ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ ԵՆ ԳՈՎԱԶԴԻ ՈՒ ԼԵԶՎԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԳՈՎԱԶԴԵՐՆ ՈՒ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ Ա. Մ. Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ աշխատանքներ են տարվում գովազդի ու լեզվի օրենքների պահանջներին, ինչպես նաեւ Երեւանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող, մայրաքաղաքում առկա գովազդային պաստառներն ու վահանակները ապամոնտաժելու ուղղությամբ: Երեւանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ծանուցելով օրենքին չհամապատասխանող գովազդերը սեփական ուժերով ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու մասին, սահմանել էր վերջնաժամկետՙ մայիսի 29: Մայիսի 30-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել է օրենսդրության պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացը: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ ապամոնտաժումներն առաջնահերթության կարգով կատարվում են վարչական շրջանների կենտրոնական փողոցներում: Մինչ օրս մայրաքաղաքում ապամոնտաժվել է ավելի քան 300 գովազդային պաստառ: Ավելի քան 100 տնտեսվարողի էլ տրամադրվել է անվճար մասնագիտական խորհրդատվություն, նաեւ անվճար դիզայներական ծառայություններ են մատուցվել: Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովին են ներկայացվելու Երեւան քաղաքի արդեն իսկ մշակված գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկություններն ու համաչափությունները: 4 փոխքաղաքապետ Երեւանում` երկու նոր եւ երկու հին Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, հունիսի 15-ին տեղի ունենալիք Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստում որոշումներ են ընդունվելու Երեւանի քաղաքապետի 4 նոր տեղակալների նշանակման մասին: Մասնավորապես, Կամո Արեյանը կվերանշանակվի քաղաքապետի առաջին տեղակալ, Վահե Նիկոյանը` քաղաքապետի տեղակալ, ներկայումս քաղաքապետի խորհրդական եւ մշակութային ծրագրերի համակարգող Արամ Սուքիասյանը եւ ներկայումս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը կնշանակվեն քաղաքապետի տեղակալներ: Ավագանու նիստում նաեւ որոշումներ կընդունվեն ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդկան արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի, Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի, Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Վազրիկ Սեկոյանի հուշատախտակները տեղադրելու մասին: Տուգանվել են Երեւանի միկրոավտոբուսային երեք երթուղիներ սպասարկողները Հունիսի 3-ից 7-ը Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ-ի ստուգայցերի արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շարժակազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոցներով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց» (թ. 3 միկրոավտոբուսային երթուղի), «ՍԱ-ՂԱ տրանս» (թ. 64 միկրոավտոբուսային երթուղի) եւ «Տրանսպորտնիկ» (թ. 41 միկրոավտոբուսային երթուղի) ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության: |