ԹԱՔՍԻՄԻ «ԳԵԶԻ» ԱՅԳԻՆ ԵՂԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՏԱՐԱԾՔ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1919-ին այնտեղ է կառուցվել Մեծ եղեռնի առաջին հուշարձանը Երեկ առավոտյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգում ցուցարարները վերստին բախվեցին ոստիկանության հետ: Բորբոքված կրքերը չեն հանդարտվում, ոչ էլ կհանդարտվեն, որքան էլ վարչապետ Էրդողանն այսօր ընդունի բողոքի ցույցերը համակարգող «Թաքսիմի պլատֆորմի» ղեկավարներին: Խնդիրը այգու հատման ենթակա ծառերը, այսինքնՙ բնապահպանությունը չէ, այլ աշխարհիկ քեմալականների հակազդեցությունը իսլամամետ կառավարությանը, որը դրսեւորվում է վարչապետ Էրդողանի Թաքսիմ հրապարակը վերակառուցելու նախագծի շուրջը: Ցուցարարները չեն հաշտվում հրապարակում Աթաթուրքի անվան մշակույթի պալատը քանդելու եւ այնտեղ պատմական «Սելիմիե» զորանոցը վերականգնելիս նաեւ մզկիթ կառուցելու մտքի հետ, հակառակ դրանՙ վարչապետ Էրդողանը համառում է: Հարկ է նշել, որ այսօր Աթաթուրքի պալատի առնչությամբ Էրդողանին հակադրվող քեմալականներն էլ 30-ականներին «Գեզի» այգին կառուցելու համար քանդել էին հայկական Սուրբ Հակոբ գերեզմանոցն ու հարակից Խոր Վիրապ եկեղեցին, բարեկարգման համար որպես շինանյութ օգտագործելով գերեզմանաքարեր: 16-րդ դարի այդ գերեզմանոցը զբաղեցրել է 56 հազ. քմ տարածք, իսկ հարակից կառույցներըՙ 5 հազ. քմ: 1915-ին գերեզմանոցը հայտարարվել է «լքյալ գույք»: Հետագայում, ըստ ամենայնի 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո, թեեւ հետ է հանձնվել համայնքին, սակայն 1926-ին Բերայի քաղաքապետարանը փակել է գերեզմանոցը եւ որոշել փոխադրել մեկ այլ տեղ: Որոշումը Սուրբ Հակոբ գերեզմանոցի առգրավման ազդակ է հանդիսացել: 1931-ին Բերայի քաղաքապետարանը գերեզմանոցի հետ առգրավվել է նաեւ Սուրբ Հակոբ հիմնադրամին պատկանող հարակից շինություններըՙ խանութներով եւ ավտոտնակներով հանդերձ: Ապարդյուն են անցել Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի, թաղական խորհրդի եւ հիմնադրամի դիմումները դատարան: 1934-ին Ստամբուլի դատարանը վճռել է գերեզմանոցը հանձնել քաղաքապետարանի տնօրենությանը, որն էլ 1938-ին հիմնովին քանդել էՙ վերածելով ամայի հողատարածքի: 1939-ին նույն ճակատագրին է արժանացել նաեւ Խոր Վիրապ եկեղեցին: Գերեզմանաքարերը օգտագործվել են «Գեզի» զբոսայգու եւ Էմինոնյու հրապարակի կառուցապատման նպատակով: Այս տվյալները քաղել ենք Արմավենի Միրօղլուի «Հասարակական պատմություն» հանդեսում հրապարակված հոդվածից, որը հունիսի 8-ին արտատպել էր Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Քրդական «Ֆըրաթ» լրատվական գործակալությունն էլ հունիսի 9-ին հրապարակեց «Ո՛չ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» նախաձեռնության խոսնակ Ջենգիզ Ալգանի նույն օրը «Գեզի» այգում արած հայտարարությունները: Ալգանը նշել է, որ 1560-ին սուլթան Սուլեյման 1-իՙ որպես գերեզմանոց հայկական համայնքին հատկացրած այս տարածքը թալանվեց, 1940-ին արդեն հայերը զրկված էին տարածքի նկատմամբ ամեն մի իրավունքից: Ապա նա շարունակում է. «Գեզի զբոսայգու այն աստիճանները, որոնց վրա այսօր ցատկոտում են, այստեղ թաղված հայերի գերեզմանաքարերն են»: Ալգանը ուշադրություն է հրավիրում նաեւ 1919-ին, այսինքնՙ ցեղասպանությունից 4 տարի անց այգու տարածքում Մեծ եղեռնի առաջին հուշարձանի կառուցման փաստինՙ նշելով, որ դա այնուհետեւ քանդել են: Ապա Ալգանը ընդգծում է. «Այս փաստերը ծանոթ չեն հասարակական լայն շրջանակներին: Մենք ցանկացանք, որ փաստերի մասին նշվի ազատության պայքարի խորհրդանիշը դարձած «Գեզի» զբոսայգում: Մինչ դիմադրությունը զբոսայգում շարունակվում է, ցուցարարները մեզ համար անսովոր ձեւով քրդերից ներողություն են խնդրում: Իսկ հայերին նրանք գրեթե չեն ճանաչում, որովհետեւ վերջիններիս բնաջնջել են: Անկախ բնաջնջումից, տասնյակհազարավոր հայեր դեռ կան: Նրանք ջանում են ապացուցել իրենց պապերի բնաջնջումը այս հողերում: Մենք էլ պիտի ջանանք, որ մարդիկ հիշեն ցեղասպանությունը, առերեսվեն ցեղասպանության հետ եւ իրազեկ լինեն իրողությանը: Ուզում ենք, որ «Գեզի» զբոսայգի այցելողները 1919-ին այստեղ կանգնեցված ցեղասպանության հուշարձանի մասին իրազեկված հեռանան: Հուսանք, որ մի օր նույն տեղում ցեղասպանության նոր հուշարձան կկառուցվի»: |