ՋԱՎԱԽՔՑԻՆ ՎՃԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Ջավախք» հայրենակցական միության նախագահություն Արդեն մի քանի օր ՀՀ մաքսային ծառայությունների որոշմամբ հայ-վրացական պետական սահմանի Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի տրամադրման համար մտցվել է բրոկերային միջնորդավճար, ինչը հարուցել է առանց այն էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող ջավախքցիների արդարացի դժգոհությունը: Այդ կապակցությամբ հունիսի 8-ի վաղ առավոտյան մի խումբ ջավախքցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել հայ-վրացական սահմանի վրա: Հասկանալի է, որ բրոկերային միջնորդավճարը գանձվում է ըստ սահմանված կարգի եւ գործում է բոլոր սահմանային մաքսակետերում: Այս դեպքում խնդիրը բոլորովին այլ է, քանի որ Բավրայի սահմանակետից Հայաստան են մուտք գործում բացառապես մեր հայրենակիցներըՙ ջավախքցիները, հետեւաբար, ստացվում է, որ մայր հայրենիք մուտք ու ելքի համար ջավախքցին գումար է վճարում, ինչը չի ընկալվում վերջիններիս կողմից եւ չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ: «Ջավախք» հայրենակցական միությունը այս կապակցությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում եւ կոչ անում ՀՀ մաքսային ծառայություններին լրջորեն քննարկել խնդիրը եւ վերականգնել նախկինում գործող կարգը: Մենք, միաժամանակ, հորդորում ենք ջավախքցիներինՙ հանդարտվել, զինվել համբերությամբ եւ լավատեսությամբ, այն ակնկալիքով, որ ընդունելի եւ գոհացուցիչ որոշում կընդունվի: |