ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՋԵՐՄԱՑՈՒՄ, ԿԱՄ 2014-Ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ Վ. Պ. Վրացական գինու «մեկնումը» Ռուսաստան ռուս-վրացական փաստացի ջերմացման վերջին օրերի միակ նորությունը չէ: Վերջին նորությունը չէ նաեւ այն, որ ռուս-վրացական հանդիպումների վերջին օրակարգային հարցերից մեկն էլ նշվում էր անցագրային հարցի քննարկումը, ինչի ապացույցը չի ուշացել: «Russia Today» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ի շարս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Վրաստանի հետ հարաբերություններին: Մասնավորապես, նա նշել է, թե Ռուսաստանը ցանկանում է եւ կշարունակի զարգացնել առեւտրային հարաբերությունները Վրաստանի հետ: «Մենք որոշում ենք կայացրել թույլատրել վրացական ապրանքների մուտքը ռուսաստանյան շուկա», նշել է Պուտինըՙ ավելացնելով, թե դա կարեւոր երեւույթ է, թե հնարավոր է` առանցքային չէ. «Բայց դա կարեւոր է Վրաստանի համար, Վրաստանի տնտեսության համար», վրացական տնտեսությամբ մտահոգության տարօրինակ դրսեւորում է ցուցաբերել Պուտինը: Ռուսաստանի նախագահը ներկայացրել է, թե աշխատանքներ են տարվում համագործակցություն հարթելու համար, եւ «եթե հաջողվի համագործակցել իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների մակարդակում, դա առաջին քայլը կլինի վերականգնելու ոչ անցագրային ռեժիմը»: 2000 թվականից անցագրային ռեժիմով շփումը դեռեւս պահպանվում է Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի դեպքում այն պարագայում, երբ 2012-ից Վրաստանի նախագահի Միխեիլ Սաակաշվիլու հրամանագրով Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան մուտքի անցագրային պահանջը հանվել է: Ինչեւէ, Պուտինը վստահեցրել է, թե Ռուսաստանը ցանկանում է Վրաստանի հետ հարաբերությունների ողջ ծավալը վերականգնել` համագործակցելով, միասին աշխատելով: Այդ հարցը, ըստ Պուտինի, ակնհայտ է Վրաստանի նոր իշխանությունների` Սոչիի 2014-ի օլիմպիադային մասնակցության պատրաստակամություն հայտնելու քայլով: ՌԴ նախագահի խոսքերովՙ այդ հարցն արդեն իսկ քննարկվել է, թե ինչպես վրաց մարզիկները կարող են մասնակցել 2014-ի օլիմպիական խաղերին: «Մենք ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, մենք Վրաստանին շատ ջերմ ենք վերաբերվում: Մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք», հեռուստատեսությամբ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանյան իշխանությունների` նախկինում կատարած հայտարարությունները, թե որեւէ շփում Վրաստանի հետ չի կարող լինել, քանի դեռ որոշում է կայացնում Միխեիլ Սաակաշվիլին, ենթադրել են տալիս, որ որեւէ պարագայում Ռուսաստանն այլեւս Վրաստանի ներկայիս նախագահին առաջնորդ չի համարում, ինչի հետ Սաակաշվիլին կռիվ է տալիս հենց Վրաստանի ներսում` փորձելով հակադրվել այն ամենին, ինչ նախաձեռնում կամ իրագործում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: |