Orange-Ի ՀԵՏ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊՆ ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԿՈՒ ԳՅՈՒՂՈՒՄ Երեկ Orange-ը հայտարարեց Սյունիքի մարզի երկու գյուղումՙ Գեղանուշում եւ Գոմարանում իր ծառայությունների մեկնարկի մասին: Այս գյուղերի բնակիչների համար շարժական կապի տեխնոլոգիաներն առաջին անգամ են հասանելի դառնում: Թեեւ հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում զարգացած է, եւ ամենաժամանակակից տեխնոլոգիաները հասանելի են քաղաքների ու գյուղերի մեծ մասի բնակիչներին, այնուամենայնիվ Հայաստանում դեռ կան փոքրաթիվ գյուղեր, որոնց դեռեւս հասանելի չեն ոչ մի օպերատորի ծառայությունները: Երեկվանից սկսածՙ Orange-ի հետ Գեղանուշն ու Գոմարանը, որոնք ունեն համապատասխանաբար 280 եւ 76 բնակիչ, ունենա ոչ միայն ժամանակակից շարժական հեռախոսակապ, այլ նաեւ գերարագ ինտերնետ: «Երջանիկ եմ լինելով այստեղ եւ ազդարարել երկու կայանների աշխատանքի մեկնարկը, որոնք պիտի ապահովեն արագ կապն ինչպես գյուղի ներսում, այնպես էլ աշխարհի հետ: Շարժական հեռախոսակապը եւ ինտերնետը անկասկած փոփոխություններ են բերում մարդկանց ամենօրյա կյանքումՙ վերջիններիս հնարավորություն տալով մշտապես կապի մեջ լինել աշխարհի հետ, լինել ավելի տեղեկացված ու ավելի մոտ հեռվում բնակվող իրենց սիրելիների հետ: Կապի առկայությունը նվազեցնում է մայրաքաղաքում ու փոքր գյուղերում բնակվողների միջեւ տարբերությունները: Orange-ը հպարտ է լինելու այն օպերատորը, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը քաղաքներում, այլ նաեւ ստեղծում է այս հնարավորություններն այնպիսի գյուղերում, ինչպիսիք են Գեղանուշը ու Գոմարանը, որոնք որեւէ այլ օպերատորի կողմից կապ չեն ստանում», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը : Հիշեցնենք, որ իր ծառայությունների մեկնարկից հետո 4 տարուց էլ պակաս ժամկետում Orange-ի ծառայություններն այսօր հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին: Ընդ որումՙ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում Orange-ը կառուցել է մինչեւ 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթումՙ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց: Orange-ի քաղաքականությունն է, մշտապես հոգալով ցանցի տեխնիկական բարձր որակի մասին, շարունակել ընդլայնել իր ծառայությունների մատուցումը գյուղական համայքներումՙ ներառյալ այնպիսի բնակավայրեր, որոնք չեն գտնվում ոչ մի օպերատորի ծածկույթում, ինչպես Սյունիքի մարզի Դիցմայրի, Բնունիս եւ Լոռու մարզի Անտառամուտ ու Կաճաճկուտ գյուղերը: |