RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-06-12 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1985, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ԴԱՆԻԱՆ ՋԱԽՋԱԽՎԵՑ, ԱՌՋԵՎՈՒՄ ՉԵԽԵՐԻ ՀԵՏ ՎՃՌՈՐՈՇ ՄՐՑԱԽԱՂՆ Է

Հավաքականը վերջապես իրեն բնորոշ խաղը ցուցադրեց

Հա1յաստանի ազգային հավաքականը հերթական անակնկալը մատուցեց իր երկրպագուներինՙ մեկ անգամ եւս հաստատելով, թե որքան անկանխատեսելի է ֆուտբոլը, անշուշտ նաեւ մեր թիմը: Նույնիսկ հավաքականի ամենահավատարիմ ու լավատես երկրպագուները չէին կարող գուշակել, որ Մալթայի հավաքականից կրած խայտառակ պարտությունից հետո մեր ֆուտբոլիստներն ընդամենը 4 օրում կվերափոխվեն եւ Կոպենհագենում 4-0 հաշվով կջախջախեն դանիացիներին, որոնց հետ 18 տարի առաջ անցկացրած ընտրական 2 մրցախաղերում էլ պարտվել էին:

Այո, իրոք Հայաստանի հավաքականն այս անգամ զարմացրեց եւ միեւնույն ժամանակ մեծ բավականություն պատճառեց ֆուտբոլասերներին իր ագրեսիվ խաղով, ցուցադրած դիտարժան ֆուտբոլով: Վերջին 2 տարիների ընթացքում Դանիայի հավաքականի հետ կայացած հանդիպումը մեր ընտրանու լավագույն խաղն էր: Վերջապես մենք տեսանք այն խաղը, որը բնորոշ էր մեր ֆուտբոլիստներին Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում:

Ինչ խոսք, իր դերը խաղաց նաեւ դանիացիների դարպասը Յուրա Մովսիսյանի խփած արագ գոլը, որն արդեն 1-ին րոպեին բացեց հաշիվը: Ի դեպ, այդ գոլը հավաքականի հանդիպումներում մինչ օրս գրանցված ամենաարագ գոլն է: Մինչ այդ առավել արագ մեր ֆուտբոլիստները հաշիվը բացել էին Անդորրայի հավաքականի հետ 2010-ի հոկտեմբերի 12-ին Երեւանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: 5-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել Գեւորգ Ղազարյանը:

Մովսիսյանի խփած գոլն անակնկալի բերեց դանիացիներին, որոնք գուցե տրամադրվել էին հեշտ հաղթանակիՙ հաշվի առնելով Մալթայից ՀՀ հավաքականի կրած պարտությունը: Եվ մինչեւ դաշտի տերերն ուշքի կգային, 19-րդ րոպեին Արաս Օզբիլիսը կրկնապատկեց հաշիվը: Այդ գոլն արդեն ավելի ամրապնդեց մեր ֆուտբոլիստների առավելությունը, վստահություն ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ, որոնք հետագայում ավելի անկաշկանդ ու ինքնավստահ գործեցին: Դանիացիները ստիպված էին մեծ ուժերով առաջ նետվել, ինչը մեր հավաքականին հակագրոհելու էլ ավելի լավ հնարավորություն ընձեռեց: Եվ մեր ֆուտբոլիստները հիանալի օգտագործեցին ստեղծված հնարավորություններից երկուսըՙ գործը հասցնելով մրցակցի ջախջախմանը: 3-րդ գոլն իր օգտին գրանցած Յուրա Մովսիսյանը հավաքականի հանդիպումներում առաջին անգամ մեկ խաղում 2 գնդակ խփեց: Իսկ խաղավերջում անհատական վարպետությամբ փայլեց Հենրիխ Մխիթարյանըՙ գեղեցիկ վերջակետ դնելով դիտարժան հանդիպմանը:

Ի դեպ, բրիտանական HITC Sport-ն անդրադարձել է Հենրիխի ցուցադրած խաղին ու խփած գոլին. «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը դարձած Հենրիխ Մխիթարյանը հաղորդագրություն ուղարկեց լիվերպուլցիներինՙ մեծ դերակատարում ունենալով Հայաստանի հավաքականի հաղթանակում: Կոպենհագենում Հենրիխը գոլի հեղինակ դարձավ տպավորիչ անցումից հետո: ՀՀ հավաքականը հիանալի հաղթանակ տոնեց եւ B խմբում շրջանցեց դանիացիներին»:

