RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#095, 2013-06-08 > #096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #97, 12-06-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-06-11 23:39:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 932, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ՎՐԱՑԱԿԱՆ ԳԻՆԻՆ «ՄԵԿՆԵՑ» ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԿԱՐԳԱՎՈՐՎՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ...

Վ. Պ.

Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները հաճախ ավելի միջնորդավորված են, քան ուղղակի դրսեւորումներ են ունենում: Անկախ երկրի արտաքին քաղաքականությունից, որ նախկինում ակնհայտորեն, իսկ ներկայումս էլ կիսաանորոշ ուղղված է ընդդեմ Ռուսաստանի, իրավիճակն այնպիսի զարգացումներ է ունենում, որ ներկա ու անցյալ իրադարձությունների համադրությունն ու անգամ վերլուծությունը առանձնակի ոչ մի տեղ չեն տանում:

2008-ի օգոստոսյան պատերազմից հետո հակառուսականությունը բավականին բարձր մակարդակի հասավ Վրաստանում, ընդ որում` դրան նախորդած ժամանակահատվածում, դեռեւս 2006-ին գինու եւ այլ տնտեսական, բայց ակունքում` քաղաքական արգելանքների ֆոնին դեպի ՆԱՏՕ Վրաստանի ուղղվածությունը ողջույնի խոսքերով առաջնորդվեց, սակայն ցայսօր այդ հարցը հստակություն չի գտել:

Հիմա էլ, ինչպես երեկ տարածեցին վրացական լրատվամիջոցները, Վրաստանը, ի դեմս Գինու ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլու, պաշտոնապես հայտարարեց, որ վրացական գինու առաջին խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստան: Այսինքն, եթե ժամանակին Ռուսաստանն արգելեց վրացական գինու մուտքը երկիր, թե վերջինս կեղծված ու անորակ է, պետք է ենթադրել, որ վրացական գինու որակը «վերականգնել են»: Կամ վերականգնվել է մեկ այլ բան, բայց այդ մասին լռում են...

Ամեն դեպքում, վրացական գինին ճամփա է ընկել Ռուսաստան, Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների վերականգնման բանակցություններն էլ դեռեւս նախորդ շաբաթվա դրությամբ շարունակվելու փուլում էին` ի դեմս ՌԴ առաջին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի պրահյան հանդիպման, որ նախորդ հանդիպումից մի քանի ամիս հետո կազմակերպվեց` օրակարգում ունենալով ոչ միայն հարաբերությունների կարգավորման, այլեւ որոշ խմբերի քաղաքացիների համար անգամ Ռուսաստանի կողմից առանց անցագրային ռեժիմի մուտքի հնարավորություն տրամադրելու հարցով:

Այդ առնչությամբ բնավ էլ պատահական չէ, որ դեռեւս ապրիլի կեսերին արդեն իսկ ակտիվ խոսակցություններ եղան, որ մինչեւ 2013-ի ավարտը Վրաստանը Ռուսաստան կարտահանի արդեն իսկ 5-6 մլն շիշ գինի:

Մինչ այդ էլ նույն Գենադի Օնիշչենկոն, որ ղեկավարում է ռուսաստանյան «Ռոսպոտրեբնադզորը» եւ իր ժամանակին բարձրաձայնում էր Ռուսաստան արտահանվող վրացական գինու անորակության մասին, սկսեց ներկայացնել վրացական գինի ու հանքային ջուր արտադրող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքների մասին, թե դրանք արդեն կարող են գրանցվել ՌԴ-ում: Օնիշչենկոյի խոսքերը հետեւություն էին ռուսաստանյան մի քանի խումբ փորձագետների Վրաստան այցելությունների, որոնց արդյունքում էլ, կարելի է ներկայացնել, վրացական գինու առաջին խմբաքանակն արդեն Ռուսաստան տանող ճանապարհին է:

Ռուսաստանի հետ թեկուզ միայն առեւտրային մակարդակում հարաբերությունների վերականգնումը, որ արդեն կարելի է փաստել, ում եւ ինչ դիվիդենտներ է բերում` վիճելի հարց կարող է դիտվել, մինչդեռ ներկայիս Վրաստանի առաջին երկու դեմքերը` նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այս հարցն էլ չեն կարողանում, ավելի շուտ` չեն ցանկանում կիսել: Միլիարդատեր վարչապետի խոսքերովՙ Սաակաշվիլին չի հաշտվում անգամ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնման հետ, չնայած միայն գինու Ռուսաստան արտահանումը կարող է այդ արտադրանքի արտահանումը մեծացնել ավելի քան 30 տոկոսով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #97, 12-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