ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՄ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ Հ. Հ. Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը պարունակում է ոչ միայն լայն հնարավորություններ, այլեւ լուրջ մտահոգություններ: Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբՙ համաձայնագիրը Հայաստանին կօգնի տնտեսական զարգացման նոր հեռանկարներ բացել, օգնել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հիմքի վրա քաղաքացիական հասարակություն կառուցելու հարցում: Եթե գործընթացում ներգրավված լինի ամբողջ տարածաշրջանը, համաձայնագիրն ավելի մեծ նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար, ցավոք, ներկա դրությամբ այն անիրատեսական է: Ըստ Մեհրաբյանիՙ հետխորհրդային երկրներում Եվրոմիության ինտեգրման գործընթացին խանգարում են օլիգարխիան, կոռուպցիան ու կրիմինալը: Հետեւաբար, քանի այս խնդիրները չեն լուծվել, Եվրոմիության հետ ինտեգրվելու մասին հույսեր չենք կարող փայփայել: Ըստ Մեհրաբյանի, Հայաստանն այս հարցի վերաբերյալ այլընտրանք չունի եւ ամեն ինչ պետք է անի համաձայնագիրը ստորագրելու համար, քանի որ այն զարգացման նոր հեռանկարներ է բացելու: Սակայն բարեփոխումներն ու պարտավորվածությունները կդառնան լուրջ մարտահրավեր Հայաստանի համար Ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի ՙ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի համար զարգացման նոր ռազմավարական հնարավորություններ կստեղծի: Կիրակոսյանն առանձնացրեց 4 ռազմավարական հնարավորություն, որոնցից կարող են օգտվել կողմերը: Առաջին հերթին, համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է հենց Եվրոմիության համար, քանի որ այս կառույցը լծակ կտաՙ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներն ավելի առաջ մղելու համար: Ներկայիս մեկուսացման պայմաններում նման համաձայնագիրը ինտեգրման հնարավորություն կտա: Այս կերպ կլուծվեն նաեւ տարածաշրջանային հարցեր, քանի որ ԵՄ-ն առաջարկում է տարածաշրջանային կայունություն: Այս առնչությամբ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների լավացումը բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ նրան անհրաժեշտ է զարգացած, կայացած եւ ուժեղ գործընկեր-հարեւան: Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները մեկնարկել են 2010-ի հուլիսի 19-ին Երեւանում: Եվրոմիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթըՙ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրն է, որ ուժի մեջ է մտել 1999-ի հուլիսին: Ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Դրանում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, ազատ տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագիրն ունենալու է նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության բաղադրիչներ: |