ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ Հ. Հ. Ձեռքը «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին դրածՙ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ երդվեց քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանն ու գործել ի բարօրություն նրա բնակիչներին: «Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը», ասաց Տարոն Մարգարյանը: Երդման արարողությունից հետո, որին մասնակցում էին ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահը, վարչապետը, մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ, Երեւանի պատվավոր քաղաքացի, Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Երեւանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթանՙ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, հանձնեց քաղաքապետին: Երկրի ղեկավարի գնահատմամբՙ Երեւանի ավագանին պետք է շարունակի վայելել երեւանցիների վստահությունը: Այդ դեպքում նրանք կկարողանան շատ բան անել: «Հիմա ճիշտ ժամանակն է, որ Երեւանի քաղաքապետն ու իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդն ու ջանքերը եւ լուծեն բոլոր խնդիրները: Երկրի ղեկավարի խոսքովՙ Տ.Մարգարյանը իրեն դրսեւորել է որպես համեստ, ազնիվ, մարդամոտ ու Երեւանի խնդիրներով մտահոգ քաղաքապետ: Նախագահը համոզված է, որ 4 տարի անց Երեւանում չի լինելու անբարեկարգ բակ, Երեւանը կդառնա հարմարավետ, հաճելի եւ գեղեցիկՙ երեւանցիների եւ հյուրերի համար: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել էր 2011-ի նոյեմբերի 15-ին: Մայիսի 5-ին կայացած ավագանու ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունը հաղթանակ էր տարել, եւ Տարոն Մարգարյանը վերնտրվել էր քաղաքապետի պաշտոնում: Այս անգամ ավագանու կազմում են նաեւ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները: ԲՀԿ ներկայացուցիչները երեկ ներկա էին երդմնակալության արարողությանը, իսկ ժառանգականներըՙ ոչ: Նրանք հայտարարել էին, որ չեն ընդունում քաղաքապետի ընտրություններն, ու նույն ժամին, երբ Մարգարյանը երկրորդ անգամ քաղաքապետի պաշտոնն էր ստանձնում, ժառանգականները Ազատության հրապարակում միտինգ եւ ասուլիսի կազմակերպեցին: Քննադատելով ընտրությունների արդյունքներըՙ նրանք միաժամանակ հայտարարեցին, որ կլինեն ժողովրդի խիղճը ավագանու նիստերում: |