RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013



Մտահոգություններ

Տեղադրվել է` 2013-06-12 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1846, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 43

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ԹԵ ՀԱՐՈՒՍՏ, ԱՅԼ ՇԱՏ ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿԻՐ Է», ԲԱՅՑ...

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Երեւանի պետական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի էկոլոգիայի, Մոսկվայի միջազգային ինֆորմատիզացիայի, Նյու Յորքի գիտությունների եւ Ֆրայբերգի լեռնային ակադեմիաների պատվավոր անդամ ՌՈՒԴՈԼՖ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ աշխարհում հայտնի այն երկրաբաններից է, ում հետ զրույցը անմոռաց դաս է դառնում նաեւ լրագրողի համար: Նրա խոսելու ընթացքում բնությանը սկսում ես նայել խոշորացույցով, իսկ էկրանային ցնցող կադրեր դիտելիս ուղղակի տեղափոխվում ես վերին մի ուղեծիր եւ գիտնականի հետ հրճվում փոթորկի, հրաբուխի, պտտահողմի ու ձնահյուսքի գեղեցկությամբ, եթե, իհարկե, մարդը դրանից չի տուժում:

Հե՞շտ է հասնել այսպիսի տեսողականության: Պրոֆեսորը պատմում է...

Երիտասարդություն եւ ռոմանտիկա

- Երկրաբան դարձել եմ պատահականորեն: Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող էի, երբ մայրս հիվանդացավ եւ խնդրեց վերադառնալ: Նրա օրհասական վիճակն զգալով` հաջորդ օրն իսկ գնացի դեկանատ: Բոլորն իհարկե զարմացան, որովհետեւ բացարձակ գերազանցիկ էի, բայց հասկացան դրությունս եւ ինձ մի թուղթ տվին, որով առանց քննության կարող էի տեղափոխվել այլ բուհ: Անելիքս, սակայն, դեռ չգիտեի:

Այսպես մոլորված` պատանի Ռուդոլֆը 1954 թ. Մոսկվայի փողոցներում հանդիպում է հոր ընկերոջը` պոլիտեխնիկականի դասախոս Ջանջուղազյանին, ով լսելով, որ տղան տարված է լեռնային տուրիզմով ու ալպինիզմով, խորհուրդ է տալիս երկրաբան դառնալ: Հետաքրքրականն այն է, որ հենց նույն օրը երիտասարդը հար եւ նման մի խորհուրդ էլ գերմաներենի դասախոսից է ստանում: Տարիքն առած կինը 18-ամյա տղային ասում է. «Հե՛ր Գեւորգյան, ինչ ուզում ես դարձիր, միայն թե քաղաքականությունից դուրս արի: Գնա ինժենե՛ր դարձիր»: Այս խոսքը վճռորոշ է լինում, եւ երբ Ռուդոլֆը, հեռանկարով խանդավառ, գալիս է Երեւանի պետական համալսարան, պրոռեկտորը չի թաքցնում զարմանքը: Պատանուն խորհուրդ է տալիս չփոխել հումանիտար ուղղությունը, բայց նոր երազանքի գայթակղությունը խիստ զորեղ է լինում, եւ այժմ` տասնամյակների հեռվից, պրոֆեսորն ասում է.

- Որոշմանս համար երբեք չեմ զղջացել ոչ միայն նրա համար, որ այն ժամանակ երկրաբանության մեջ ռոմանտիկ բան կար`ճամփորդություններ, խարույկներ, գիշերային երազանքեր, կիթառ, այլեւ որ հասկացա, թե պետք է բնության հարցերով զբաղվեի` լիներ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա թե հենց երկրաբանություն:

Գիտություն եւ օգտակարություն

Ռուդոլֆ Գեւորգյանն այն գիտնականներից է, որոնց նախաձեռնությունները զուգորդվում են կյանքի հարցեր լուծելու սկզբունքով: Նրա աշխատանքները ոչ թե մնում են թղթի վրա, այլ կյանքի են կոչվում եւ ծառայում մարդուն:

