ՊԱՊԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ «ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԼՈԲԲԻԻ» ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ Պ. Ք. Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս պապը լատինամերիկացի հավատացյալների հետ մասնավոր հանդիպման ժամանակ խոստովանել է «Միասեռական լոբբիի» գոյությունը Վատիկանի վարչական մարմիններում: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունըՙ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ: «Վարչական վերնախավում կան թե՛ իսկապես սուրբ մարդիկ եւ թե՛ կաշառասուն հոսանքներ: Մասնավորապես, «միասեռական լոբբիին» վերաբերող խոսակցություններն արդարացված են: Այն գոյություն ունի: Սակայն մենք փորձում ենք այստեղ պարզություն մտցնել», հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Այսպիսով, պապը անուղղակիորեն հաստատել է իտալական մամուլում հայտնվող այն նյութերը, թե Վատիկանի բարձրաստիճան միասեռականները դարձել են ահաբեկումների զոհեր: Նաեւ հաղորդվել էր, որ շատ եպիսկոպոսներ իրենց կարիերան պարտական են ավագ ընկերների հետ «ռոմանտիկական» հարաբերություններին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապը որոշել է առաջիկա տարիներին իր աշխատանքի գերակայություններից մեկը դարձնել Վատիկանի վարչական մարմինների կառուցվածքային խոր բարեփոխումը: Ըստ որում նա խոստովանել էր, որ ինքը «անկազմակերպ» մարդ է, այնպես որ հեշտ չի լինի հաղթահարել եկեղեցական բյուրոկրատիայի դիմադրությունը: |