ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԾԱՌԵՐԻ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի եւ ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են տարբեր ծառատեսակներ, բուսատեսակներ, ծաղկատեսակներ ու կոմպոզիցիաներ, դրանց խնամքի ապահովման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաեւ կանաչ գոտիների ստեղծման եւ ձեւավորման պարագաներ: Տաղավարներով շրջել եւ ներկայացվող նմուշներին ծանոթացել են Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, վարչական շրջանների ղեկավարներ եւ այլ պաշտոնյաներ: Ցուցահանդեսին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, ինչպես նաեւ Հոլանդիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Թաիլանդից եւ Նիգերիայից: Մասնակիցները հույս են հայտնել, որ ցուցահանդեսի միջոցով ներկայացվող ընկերությունները իրենց սպառողին կգտնեն նաեւ հայաստանյան շուկայում: «Ցուցահանդեսում ներկայացված են ծաղիկներ ու բույսեր, որոնք Երեւան քաղաքում չկան, բայց հարմարվում են մեր բնակլիմայական պայմաններին: Հաջորդ տարիների կանաչապատման աշխատանքներում մենք կօգտագործենք նաեւ այդ ծառերն ու ծաղիկները: Եվ եթե անցյալ տարի ծաղկային տարածքները կազմում էին 5,2 հեկտար, ապա այս տարի կավելանա 1 հեկտարով, եւ ընդհանուր առմամբ կանաչ տարածքները կկազմեն 30 հեկտար: Մինչեւ 2015 թվականը մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների ծավալը կավելանա եւս մի քանի քառակուսի մետրովՙ հասնելով 12 քմ-ի: Ունենք նաեւ հեռահար ծրագրեր այդ ցուցանիշը հասցնելու 16քմ-ի»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը : Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հունիսի 10: |