ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ-ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻ ՀԱՏՎԱԾԸ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ Է Ա. Մ. Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավարտվում են Լենինգրադյան փողոցը եւ Իսակովի պողոտան իրար միացնող ճանապարհի կարեւորագույն հանգույցներից մեկի` Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա հատված ասֆալտապատման աշխատանքները: Երթեւեկը Լենինգրադյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի այսօր առավոտյան: Այս թունելի շինարարությունը տեւեց ավելի քան 1 տարի եւ փետրվարին նախատեսվածի փոխարեն ավարտվեց հունիսին: Այս հատվածով է անցնում երեք վարչական շրջաններից` Աջափնյակից, Դավթաշենից եւ Մալաթիա-Սեբաստիայից դեպի մայրաքաղաքի կենտրոնական եւ այլ հատվածներ գնացող տրանսպորտային հոսքի հիմնական մասը: Շինարարության անհասկանալի ձգձգումները, որոնց անդրադարձել ենք մեր թերթում, այս ամբողջ ժամանակահատվածում բազմաթիվ անհարմարություններ եւ տհաճություններ պատճառեցին ամեն օր այդ հատվածով անցնող հազարավոր երեւանցիների: Հաղորդվում է նաեւ, որ ճանապարհն ամբողջությամբ ավարտելու դեպքում զգալիորեն կբեռնաթափվի Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Աթենքի փողոցի տրանսպորտային հոսքը: Ըստ քաղաքապետարանի հաղորդագրությանՙ ավարտման փուլում է նաեւ Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը, որտեղից սկիզբ է առնելու վերոնշյալ ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Այժմ ընթանում են կամրջի վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները: |