Ի սկզբանե հետազոտելու մղումն այնքան մեծ է եղել, որ նա 1960-ականների սկզբին հեշտությամբ թողել է համալսարանից հետո զբաղեցրած լուրջ պաշտոնը` Հայաստանի ժողտնտխորհի ավագ ինժեների աթոռը, Մոսկվայի Վերնանդսկու անվան երկրաքիմիայի եւ անալիտիկ քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրայում մասնակցել գիտական բարդ արշավանքների, 1965-ին` 30 տարեկանում, պաշտպանել թեկնածուական թեզ եւ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում աշխատանքի անցել որպես գիտահետազոտական բաժնի գիտքարտուղար: 1967-68 թ. նա վերապատրաստման է մեկնել Գերմանիայի Ֆրայբերգի լեռնային ակադեմիա եւ այն ժամանակվանից մինչ օրս կազմակերպում է ուսումնական պրակտիկաներ, դասախոսների եւ ուսանողների փոխայցելություններ, ասպիրանտական հետազոտություններ: Բայց սա էլ ամենը չէ: Իբրեւ նորությունների ծարավ «ուղղափառ երկրաբան»` նա անընդմեջ շրջագայել է, մի տարուց ավելի էլ ճամփորդել բաց ծովով, պտտվել աշխարհի շուրջը:

- 1974-ին Վերնանդսկու անվան ինստիտուտից ակադեմիկոս Բորիս Պետրովի անունը կրող ոչ մեծ նավով շուրջերկրյա ճանապարհորդություն կազմակերպվեց: Տարուց ավելի լողալով` կտրեցինք-անցանք չորս օվկիանոսները: Խնդիրը գիտական էր: Հատուկ սարքերով ծովերի ու օվկիանոսների հատակից ապարներ էինք պոկում եւ հետազոտում ջրային հատակի կազմությունը:

Այս ամենի շարունակությունը լինում է այն, որ Ռ. Գեւորգյանը 1978-ին հիմնում եւ 15 տարի ղեկավարում է Վերնանդսկու ինստիտուտի հայկական մասնաճյուղը, կատարում սեյսմոերկրաքիմիական եւ էկոերկրաքիմիական ուսումնասիրություններ, զբաղվում երկրաէկոլոգիայով, Հայաստանում ալմաստների որոնմամբ, հայտնաբերում շուրջ 40 բյուրեղ: Դրանից հետո նա մեծ ծառայություններ է մատուցում սեյսմիկ անվտանգության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներին, իսկ 1995-ին դոկտորական թեզ պաշտպանելով` դառնում է ԵՊՀ Երկրաբանական ֆակուլտետի միներալոգիայի, պետրոլոգիայի եւ երկրաքիմիայի ամբիոնի վարիչը:

Վերջին ժամանակներում գիտնականի հիմնական հետաքրքրությունը բնական ցեոլիտներն են եւ էկոլոգիապես մաքուր պարարտանյութերի ստացումը: Նա արդեն իսկ աշխարհին ներկայացրել է հայկական տուֆի այդ տարատեսակով, ռադիոակտիվ հեղուկ թափոնների վնասազերծման խիստ օգտակար մի գյուտ, իսկ այժմ փորձարկումներ է անում քիմիական արդյունաբերության թափոնների վնասազերծման ուղղությամբ: Նա մասնավորապես պնդում է, որ այսօր Հայաստանին օդի պես անհարաժեշտ է կազմակերպել ծծմբական թթվի անթափոն արտադրություն ոչ միայն նրա համար, որ Ալավերդու պղնձի գործարանը դադարեցնի ծծմբական գազերի արտանետումները, այլեւ որ ստացված ծծմբական թթվով սկսենք մշակել Արարատյան դաշտի օրեցօր աղակալող հողերը:

Հարց է առաջանում. մի՞թե անհնար է, երբ ցեոլիտը սփռված է Հայաստանով մեկ...

Հաճելին օգտակարի հետ. երկրաբանություն եւ տուրիզմ

Այսպիսի բարդ շղթայից հետո ընթերցողը կմտածի`դե, երեւի վերջ, մի մարդու ծառայությունների համար այսքանն արդեն իսկ չափազանց է: Բայց ոչ: Գիտության եւ հաճելիի զուգորդման մասին դեռ ոչինչ չենք ասել: Հապա ո՞ւր մնաց մեր գիտնականին պատանեկությունից խանդավառած լեռնային տուրիզմը:

Հայրենիքը սեփական ափի պես ճանաչող մասնագետը իր այս հոգսերի մասին ասում է.

