«ՍԱԹԷ-ԱԹՐԸ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ «Սաթե-Աթրը» թատերական միավորում, Վիեն, Ֆրանսիա Ֆրանսիայում գործող «Սաթէ-Աթրը» թատերական միությունը 2012թ. Ֆրանսիայի հանդիսատեսի դատին է ներկայացրել Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը: Սույն բեմադրությունն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Ներկայացման նպատակն է ճանաչելի դարձնել եւ տարածել հայ մշակույթը Ֆրանսիայում: Այդ նպատակի իրականացման համար էլ ընտրվեցին հայ մեծանուն գրող Հ. Թումանյանի հեքիաթները: Առաջիկայում նախատեսում ենք նաեւ «Սասնա Ծռեր» դյուցազներգության բեմադրությունը: Այս տարի Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանը հայտարարել է Հայաստանի հետ համատեղ աշխատանքային ծրագրերի առաջարկների մրցույթ: Մեր թատերական միությունը ցանկություն է հայտնել մասնակցելու այդ մրցույթին` հայկական հեքիաթների բեմադրությամբ: Համագործակցության շրջանակներում նախատեսում ենք սույն բեմադրությունը ներկայացնել Հայաստանում: Քանի որ Ռոն-Ալպ մարզի որոշ քաղաքներ հանդիսանում են հայաստանյան մի շարք քաղաքների «քույր քաղաքներ», մենք նպատակ ունենք հյուրախաղերով հանդես գալ ինչպես ֆրանսիական, այնպես էլ հայկական այդ քաղաքներում: Համատեղ իրականացվելիք այս նախագիծը նպատակ ունի ամրապնդելու հայ-ֆրանսիական բարեկամությունը` կամրջելով մշակութային երկխոսություն երկու ժողովուրդների միջեւ: Մեր ուշադրության կենտրոնում են մասնավորապես այն քաղաքներն ու գյուղերը, որոնք մայրաքաղաքային կյանքի եռուզեռից հեռու, շատ հաճախ դուրս են մնում տեսադաշտից: Շատ գյուղերի բնակիչներ, մասնավորապես երեխաները, միշտ չէ, որ ունեն մշակութային կյանքին հաղորդակից լինելու հնարավորություն: Սույն նախագիծն ունի համախոհներ Ռոն-Ալպ տարածաշրջանում: Դրանք են` Վիեն, Մոնտելիմար, Գրենոբըլ եւ Ռոման քաղաքները: Նախագծի հայաստանյան գործընկերներն են` Երեւանը, Գորիսը, Սեւանը, Վարդենիսը եւ Սիսիանը: Ծրագիրը կընթանա երկու փուլով. համագործակցություն հայաստանյան երկու պետական թատրոնների հետ` Երեւան եւ Գորիս քաղաքներում եւ բեմադրության ցուցադրություն Սիսիան, Վարդենիս, Սեւան, Գավառ, Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում: Նախատեսում ենք մեկ շաբաթյա համատեղ աշխատանք Գորիսի եւ Երեւանի պետական թատրոնների հետ: Աշխատանքը կընթանա հետեւյալ սկզբունքով. յուրաքանչյուր թատրոնի երեք դերասանների հետ կաշխատենք մեկ շաբաթ, որի արդյունքում կիրականացնենք Թումանյանի հեքիաթների համատեղ մի բեմադրություն, որն էլ կհանձնենք հանդիսատեսի դատին: Ընտրված են հետեւյալ հեքիաթները. «ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ», «ՍՈՒՏԱՍԱՆԸ», «ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ», «ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ», «ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ» եւ «ՔԱՋ ՆԱԶԱՐ»: Բեմադրության մեջ հանդես է գալիս ծագումով Կարիբյան կղզիներից դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին: Ներկայացման մեջ հայերեն ժողովրդական երգերից զատ հնչում է նաեւ կարիբյան ազգային երաժշտություն: Հեքիաթները եռալեզու են` ֆրանսերեն, հայերեն եվ քրեոլ (Կարիբյան կղզիների պետական լեզուն): Նպատակն է Թումանյանի հեքիաթների միջոցով ներկայացնել հայկական ազգային մշակույթի երանգները համաշխարհային արվեստի ներկապնակում: Տեսնել, թե ինչպես են օտար մշակույթի կրող արվեստագետները զգում եւ ներկայացնում մեր ազգայինը: Մեր հայաստանյան գործընկերներից յուրաքանչյուրը ստանձնում է պատասխանատվություն մեզ տրամադրելու կեցության վայր, ներկայացումները ցուցադրելու սրահ: Նախագծի կարեւորագույն նպատակն է Ֆրանսիայում հայկական մշակույթը ճանաչելի դարձնել եւ տարածել: Հայաստանում նախագիծը նպատակ ունի քաջալերել եւ զարգացնել ֆրանկոֆոնիան: Մեր գերխնդիրն է նպաստել հայ-ֆրանսիացի ժողովուրդների մշակութային երկխոսության զարգացմանը: Ծրագրի իրականացման ժամկետներն են` հունիսի 15-ից հուլիսի 15-ը: Նախագծի պատասխանատու եւ ղեկավար, բեմադրիչ` Սաթենիկ Խաչատրյան: |