նյուզմեյքերներից մեկը: Իհարկե` նախագահի աշխատակազմում քաղաքական հարցերով պատասխանատու Ալի Հասանովի աչալուրջ հսկողության ներքո, որպեսզի «հանկարծ ինչ-որ բան այնպես չստացվի»: Այդ է վկայում APA գործակալության միջոցով Բրայզայի հնչեցրած միտքը. «Հույս ունեմ, որ ԵԱՀԿ-ն եւ միջազգային այլ կառույցներ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կհայտարարեն ամենաժողովրդավարականը եւ թափանցիկը» (տես http://www.vesti.az/news/161259): Ըստ երեւույթին, իրականություն է տեղեկությունը, որ Բրայզան Միացյալ Նահանգների քաղաքացի չէ: Հակառակ դեպքում նա կհուսար, որ հենց իր երկիրն Ադրբեջանում «նախագահական ընտրությունները կհայտարարի ամենաժողովրդավարականը եւ թափանցիկը»: Թեեւ ասվածը կարելի է հասկանալ նաեւ այդ իմաստով, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ անդամ է: Ընդունված է, մինչդեռ, որ «նախկին հետախույզներ եւ դիվանագետներ չեն լինում»: Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը վերջերս երրորդ ժամկետով Իլհամ Ալիեւի ինքնաառաջադրումը որակել էր «կարմիր գիծ»: Թե ինչ հույսեր ունի Մեթյու Բրայզան Ադրբեջանում նախագահական «ընտրություններին» տրվելիք միջազգային գնահատականների հետ կապված` իր գործն է: Միանշանակ է, որ ոչ ԵԱՀԿ-ն, ոչ այլ միջազգային կառույց «ամենաժողովրդավարական եւ թափանցիկ» չի որակելու դրանք, եթե, իհարկե, իշխանափոխություն տեղի չունենա: Գուցե նման հեռանկա՞ր է նկատի ունեցել նախկին դիվանագետը: Ոչ, նա միանշանակորեն նկատել է տվել, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում տեսնում է «վերընտրված» Իլհամ Ալիեւին, երբ ասել է, որ ղարաբաղյան կարգավորման «գործընթացում մինչեւ ընտրություններ առաջընթաց չի սպասում»: Ավելին, Բրայզան դիտել է տվել, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները միմյանց չեն վստահում, եւ այդ վստահությունն ինչ-որ մեկը պետք է ստեղծի» (նույն տեղում): Մանրամասնելովՙ նախկին դիվանագետը կարծիք է հայտնել, որ դա «կարող են անել Բարաք Օբամայի վարչակազմը եւ Ջոն Քերրին», իսկ առհասարակ` «նշանակելով Մինսկի խմբի մշտական համանախագահ, ԱՄՆ-ը կմեծացնի հակամարտության կարգավորման գործընթացի ջանքերը, որից հետո Ջոն Քերրին կկարողանա ավելի նշանակալի դեր խաղալ» (նույն տեղում): Եթե առաջնորդվելու լինենք Բրայզայի տրամաբանությամբ, ապա ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական համանախագահ «պետք է նշանակի» մինչեւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացում, պետքարտուղար Քերրին «կփորձի վստահություն ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ», որպեսզի երրորդ ժամկետով «վերընտրված» Իլհամ Ալիեւի համար «բացվի ղարաբաղյան կարգավորման լավ հեռանկար»: Դեպի Ադրբեջանի «նավթային հիմնադրամ» հառած հայացքով գուցե ամեն ինչ «չափազանց տրամաբանական է» պատկերվում: Այդուհանդերձ, արդյոք Բարաք Օբամայի վարչակազմն իրո՞ք որեւէ այլ առաջնահերթություն չունի, քան «սպասարկելու» Իլհամ Ալիեւի բռնապետական նկրտումները: Այս հարցում ամերիկացի ավելի դիտողունակ փորձագետներն ու պատասխանատու դիվանագետները խիստ զգուշավոր մոտեցումներ ունեն: Իսկ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, ըստ երեւույթին, շարունակում է հուսալ, որ Իլհամ Ալիեւի բռնապետական ռեժիմին մատուցած ծառայությունները կփոխհատուցվեն ավելի շոշափելի տեսքով: |