-1970-ականներից մշակել եմ «Հայաստանն իմ տունն է» էքսկուրսիաների ծրագիրը, որով հեռվից եկած հյուրերին ծանոթացրել եմ Հայաստանի երկրագիտական վայրերին, հնագույն մշակույթին ու պատմությանը: Դրանով հանդերձ, ինքս միշտ անհանգիստ եմ եղել Արեւմտյան Հայաստանը չճանաչելուս համար, նեղսրտել, որ աշխատում ենք մեր պապենական հողերի փոքր մասի վրա: Եվ ահա շաբաթներ առաջ երազանքիս մի մասը կատարվեց: Մոսկվաբնակ բարեկամիս եւ նյույորքցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ մեկնեցի Արեւմտյան Հայաստան, տեսա պապերիս երկիրը: Կարսում իսկ եւ իսկ տատիկիս պատմածով գտանք մորական պապիս տունը. Չարենցի տնից հաշվեցինք 7 տուն վերեւ ու կանգնեցինք աղյուսաշեն, երկհարկանի, պատշգամբով տան առջեւ, որ լքված էր ու կիսաքանդ, Մուշում էլ գտանք Անդրանիկ Միհրանյանի պապական տունը: Հետո գնացինք Վան, տեսանք Խոռխոռյան նշանավոր սեպագրերը, Աղթամար կղզին ու Սուրբ Խաչ վանքը: Գնացինք համալսարան, տեսանք Վանա կատուների բուծարանը եւ, չեմ կարող չասել, զարմացանք համալսարանի արդիական սարքավորումներից: Ողջ տեսականին գերմանական ու ճապոնական բարձրակարգ արտադրության էր, իսկ մեր համալսարանում կարգին աշխատող սարքեր չունենք: Տեսանք նաեւ, որ անգամ գյուղերում` տների կտուրներին, արեւային մարտկոցներ են դրված, որոնք թուրքական պետությունը տալիս է փոքր վարկերով, իսկ մենք այսքան գիտական միտք ունենալով` նմանատիպ սարքերից դեռ չենք օգտվում: Մի խոսքով, տեսանք, որ 85 տոկոսով քրդաբնակ Արեւմտյան Հայաստանը այլոց համար ապրելու լավ տեղ է դառնում, եւ մենք այստեղ մտահոգվելու շա~տ բան ունենք...

Ի՞նչ է արվում, ինչի՞ց սկսել, երբ ոսկուց թանկ մետաղները... թափվում են

Ռուդոլֆ Գեւորգյանի աչալուրջ գնահատմամբ` ներկա Հայաստանը արտադրական տեսակետից բավական հետ է ընկել Խորհրդային Հայաստանից, բայց դա չի նշանակում, թե պիտի համակերպվենք ստեղծված իրավիճակին:

- Ես համոզված եմ, որ կգան լավ ժամանակներ, երբ այստեղ էլ կներխուժեն բարձր տեխնոլոգիաները, եւ ինչպես Շվեդիայում, մենք էլ մի հանքաքարից 10 մետաղ կձուլենք, կունենանք անթափոն արտադրություն,- ասում է գիտնականը:- Ցավոք, այսօր նույնիսկ ամենահարուստ հանքավայրից, ասենք, ոսկու հանքից, միայն մի մետաղ ենք ստանում` ոսկի, առավելագույնը` նաեւ արծաթ: Ընդ որում, ոսկի էլ չենք արտադրում, այլ միայն խտանյութ, որն ուղարկվում է Բրիտանիա: Մոլիբդենի հանքավայրից էլ մոլիբդենի խտանյութ ենք ստանում: Միայն փոքր մի քանակություն` տարեկան 300 տոննա ֆերոմոլիբդեն` մոլիբդենի ու երկաթի համաձուլվածք, մշակում են Երեւանի մաքուր երկաթի գործարանն ու Քաջարանի «Մոլիբդեն փրոդաքշընը» եւ արտահանում, քանի որ Հայաստանում կիրառություն չունի: Վերջ: Մնացածը`ոսկուց շատ ավելի թանկ ու հազվագյուտ մետաղներ` ռենիում, բիսմուտ, սելեն, տելուր, ինդիում, գալիում, կորչում են խարամի թափոնների մեջ: Արտահանվում է նաեւ սեւ պղնձի ողջ քանակությունը` 5-7 հազար տոննա, իսկ նախկինում` 45 հազար տոննա կարմիր պղինձ էինք արտադրում, որը մշակում էին Երեւանի ու Գավառի մալուխի գործարանները, որոնք, ցավոք, այսօր նույնպես չեն աշխատում:

Սա անելո՞ւ բան է, կմտածի մեզնից յուրաքանչյուրը: Եթե ոսկուց թանկ մետաղները, որ օգտագործվում են հրթիռային ու ատոմային արտադրություններում, թափում ենք կամ սեւ պղնձի ու մոլիբդենի հետ նվեր տալիս այլոց, իսկ պղնձի ու մոլիբդենի խտանյութն էլ դրսին վաճառում ենք... կես գնով, ուրեմն էլ ինչո՞ւ ենք բողոքում աղքատությունից: Նման անտնտեսվար օղակներից պետությունը պատասխանատվություն չի՞ պահանջում:

Իսկ այլ օգտակար հանածոնե՞րը...

