ԴԱՓՆԻՆԵՐԻ ՎՐԱ ՆՆՋԱԾՆԵՐԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Մարզաշխարհում հայտնի խոսք կաՙ «Ավելի դժվար է չեմպիոնությունը պահպանելը, քան չեմպիոն դառնալը»: Տրամաբանությունը հետեւյալն է, երբ չեմպիոն չես, խաղում ես այնպես, ինչպես կարող ես խաղալ, ու եթե ամենաուժեղն ես խաղում, չեմպիոն ես դառնում: Բայց երբ խաղում ես չեմպիոնի կարգավիճակով, ուրեմն իրավունք չունես թույլ խաղալու, ու պետք է վերահաստատես ամենաուժեղը լինելդ: Հետեւաբար, չեմպիոնների աշխատանքը չի ավարտվում դափնիներով, ավելի մեծ նվիրվածություն է պահանջում դափնիներից հետո: Նույնըՙ պատերազմում: Ավելի դժվար է հաղթանակը պահելը կամ հաղթող մնալը, քան հաղթելը եւ հաղթող դառնալը: Ոչ մի պատերազմ մեզ այսքան հերոս չի տվել, որքան ղարաբաղյան պատերազմը, գուցե որովհետեւ այդ հերոսների ժամանակներում ենք ապրում, նրանցից շատերին ճանաչում ենք, գիտենք եւ, որ այդ մարդիկ չեն կարող հերոս լինել, որովհետեւ հերոսը չի կարող թույլ լինել, ինչպես Ազատության հրապարակում պարբերաբար հավաքվող ազատամարտիկները, եւ հերոսը չի կարող մարդ ծեծել, ինչպես Ազատության հրապարակում չհավաքվող նրանց մարտական ընկերները: Ընդ որումՙ այս երկու տեսակի ազատամարտիկներն էլ նույն բանն են ուզումՙ «չեմպիոն մնալ առանց չեմպիոնին վայել խաղի»: Երկուսն էլ պահանջում ենՙ իրենց անձին մեծարանք, երկուսն էլ որպես դրա հիմք բերում են իրենց ազատամարտիկ լինելը: Ասենք, հրապարակում կանգնածը պահանջում է, որ «հաշվի առնեն իր ազատամարտիկ լինելն» ու սոցիալական արտոնություններ տրամադրեն իրենՙ «ազատամարտիկին վայել», իսկ երկրորդը հենց այդ արտոնությունների ծնունդն է, ու իր ընդարձակ մեքենայի պատուհանից, ինչը եւս արտոնության ծնունդ է, նայում է, թե ինչպես են սովորական մարդիկ ու մեքենաները փողոցներում մի կողմ քաշվում, որպեսզի իր ավտոշարասյունն անարգել անցնի: Նա այս ամենի մեջ ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, որովհետեւ ինքը «ազատագրել է Ղարաբաղը», իսկ սա նշանակում է, որ «էլ ոչ մի բան կարող է չանել», իրեն ամեն ինչ կտան, պարտավոր են տալ, չտանՙ կվերցնի: Եվ ոչ մի «չեմպիոնություն», եւ ոչ մի ավելացած նվիրվածություն ու եռանդ. մեկը պահանջում է, որ իր վիճակը բարելավեն, մյուսը ցույց է տալիս այդ բարելավված վիճակի հետեւանքը: Օրինակՙ ուր են ազատամարտիկներըՙ ԼՂ հարցի բանակցություններում, ինչո՞ւ նրանք մինչեւ օրս չստեղծեցին մի խուրհուրդ, միություն (թեկուզ Երկրապահների բազայի վրա), որը առնվազն խորհուրդներ կտար ազատամարտիկ նախագահինՙ բանակցություններում, սեփական տեսակետները կբարձրաձայներ դրանց վերաբերյալ, կօգներ բոլոր այն մարտական ընկերներին, որոնք օգնության կարիք ունեն, փախստականներին, կփորձեր լուծել նրանց սոցիալական խնդիրները, կկանգներ վերջապես նրանց կողքին եւ դրանով իսկ կպահպաներ իր «չեմպիոնությունը»ՙ գերադասելով դա դափնիների վրա ննջելուց: Մեր ազատամարտիկները այսպիսին չեն, որովհետեւ մեր ազատամարտիկներըՙ շատ են, չափից դուրս շատ: Նրանցից մեկն, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով, հասկանալի է, Ազատության հրապարակ գնացողներից չէ, իր առողջության հետ կապված վերջերս շրջանառվող լուրերին ի պատասխան, թե իբր ծանր վիճակում է, ասել է. «Իմ առողջության մասին ով վատ է մտածում, ուրեմն թուրքի լամուկ է»: Նշենք, որ ոչ ոք գեներալի առողջության մասին վատ չի մտածում, նա ինքն էր վերջին օրերին գտնվում Ֆրանսիայումՙ բուժման նպատակով, հետեւաբար «թուրքի լամուկի», առհասարակՙ «թուրքի» փնտրտուքները հարկավոր է դադարեցնել. պատերազմն ավարտվել է, եւ այլեւս պետք է ոչ թե չեմպիոն դառնալ, այլ հաստատել, որ չեմպիոն ես: |