Հենրիխի խփած գոլը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 11-րդն էր: Նա կրկնեց հավաքականի լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանի արդյունավետության ռեկորդը: Նշենք, որ վերջինս 1992-2004-ին իր 11 գոլերը խփել է հավաքականում անցկացրած 69 խաղում, մինչդեռ Մխիթարյանը Դանիայի հավաքականի հետ մրցավեճում 39-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել ազգային ընտրանու մարզաշապիկով:

Անշուշտ, տպավորիչ հաղթանակում իրենց ներդրումն ունեն նաեւ դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ պաշտպանները, որոնք այս անգամ հուսալի գործեցին, զերծ մնացին կոպիտ սխալներից: Մի խոսքով, Կոպենհագենում մեր ֆուտբոլիստներն իրոք փայլեցին եւ արժանի էին նման հաղթանակի:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն են արտահայտել:

Վարդան Մինասյան (Հայաստան)- Մալթայի ընտրանուց կրած պարտությունից հետո ֆուտբոլիստների մեջ ընկճվածություն կար: Սակայն մեզ հաջողվեց փոխել նրանց հոգեբանությունը: Այսօր մենք տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել: Այս արդյունքը պատահականություն չէր: Իհարկե, հաշիվն ինձ համար էլ անակնկալ էր, բայց հավաքականի ցուցադրած խաղըՙ ոչ: Ես չեմ կենտրոնանում հաշվի վրա, ինձ համար կարեւորն արդյունքն է եւ ցուցադրած խաղի որակը:

Մեր ընտրած մարտավարությամբ հարկավոր էր հուսալիորեն պաշտպանվել, իսկ հակագրոհների ժամանակ փորձել օգտագործել ազատ գոտիները: Դժվարն առաջին գոլն էր, որը շատ արագ խփեցինք: Առաջին 2 գոլերից հետո դանիացիներն առաջ նետվեցին եւ դա մեզ ավելի ազատ գործելու հնարավորություն ընձեռեց:

Մենք շարունակելու ենք խաղալ հաղթանակի համար: Եթե հաղթենք հաջորդ բոլոր հանդիպումներում, ապա կարող ենք պայքարել եզրափակիչի ուղեգրի համար: Ես պատահականությունների չեմ հավատում: Անգամ Մալթայից կրած պարտությունը պատահականություն չէր: Ինձ համար առավել կարեւորը թիմային ոգին էր:

Մորթեն Օլսեն (Դանիա) - Չեմ կարող ձեզ ուրախացնել ինչ-որ յուրահատուկ վերլուծությամբ: Պարտության ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Հնարավոր է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղում իմ կարիերայի վատագույն երեկոն ապրեցի: Դժվար է այս մրցավեճում կատարվածի վերաբերյալ ինչ-որ բացատրություն գտնել:

Հայաստանը հիանալի խաղ ցուցադրեց, մեծ թվով գոլային պահեր ունեցավ: Խաղասկիզբը շատ հաջող դասավորվեց մրցակցի համար եւ մեծ ազդեցություն ունեցավ հանդիպման հետագա ելքի վրա: Հայաստան-Մալթա խաղից հետո Դանիայում շատերը մտածում էին, որ այսօրվա խաղում մեզ հեշտ մրցակցություն է սպասում: Սակայն ես այլ կարծիքի էի: Գտնում եմ, որ Հայաստանը շատ լավ հավաքական ունի: Մենք չկարողացանք հասնել արդյունքի, քանի որ գրոհների եզրափակիչ փուլում անփույթ էինք գործում: Եթե կարողանայինք արագորեն վերականգնել հավասարակշռությունը, ապա հնարավոր կլիներ այլ արդյունք ակնկալել: Այժմ մենք մեր խնդիրը բարդացրինք: Իսկ Հայաստանը, կարծում եմ, արդեն կորցրել է 2-րդ տեղը գրավելու հնարավորությունը:

Ընտրական հաջորդ հանդիպումը ՀՀ հավաքականը կանցկացնի Չեխիայումՙ սեպտեմբերի 6-ին: 4 օր անց Երեւանում կհյուրընկալենք Դանիային, իսկ հոկտեմբերի 11-ին Երեւանում կմրցենք բուլղարացիների հետ: Ընտրական մրցաշարը հավաքականը կավարտի հոկտեմբերի 15-ին իտալացիների հետ կայանալիք արտագնա խաղով:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Իտալիա642012-414
2. Բուլղարիա624011-410
3. Չեխիա62316-49
4. Հայաստան62046-86
5. Դանիա61326-96
6. Մալթա61052-143

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