ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` ԲԱՄՕ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՑ ՄԵԿԸ Ա. Մ. Մոսկվայում սպանվել է Մուրադյան եղբայրներին պատկանող ռուսաստանյան «ԲԱՄՕ» (եղբայրների անունների սկզբնատառերը) ընկերության սեփականատերերից Հովհաննես Մուրադյանը: Այս լուրը երեկ տարածեցին ռուսաստանյան լրատվական գործակալությունները: Համաձայն նրանց տարածած տեղեկատվությանՙ Հովհաննես Մուրադյանը սպանվել է մոսկովյան հյուրանոցներից մեկի մոտ` թիկունքին հասցված դանակի հարվածից: Գործարարը տեղում մահացել է: Հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով` «Սպանություն»: Սպանության շարժառիթները հայտնի չեն, թեեւ շրջանառվում են ինչպես Հովհաննես Մուրադյանի ձեռնարկատիրական գործունեության, այնպես էլ նրան թալանելու վարկածները: Տեղեկացնենք, որ ԲԱՄՕ ընկերությունը ռուսաստանյան մակարդակով հայտնի արդյունաբերական-շինարարական կազմակերպություններից է: Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում ընկերությունը կառուցել է բազմաթիվ բնակելի, բիզնես, մարզական համալիրներ, ընկերությունն ունի նաեւ արդյունաբերական ձեռնարկություններ: Ընկերությանն է պատկանում Յուսուպովների հայտնի պալատը, որը գտնվում էր քայքայման եզրին, բայց վերականգնվել եւ արժանավայել տեսք է ստացել ԲԱՄՕ-ի շնորհիվ: Նա խոշոր համատեղ ներդրումային ծրագրեր է իրականացնում Սաուդյան Արաբիայում` գործընկեր ունենալով այդ երկրի արքայազնին: Հայաստանում ԲԱՄՕ-ին է պատկանում Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: ԲԱՄՕ-ի ղեկավարը Մուրադ Մուրադյանն է, որը վերջերս նշանակվել էր Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իրաքում: |