ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑԸ ՆԱՄԻԲԻԱՑԻ ՇԻՀԵՊՈՆ Է 2-րդ միջինքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ դուրս կգա օգոստոսի 24-ին: Այդ օրը նա Գերմանիայում կմենամարտի նամիբիացի Վիլբերֆորս Շիհեպոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղարությունը: 30-ամյա Շիհեպոն պրոֆեսիոնալ ռինգում 26 մենամարտերից 20-ում հաղթել է, 6-ում պարտվել է: Վերջին մենամարտը նա անցկացրել է Նամիբիայում անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին: 6-ռաունդանոց մենամարտում Շիհեպոն միավորներով հաղթել է Մվահիլա Ուդիադիային: 33-ամյա Արթուր Աբրահամի համար հերթական հանդիպումը կլինի 41-րդը պրոֆեսիոնալ ռինգում: Դրանցից 36-ում Արթուրը հաղթել է մրցակիցներին, 4-ում պարտվել է: Հայ բռնցքամարտիկը վերջին մենամարտն անցկացրել է այս տարվա մարտի 23-ին Ռոբերտ Շտիգլիցի հետ: Այդ մենամարտում Աբրահամը չկարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, որը նվաճել էր հենց Շտիգլիցի հետ նախորդ մրցախաղում: Ստացած աչքի վնասվածքի պատճառով մենամարտը 4-րդ ռաունդում դադարեցվեց եւ Աբրահամին պարտություն գրանցվեց: Արթուր Աբրահամը նշել է, որ կրկին ամենօրյա մարզումներ է անցկացնում եւ նպատակ ունի իրեն վերադարձնելու աշխարհի չեմպիոնի գոտին: Աբրահամը գիտի, որ իր մարտարվեստի երկրպագուներն իրենից հաղթանակ են ակնկալում: |