- Սա ինձ համար հուզիչ թեմա է,- մեծ ցավով ասում է գիտնականը,- որովհետեւ Հայաստանը ոչ թե հարուստ, այլ շատ հարուստ երկիր է, պարզապես մենք մեր ունեցածի գինը լրիվ չենք գիտակցում: Թյուր տեսակետ է, թե երկիրը հարուստ է, եթե նավթ ու ոսկի ունի: Մեր դժբախտությունն այն է, որ բոլոր տիպի հանածոներն էլ` մետաղական ու ոչ մետաղական, խիստ մակերեսորեն ենք մշակում: Հենց տուֆը բարբարոսաբար է օգտագործվում դեռ խորհրդային ժամանակներից: Միայն շինարարության համար: Մինչդեռ հայտնի է, որ տուֆի եւ հատկապես տուֆավազների մեջ ոսկի եւ արծաթ կա: Ամենացավալին. չեն օգտագործվում մեր պեմզաները, պեռլիտները: Պեռլիտը տեղից արդեն հրաբխային ապակի է: Դրանից կարելի է ստանալ բարձրորակ ապակի, սալիկ, թել, աղալով`բազմապիսի շինանյութեր, ներկեր... Մեր բնական քարերի մշակմամբ կարող ենք ե՛ւ արդյունաբերություն զարգացնել, ե՛ւ արդիական շինանյութեր ունենալ, բայց որքան ժամանակ է, խոսքը գործի չի փոխվում...

Այսքանից հետո, երբ զրույցը հասնում է բնապահպանությանը, պրոֆեսորը դարձյալ բերում է Շվեդիայի օրինակը: Այնտեղ, ասում է, երկաթի 5 հանքավայր կա, որոնց շահագործումից սատնում են 20 տիպի մետաղ եւ... ոչ մի թափոն: Հետո էլ` թափոնի նկատմամբ հատուկ մոտեցում կա: Այնպես չէ, որ թափոնը լցնեն մի պոչամբար ու մոռանան: Դրա համար արդյունաբերողը պետությանը հարկ է վճարում: Այստեղ ճիշտ հակառակն է. պետությունը պիտի ծախսեր անի, որ պոչամբարը պահպանի, արտահոսքերը կանխի:

Ո՞րն է ելքը

- Սրտացավությունը,- կարճ ասում է գիտնականը:- Այսօր, ցավոք, Հայաստանը դարձել է տեղանք, որից գերշահույթներ ստացող մարդիկ կապ չունեն Հայաստանի ժողովրդի հետաքրքրությունների հետ: Հանք շահագործող բոլոր ընկերությունները 100 տոկոսով դրսի ընկերություններ են, որոնց հուզողը հիմա եւ այսօր բառերն են, այս պահի հաջողությունները: Հայաստանի վաղը նրանց չի հուզում: Մեր բնապահպանների ահազանգերը ճիշտ են: Աստված չանի, որ նրանց կանխատեսումները ճիշտ դուրս գան, եւ Թեղուտում կառուցվող հարստացուցիչ ֆաբրիկայի կամ Բրիտանիայի արքայազնի հետամտած ոսկու նոր հանքերի շահագործման պատճառով կանգնենք խմելու ջրի, հատկապես Սեւանի աղտոտման խնդրի առջեւ: Չքաշվենք եւ հարց տանք` այլեւս ո՞ւմ պիտի ծառայի մեր երկիրը: Հայաստանն այդուհետեւ կլինի ոչ թե երկիր, այլ` տարածք... Թող այն կարծիքը չստեղծվի, թե ես դեմ եմ հանքերի շահագործմանը: Իբրեւ գիտնական` ես նույնիսկ շահագրգռված եմ դրանով: Պարզապես ամեն ինչ պիտի արվի մտածված եւ գիտականորեն ճիշտ, հօգուտ ժողովրդի: Պետությունը պիտի կարողանա վերահսկել իր պաշարները եւ ամենախիստ պատիժներով կանխել բնության աղտոտումը: Անելիքներ շատ ունենք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