ՀՆԴԻԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՌՈԲՈՏՆԵՐԻ ԲԱՆԱԿ Պ. Ք. Հնդիկ գիտնականները կարծում են, որ ապագայում ռազմական գործողությունները տեղի կունենան խելացի մեքենաների մասնակցությամբՙ առանց մարդու միջամտության: «Թայմս օֆ Ինդիա» թերթը հաղորդում է, որ տեղացի ճարտարագետները մտավոր բարձր գործակից ունեցող մարտամեքենաների բանակի ստեղծման աշխատանքներ են սկսել: Այդ ռոբոտները կգործեն Հնդկաստանի անհանգիստ շրջաններում: Խոսքը մասնավորապես Ջամուի ու Քաշմիրի նահանգի վերահսկման գծի մասին է, որը բաժանում է հնդկական եւ պակիստանյան բանակները, գիտնականները կարծում են, որ նորագույն մարտական մեքենաները յուրայիններին կտարբերեն օտարներից: Նման ռոբոտների ստեղծմամբ զբաղվում է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների ու մշակումների կազմակերպությունը (DRDO): «Հնդկական շատ լաբորատորիաներ ներկայումս մշակում են ռոբոտ-զինվորների արտադրությունը: Կարծում ենքՙ մոտ ապագայում ծովային եւ ցամաքային պատերազմները կվարվեն առանց մարդկանց մասնակցության», ասում է DRDO-ի ղեկավար Այնաշ Չանդերը, որը նաեւ մեծ հեռահարության «Ագնի» հրթիռների առաջատար նախագծողն է: Չանդերի խոսքերով, ռոբոտները սկզբնական շրջանում պարզապես կօգնեն զինվորականներին, բայց աստիճանաբար կընդլայնեն իրենց գործառույթները: Նաեւ հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայում ավելի հեռուն են նայում: Այնտեղ ստեղծվել է հատուկ կոմիտե, որը մշակում է մեքենաների հնարավոր ապստամբությունը կանխելու ծրագիր: |