ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ Տիգրան Պետրոսյանը գերազանց հանդես եկավ Ալբենայում անցկացված շախմատի մրցաշարում: 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, Տիգրանը դարձավ մրցաշարի հաղթողՙ պարգեւատրվելով 5 հազար եվրոյով: Վերջին 3 տուրերում Պետրոսյանն իր օգտին 2,5 միավոր գրանցեց: 7-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Հրանտ Մելքումյանի հետ, ավարտական 2 տուրերում Տիգրանը հաղթեց Բորիս Չաթալբաշեւին եւ Լեւենտե Վայդային: 4 շախմատիստներՙ Էմիլիան Պարլիգրասը, Հրանտ Մելքումյանը, Թամիր Տաբատին եւ Վիտալի Բեռնադսկին վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով Մելքումյանը գրավեց 3-րդ տեղն ու արժանացավ 2500 եվրոյի: Հրանտն ավարտական 2 տուրերում հաշտություն կնքեց Վլադիսլավ Նեւեդնիչնու եւ Էմիլիան Պարլիգրասի հետ: Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 6,5 միավորով գրավեց 10-րդ տեղըՙ պարգեւատրվելով 300 եվրոյով: Նա հաղթեց Դավիթ Պառավյանին ու Յակուպ Էրթուբանին, պարտվեց Լեւենտե Վայդային: Ավետիք Գրիգորյանը 6 միավորով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: Նա 3 պարտիաներում էլ հաշտություն կնքեց Իվայլո Էնչեւի, Վիտալի Բեռնադսկու եւ Ալին Բերեսկուի հետ: Ալբենայի մրցաշարից հետո Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանն ու Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը կմասնակցեն Բուլղարիայում մեկնարկող մեկ այլ մրցաշարի: |